Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԻԱՍՊՈՐՏԸ ՀՀ-ՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ

Սեպտեմբեր 27,2005 00:00

Մի
քանի օր Հայաստանում էր Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի զարգացման գործակալության
աշխատակից իռլանդուհի Սյուզան Մակքենը: Սյուզան Մակքենը ոչ միայն ներկա եղավ
Անկախության օրվան նվիրված մարզաձեւի առաջին ազգային շոու-մրցույթին, այլեւ անհատական
մարզումներ անցկացնելով՝ հայ մարզիկներին նախապատրաստեց մեկնարկներին, ինչպես նաեւ
ծանոթացավ Հայաստանում ձիասպորտի ընդհանուր դրվածքին: Հրաժեշտից առաջ տիկին
Սյուզանը Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հետ «Արարատ»
հյուրանոցում հանդիպեց լրագրողներին ու պատմեց տպավորությունների մասին: Հայրապետ
Հայրապետյանը տեղեկացրեց, որ միջազգային ֆեդերացիայի հետ պայմանավորվածություններ
են ձեռք բերվել եկող տարվանից տարբեր ոլորտներում ավելի սերտ համագործակցություն
հաստատելու շուրջ, որի առաջին նշանակալի արդյունքը կլինի 2006-ին միջազգային ֆեդերացիայի
հովանու ներքո կրկին Անկախության օրը կազմակերպվելիք միջազգային մրցաշարը, որն ունենալու
է «Ազգերի գավաթ» անվանումը եւ որին տրվելու է օլիմպիական վարկանիշային մրցաշարի
կարգավիճակ: «Իմ այցելության նպատակը Հայաստանում ձիասպորտի զարգացումը խթանելն
է,- ասաց Սյուզան Մակքենը:- Կարծում եմ՝ այն Հայաստանում մեծ ապագա ունի: Սակայն
այդ ճանապարհին անելիքներ դեռ շատ ունեք՝ կազմակերպչական աշխատանքները ճիշտ կազմակերպելու,
մարզումային մեթոդներն ավելի ժամանակակից դարձնելու, նյութատեխնիկական բազան արդիականացնելու
ուղղությամբ: Ձեր ֆեդերացիայի նախագահի հետ պայմանավորվել ենք նորացնել ձիարշավարանում
եղած արգելքները, բարձրորակ մասնագետներ գործուղել Հայաստան, ձեր մարզիկ-մարզիչներին
վերաորակավորման հրավիրել արտասահման: Ես, բացի ձիասպորտի կենտրոնից, այցելել եմ
երկու ակումբ եւ տպավորված եմ մարզիչների պրոֆեսիոնալիզմով: Պրոֆեսիոնալիզմը ձիասպորտում
առավել կարեւոր հատկանիշ է»: Հ. Հայրապետյանը կարեւորեց տեղում որակյալ կադրերի
աճեցումը, որի համար համբերություն ու ժամանակ է հարկավոր: «Մենք ինքներս էլ գիտակցում
ենք, որ մեր աշխատանքներում թերություններ կան, դրա համար էլ միջազգային ֆեդերացիայից
մասնագետ ենք հրավիրել: Հայաստանը ձիասպորտում շատ լուրջ նվաճումներ չի ունեցել անգամ
խորհրդային տարիներին: Այժմ էլ մեզանում բարձրակարգ մարզիկները շատ չեն: Հիմա ձիասպորտի
կենտրոնում մարզաձեւի նրբությունները յուրացնում է արդեն 53 երեխա: Նպատակն այդ թիվը
տարեցտարի ավելացնելն է հատկապես աղջիկների ու կանանց շրջանում: Ձիասպորտն էականորեն
տարբերվում է մյուս մարզաձեւերից: Այստեղ մրցմանը մասնակցում է թիմ, թե նժույգավարը,
թե նժույգը: Եվ թե ինչքա՞ն միասնական կլինեն նրանք, ինչքա՞ն կհասկանան միմյանց, դրանից
է կախված հաջողությունը: Ձեզ՝ լրագրողներիդ էլ եմ հորդորում մի քիչ համբերել, բայց
նաեւ ձեր աշխատանքում ավելի շատ տեղ հատկացրեք մեր մարզաձեւին»: Ասուլիսից
հետո «Առավոտը» առանձին զրուցեց Սյուզան Մակքենի հետ ու բավականին հետաքրքիր մանրամասներ
իմացավ: Նրա ամուսինն ու որդին ձիասպորտի աշխարհում բավականին ճանաչված մարզիկներ
են, իսկ ինքը միջազգային որակավորման մարզիչ է: Սակայն սիրում եւ զբաղվում է նաեւ
ֆուտբոլով ու բռնցքամարտով: Ափսոսանք հայտնեց, որ զբաղվածության պատճառով չի կարողացել
այստեղ ֆուտբոլային որեւէ հանդիպման ներկա գտնվել: Հայաստանով, հայերով, այստեղի
մրգեղենի համով հիացած է: Նրա խոսքերով՝ Հայաստանն ու Իռլանդիան շատ են նման: Համոզված
է, որ Հայաստանում զբոսաշրջությունը մեծ հեռանկար կարող է ունենալ: Խոստացավ, որ
հաջորդ այցին կաշխատի հետն իռլանդացիների խումբ բերել: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել