ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Սպանության տնտեսական եւ «նախընտրական» վարկածները Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Հարությունյան-Տոռոզյան փողոցների խաչմերուկում Նոր Հաճնի քաղաքապետ, 1966թ. ծնված Արմեն Քեշիշյանը իրեն ամրակցված «Վինկինգ» ՄՌ-446 արտադրության 9 մմ տրամաչափի 0244601675 սերիայի գործարանային զենքից 7 կրակոց էր արձակել «Էլեկտրական ցանցեր» ընկերության Արզնիի մասնաճյուղի տնօրեն, 1967թ. ծնված Աշոտ Մխիթարյանի վրա: Ա. Մխիթարյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Աբովյանի հիվանդանոց, որտեղ մոտ կես ժամ անց նա մահացել էր: Քաղաքապետը կալանավորված է, փաստի առիթով հարուցված է քրգործ, որը վարում է Կոտայքի մարզի դատախազությունը: Ի դեպ, մեր տեղեկություններով այն զենքը, որի օգտագործմամբ սպանություն է կատարվել, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անձնական նվերն է եղել քաղաքապետ Ա. Քեշիշյանին: Երեկ այս փաստը հաստատեց նաեւ ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մերի Հարությունյանը: Կատարվածի շուրջ երկու հիմնական վարկած կա, որոնցից մեկը հրապարակել է Եղվարդի դատախազի օգնական Ալբերտ Մկրտչյանը՝ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Ըստ այդմ, քաղաքապետը՝ մի քանի այլ աշխատակիցների հետ, ցանկացել է կանգնեցնել Ա. Մխիթարյանի սկսած ապօրինի շինարարությունը: Արդյունքում նրանց միջեւ վեճ է սկսվել, եւ քաղաքապետը ատրճանակով սպանել է Ա. Մխիթարյանին: Դատախազի օգնականը նաեւ փոխանցել էր, թե դեպքի մյուս մանրամասները պարզելու նպատակով այժմ քննություն է ընթանում: Շրջանառվող մյուս վարկածով սպանողի եւ սպանվողի միջեւ ծագած վեճը «նախընտրական» ենթատեքստ է ունեցել: Բանն այն է, որ հոկտեմբերի 9-ին Նոր Հաճնում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Իրենց թեկնածությունն են առաջադրել գործող քաղաքապետ Արմեն Քեշիշյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հիմնադրած ԺԱԿ կուսակցության անդամ Բաբկեն Մարգարյանը: Մեր տեղեկություններով, սպանված Աշոտ Մխիթարյանը եւս ցանկություն է ունեցել առաջադրվել, բայց նրան, մեղմ ասած, հորդորել են չառաջադրվել: Ա. Մխիթարյանը ստիպված էր եղել չառաջադրվել, բայց իր հնարավորությունների սահմաններում եւ իր լծակների շրջանակներում աջակցություն էր ցուցաբերել քաղաքապետի մրցակից Բ. Մարգարյանին, ինչն էլ, իբր, քաղաքապետի հետ ունեցած ճակատագրական դարձած վեճի պատճառ էր դարձել: Ի դեպ, այս վարկածն անուղղակիորեն կարծես հաստատել է նաեւ Եղվարդի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գնել Ղալումյանը՝ դարձյալ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Նրա ասելով, սպանված Ա. Մխիթարյանը եւս ցանկություն է ունեցել առաջադրել իր թեկնածությունը սպասվող ընտրություններում, սակայն վերջում փոշմանել է: Ըստ ԸԸՀ նախագահի, այդ դեպքում Արմեն Քեշիշյանը՝ ի դեմս սպանվողի, լուրջ մրցակից կարող էր ունենալ, եւ «նրանց միջեւ տարաձայնությունները հենց այդ ժամանակից են սկսվել»: Սակայն այլ աղբյուրներ ասում են, որ սպանված Ա. Մխիթարյանի եւ սպանության մեջ մեղադրվող քաղաքապետ Արմեն Քեշիշյանի միջեւ ընտրություններից դեռ շատ առաջ էր «սեւ կատու» անցել: Նորհաճնցիներից մեկի ասելով՝ նրանք ժամանակին մանկության, դպրոցական ընկերներ են եղել: Ավելին, ըստ քաղաքի բնակիչների, երեք տարի առաջ Ա. Քեշիշյանը քաղաքապետ էր ընտրվել հենց Ա. Մխիթարյանի օգնությամբ։ Ի դեպ, վերջինիս 1990-ականներին մեղադրում էին համաքաղաքացիներից մեկի սպանության մեջ, բայց դա, կարծես թե, չէր ապացուցվել։ Ա. Քեշիշյանի (ՀՀԿ անդամ դառնալուց հետո) եւ Ա. Մխիթարյանի հարաբերություններն աստիճանաբար սրվել էին, եւ արդեն այս ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ էլցանցի պետին թույլ չէին տվել իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի պաշտոնում, նա սկսել էր քաղաքի բնակիչների ներկայությամբ ծաղրուծանակի ենթարկել քաղաքապետին։ Այլ տեղեկություններով, նա պարզապես քննադատում էր քաղաքապետին վատ աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է Նոր Հաճնում քաղաքապետի առաջիկա ընտրություններին, ապա «Ընտրական օրենսգրքով», գործող քաղաքապետ Ա. Քեշիշյանը կարող է մասնակցել ընտրապայքարին՝ քանի դեռ նրա նկատմամբ դատական վճիռ չի կայացվել: Ն. Մ.Անկախ այդ բոլոր վարկածներից՝ տեղի է ունեցել սպանություն, եւ մարդասպանը, ինչպիսի շարժառիթներով էլ ղեկավարված լիներ, պետք է կրի իր պատիժը։