Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Սեպտեմբեր 27,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԷՎՈԼՅՈՒՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ Նաեւ այս երկընտրանքի պատասխանն են ԱՄՆ իշխանությունների տարբեր ներկայացուցիչները վերջին շրջանի հանդիպումների ընթացքում փորձում ստանալ հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչներից: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը օրերս բացահայտեց. «Միացյալ Նահանգները շուտով կհայտարարի որոշ նոր նախաձեռնությունների մասին, որոնց գլխավոր նպատակն է լինելու աջակցել Հայաստանում 2007 եւ 2008 թվականներին խորհրդարանական եւ նախագահական ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը»: Թերեւս այս նախաձեռնությունների շրջանակո՞ւմ է, որ միայն վերջին ամսում Հայաստան են այցելել ամերիկյան մի շարք պաշտոնյաներ, որոնց հանդիպումների մասին Միացյալ Նահանգների դեսպանատունը հանդես չի գալիս հաղորդագրություններով: Խոսքը մասնավորապես ԱՄՆ պետքարտուղարության Հայաստանի հարցերով զբաղվող մի տիկնոջ այցի մասին է: Իսկ մեկ այլ պատվիրակության հանդիպումների մասին սկզբում մամուլ էր սպրդել բավական խեղաթյուրված արտահոսք: Հրապարակվել էր, թե ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության մի խումբ աշխատակիցներ են հանդիպումներ ունեցել տարբեր կուսակցությունների առաջնորդների հետ եւ արծարծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Երբ փորձեցինք մանրամասներ պարզել այս հանդիպումների մասին՝ պարզեցինք, որ իրականում հայաստանյան ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Արամ Զ. Սարգսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ Վազգեն Մանուկյանը Միացյալ Նահանգների դեսպանատանը հանդիպել են ԱՄՆ-ի ազգային հետախուզության խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով ղեկավար Մարտին Շվարցի հետ: Հանդիպման մասնակիցներից մի քանիսից մեկնաբանություններ խնդրեցինք, թե ինչ հարցեր են հետաքրքրել ԱՄՆ-ի հետախուզության խորհուրդը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյային: Հանդիպումը տեւել էր բավականին երկար: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ քննարկել են ընդհանուր իրավիճակը. «Նրան հետաքրքրում էր, թե ի՞նչ զարգացման ուղիներ են տեսնում ընդդիմադիր քաղաքական գործիչները, ի՞նչ գործընթացներ կան Հայաստանում եւ տարածաշրջանում, որքանո՞վ են այս երկրները ժողովրդավար ու կայուն: Սա ավելի շատ ծանոթության հարց էր՝ ոչ թե որեւէ ծրագիր մշակելու»: Վազգեն Մանուկյանը մասնավորապես նշեց, որ կցկտուր խոսակցություն է եղել Սահմանադրության մասին: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ղեկավար Արամ Սարգսյանն էլ բացահայտեց, որ Մարտին Շվարցին առավել հետաքրքրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը. «Նա հնարավորություն տվեց, որ ընդդիմության բոլոր ներկայացուցիչներն առանձին-առանձին մանրամասն շարադրեն իրենց մոտեցումներն ու տեսակետները: ԱՄՆ-ի ազգային հետախուզության խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի գծով ղեկավարն ասաց, որ մինչ այժմ իրենք ավելի շատ ժամանակ են տրամադրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններին, բայց այսօր հասել է այն պահը, որ իրենց հետաքրքրում է նաեւ, թե ինչ է տեղի ունենում մնացած տեղերում: Եվ ավելի շատ հարցեր էր տալիս, քան ներկայացնում սեփական մոտեցումները: Իհարկե, մեզ էլ հնարավորություն ընձեռվեց հարցեր տալու: Սակայն այդ հարցուպատասխանները ենթակա չեն հրապարակման: Հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, եւ եթե մանրամասնելու խնդիր լիներ՝ դեսպանատունն ինքը կտարածեր հաղորդագրություն»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն այնուամենայնիվ մի մանրամասն ներկայացրեց Մարտին Շվարցի հետ հանդիպման մասին. «Նա մի հարց տվեց, եւ ամբողջ խոսակցությունը ծավալվեց դրա շուրջ՝ հեղափոխությո՞ւն, թե՞ էվոլյուցիոն զարգացում Հայաստանում: Հանդիպման բոլոր մասնակիցներն էլ հիմնավոր փաստեր բերեցին, թե Հայաստանում անհնարին է, որ էվոլյուցիոն փոփոխություններով մենք հասնենք արդյունքի»: Վիկտոր Դալլաքյանն իբրեւ փաստարկ մեջբերել էր ԱՄՆ Պետքարտուղարության 2004-ի զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածից. «Այս զեկույցում գրված է, որ Սահմանադրությունը ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հնարավորություն է տալիս ժողովրդին: Բայց գործնականում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխություն տեղի չի ունենում Հայաստանում, քանի որ կեղծվում են ընտրությունները: Ես ասացի, որ այս գնահատականը ցույց է տալիս, թե ըստ էության հնարավոր չէ ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել, ուստի պետք է գնալ հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: ԱՄՆ-ի ազգային հետախուզության խորհրդի ներկայացուցիչը չառարկեց իմ ասածին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել