Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ

Սեպտեմբեր 27,2005 00:00

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ Հոկտեմբերին թեժ պայքար է սպասվում մարզերում Դիլիջան. Հոկտեմբերի 16-ին Տավուշի եւ Արմավիրի մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ պաշտոնին հավակնում է երկու թեկնածու՝ Դիլիջանի գործող քաղաքապետ Ժորա Սաղաբալյանը եւ անկուսակցական Արմեն Սանթրոսյանը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանց գրանցման վերջին ժամկետը երեկ էր: Հոկտեմբերի 16-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի նաեւ 55 այլ համայնքներում: Էջմիածին. Նույն օրը քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ են նշանակված նաեւ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է չորս թեկնածու. նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը՝ ՀՀԿ, անկուսակցականներ Գագիկ Ավագյանը (գեներալ Մանվելի թեկնածու), Սուսաննա Հարությունյանը, Ավետիք Դանղյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 41 թեկնածու: Արմավիր քաղաքում այս տարի տեղի կունենան միայն ավագանու ընտրություններ: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 42 թեկնածու: Հոկտեմբերի 16-ին համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի եւս 96 համայնքներում: Կապան. Հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ՝ Կապանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Գագիկ Աթաջանյանն ու գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը: Նախօրեին Կապանի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմում են ներկայացրել «ԱրմենՏելի» մարզային տնօրինության տնօրեն, անկուսակցական Սամվել Հայրյանը եւ ՀՀԿ անդամ, Կապանի Պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը: Սիսիան. Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, Սյունիքի մարզպետի խորհրդական, անկուսակցական Սամվել Թանգյանն իր գրանցումը մերժելու մասին թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր մարզի առաջին ատյանի դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել ԸԸՀ որոշումը: Թիվ 37 ԸԸՀ-ն Սամվել Թանգյանի գրանցումը մերժել է, քանի որ վերջինս հաշվառված է մայրաքաղաք Երեւանում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել