Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմքը դրվեց»

Սեպտեմբեր 27,2005 00:00

«Հիմքը դրվեց» Այսպես որակեց երեկվա հավաքը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սահմանադրական բարեփոխումները բոյկոտող որոշում ընդունելուց հետո Մտավորականների ֆորումի ավագանին այդ գաղափարը համակրող կուսակցություններին համախմբելու նախաձեռնություն էր սկսել: Այսպես կոչված՝ որոշիչ հավաքը տեղի ունեցավ երեկ, «Երեւան» հյուրանոցում: Որոշիչ, որովհետեւ հրավիրյալ 21 կուսակցություններից 16-ի առաջին դեմքերը ներկա էին հանդիպմանը: Նրանցից էին Արամ Կարապետյանը, Արամ Զ. Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Գառնիկ Մարգարյանը, Արամ Գ. Սարգսյանը, Դավիթ Հակոբյանը, ՀԺԿ-ն ներկայացնում էր Ստեփան Զաքարյանը, Արշակ Սադոյանը, Հարություն Առաքելյանը եւ այլք: Ինչպես ներկայացվեց՝ տեխնիկական պատճառներով հանդիպմանը չէին մասնակցում Աշոտ Մանուչարյանը, ՀԿԿ, «Հզոր հայրենիք», ՍԴՀԿ ղեկավարները: Կոալիցիոն եւ իշխանական այն կուսակցություններին, որոնք մինչ օրս դրական են արտահայտվել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, բնականաբար, հրավերք չէր ուղարկվել: Հրավերք չէր ուղարկվել նաեւ Հայոց համազգային շարժում կուսակցությանը: Մտավորականները դեռ այս հարցում ի մի չեն եկել: Ֆորումի անդամ Ռաֆայել Ղազարյանը բազմիցս բավականին բացասական է արտահայտվել նախկին իշխանավորների եւ ՀՀՇ-ի մասին: Իսկ Խորեն Պալյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես հետաքրքրվեցի, ասացին՝ նպատակահարմար չենք գտել»: Մտավորականները տեղյակ են, որ ՀՀՇ-ն դեռ նախորդ հանրաքվեի ժամանակաշրջանից է բոյկոտում սահմանադրական փոփոխությունները, բայց՝ «դժվարանում եմ ասել, թե ինչու հրավերք չի ուղարկվել: Բայց իրենցից էլ է կախված, ավագանին չունի հատուկ բաներ: Ժողովուրդը մնում է ժողովուրդ, ամեն մարդ իր կարծիքն ունի»,- ասում է մեր զրուցակիցը: Պրն Պալյանը դժվարացավ նաեւ ասել, թե ինչ-որ պահից սկսած արդյոք հնարավո՞ր է համագործակցություն ՀՀՇ-ի հետ: Իբրեւ մասնավոր անձ՝ հանդիպմանը ներկա էր նաեւ ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը: Նա առայժմ հրաժարվեց տեսակետ արտահայտել: «Հիմքը դրվեց եւ շատ ազդեցիկ»,- հանդիպման ավարտից հետո կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Խորեն Պալյանի փոխանցմամբ, բոլոր ելույթ ունեցողները ողջունել են սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու գործընթացը եւ քաղաքական ուժերին համախմբելու մտավորականների նախաձեռնությունը: Արդյունքում միահամուռ որոշել են «ոչ» ասել սույն գործընթացին: Մարտավարությունը՝ բոյկոտե՞լ, թե՞ մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել, կորոշվի առաջիկա հինգշաբթի օրը կայանալիք հերթական հավաքի ժամանակ: Նախատեսվում է ստորագրել համընդհանուր հռչակագիր, որից հետո կստեղծվեն հանրապետական եւ մարզային միասնական շտաբներ, եւ այդ կերպ կիրականացվի համապատասխան քարոզչություն: «Ուրիշների նման մենք էլ կարող էինք լռել, մի կողմ քաշվել, բայց չեմ կարծում, որ այդ կրավորական կեցվածքը բարոյական է այս պահի համար: Ով ասելու բան ունի՝ պետք է ասվի: Ես եթե գիտեմ, որ 5-10-15 տարի հետո Հայաստանն ավելի վատ վիճակում է լինելու, այսօր արդեն ինձ չեմ կարող ներել: Եթե այսօրվա իմ ձայնը, պայքարը ինչ-որ բանով կնպաստի մեր ժողովրդի բարօրությանը, կպահպանի նրա բարոյական կերպարը՝ ես չեմ կարող լռել: Չեմ կարծում, որ ավելի իմաստուն են մարդիկ, ովքեր մեր աչքի առջեւ ժողովրդին հետընթաց ճանապարհով են տանում: Շենք շինելով չի, ժողովրդի մշակույթը եւ գիտակցությունն է պետք պահպանել, զարգացնել»,- կարծում է Խորեն Պալյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել