Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարվեստի դպրոց՝ էնտուզիաստների ջանքերով

Սեպտեմբեր 27,2005 00:00

Սիսիանի գեղարվեստի դպրոցը Սյունիքի
մարզում լավագույններից է: Ամեն տարի այս դպրոցից մեկ տասնյակից ավելի սաներ բարեհաջող
ընդունվում են արվեստի ուսումնական հաստատություններ: Սա մարզային դպրոցների
համար գերազանց արդյունք է: Սիսիանի գեղարվեստի դպրոցը Սյունիքում միակն է, որը հանդիպելով
բազմաթիվ խոչընդոտների՝ չի ընկրկել։ Եղել է մի շրջան, երբ այն ամենաքիչն է վարձատրվել
հանրապետությունում: «Ուսուցիչներն իրենց սոցիալական հարցերը լուծում են աշխատանքային
պլանից դուրս՝ մեկը նկարներ է վաճառում, մյուսը՝ նորոգման աշխատանքներ կատարում:
Դպրոցում աշխատավարձը ծիծաղելի է, սակայն նրանք երբեք չեն զլանում իրենց բարի գործը
կատարել»,- ասում է դպրոցի տնօրեն Հրահատ Հակոբջանյանը: Աշակերտները ձմռան ցրտերին
դասերին հաճախ նստում են վերարկուներով, բայց չեն բացակայում: Հասմիկ Սիմոնյանը
6 տարի հաճախում է դպրոց՝ չնայած ապրում է հեռավոր գյուղում, որտեղից Սիսիան փոխադրամիջոց
չկա։ Գրիգոր Հարությունյանի համար ներշնչանքի աղբյուր է եղել պապը, որի շնորհիվ նախ
սովորել է գեղարվեստի դպրոցում, ապա մասնագիտական գիտելիքների հարուստ պաշարով ուսումը
շարունակել Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Հասմիկ Սահակյանը անչափ
գոհ է, նրա համար 5 տարին քիչ չէ նկարելու, գոբելեն ու հելունագործություն սովորելու
համար։ Սիսիանի գեղարվեստի դպրոցը ստեղծվել է 1969-ին՝ Լենինգրադի գեղարվեստի
ակադեմիայի շրջանավարտ, ՀՀ վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի ջանքերով։ Դպրոցն
իր գործունեությունը սկսել է երկու սենյակում, կիսաավեր մի շենքում, որտեղ եղել են
ընդամենը 10 աշակերտ եւ մեկ ուսուցիչ։ Զախար Խաչատրյանն արդեն 80 տարեկան
է, սակայն ամեն տարի այցելում է իր հիմնադրած դպրոցը: Սոցիալապես անապահով երեխաներին
տրամադրում է ներկեր, վճարում ուսման վարձի պարտքերը։ Գեղարվեստի դպրոցի սաներից
մեկն էլ պատմեց, որ բժիշկ Սամվել Բաղդասարյանը վերջերս մեծ քանակությամբ թուղթ է
նվիրել դպրոցին: Դպրոցը կարողանում է թղթով ապահովել միայն առաջին դասարանցիներին,
իսկ մյուսները այն ձեռք են բերում իրենց սեփական ուժերով։ Անցյալ տարի դպրոցը գազիֆիկացվեց:
Ամեն տարի դպրոցում լինում են հաշվետու ցուցահանդեսներ, որտեղ տեղ են գտնում տարվա
լավագույն աշխատանքները՝ նկարներ, ձեռագործներ, քանդակներ, գոբելեններ: Դպրոցը
ֆինանսավորվում է Սիսիանի համայնքային բյուջեից, սակայն այդ գումարներով հնարավոր
չէ վճարել նույնիսկ ուսուցիչների 10-13 հազար դրամ աշխատավարձը: Դպրոցի ծախսերը հիմնականում
լուծվում են երեխաների ամսական վարձերի շնորհիվ, որոնք նույնպես մեծ գումարներ չեն։
ՄՈՄԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆՀ. Գ. Պետությունն ասում
է՝ մի քանի տասնյակ գեղարվեստի դպրոց ունենք, ու վերջակետ է դնում: Բայց այնպես է
ասում, որ յուրաքանչյուր դպրոց կմտածի, թե պետությունը մյուսների համար երկնային
արքայություն է ստեղծում: Իսկ գործ անողները՝ այդ դպրոցներում գրոշներով դասավանդողները
երբեք չեն ասում, թե բարի գործ ենք անում, որովհետեւ այդպիսի մարդիկ գործի մասին
խոսել չեն սիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել