Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնադրությունը հակասում է օրենքներին

Սեպտեմբեր 27,2005 00:00

Կանոնադրությունը հակասում է օրենքներին Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2004-2005 թթ. շրջանավարտ Արմեն Պետրոսյանին թույլ չեն տալիս ընդունվել ԵՊՀ-ի մագիստրատուրա։ 2005-ի օգոստոսին նա դիմել է ԵՊՀ՝ մագիստրատուրայի համար փաստաթղթեր ներկայացնելու եւ, առանց որեւէ հիմնավորման, բանավոր մերժում է ստացել՝ թե ԵՊՀ մագիստրատուրա չեն կարող դիմել ոչ պետական բուհերի շրջանավարտները։ ԵՊՀ-ում մատնացույց են արել գիտխորհրդի 2005 թ. մարտի 31-ի նիստում հաստատված «ԵՊՀ մագիստրատուրայի 2005-2006 թթ. ուստարվա ընդունելության կանոնակարգը»։ Այստեղ ասվում է, որ «ԵՊՀ մագիստրատուրա կարող են ընդունվել ՀՀ պետական բուհերի շրջանավարտները», սակայն ոչինչ չկա այնտեղ դիմելու եւ մրցույթին մասնակցելու մասին, ինչը, ի դեպ, ՀՀ սահմանադրությամբ (հոդված 35, 3-րդ մաս) յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է։ Իսկ կանոնակարգի 5.2 ենթակետի 2-րդ մասում նշված է, որ «Իրավագիտություն մասնագիտությամբ մագիստրատուրա կարող են դիմել միայն իրավաբանական կրթություն ունեցողները»։ Հետեւաբար պարզ չէ, թե ի՞նչն է խանգարում մասնավորապես Ա. Պետրոսյանին՝ դիմել ԵՊՀ մագիստրատուրա։ Կենտրոնն այս հարցով դիմել է ԵՊՀ ռեկտորին՝ խնդրելով մատնանշել այն դրույթները, որով սահմանափակվում են ԵՊՀ մագիստրատուրա դիմելու իրավունքները, եւ արդյո՞ք կանոնակարգը համապատասխանեցվել է ՀՀ սահմանադրությանը, «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին։ Ի պատասխան նամակի՝ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հայտնել է, որ համաձայն «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 6-րդ գլխի 26-րդ հոդվածի 3-րդ մասի, մինչեւ 2010 թ. շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին։ Եվ որոշել է, որ Արմեն Պետրոսյանը Տնտեսաիրավագիտական համալսարանում ստացել է դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, ինչն էլ համարժեք է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրոսի կրթական աստիճանին։ Հետեւաբար անիմաստ է համարվել միեւնույն կրթական աստիճանի հայցումը, ու դիմումը մերժվել է։ Մենք պարզաբանում խնդրեցինք նաեւ ԿԳՆ մասնագիտական կրթության վարչությունից։ Վարչության պետ Ռուբեն Գասպարյանն այս առնչությամբ նշեց, որ սկզբունքորեն ոչինչ չի խոչընդոտում՝ ոչ պետական բուհից ԵՊՀ մագիստրատուրա դիմելուն, քանի որ ոչ պետականում տվյալ մասնագիտությունը հավատարմագրված է, հավաստված է պետության կողմից, ուրեմն եւ գտնվում է հավասար դաշտում։ Սա ըստ էության չի հերքում նաեւ ԵՊՀ-ն, սակայն վերջինս չի ուզում նկատել, որ դիմումատուն պարզապես բակալավր է, եւ ոչ՝ դիպլոմավորված մասնագետ։ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել