Հոկտեմբերին
թեժ պայքար է սպասվում մարզերում Դիլիջան. Հոկտեմբերի 16-ին Տավուշի եւ Արմավիրի
մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Մասնավորապես Տավուշի մարզի Դիլիջան
քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Այդ պաշտոնին հավակնում է
երկու թեկնածու՝ Դիլիջանի գործող քաղաքապետ Ժորա Սաղաբալյանը եւ անկուսակցական Արմեն
Սանթրոսյանը: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում նրանց գրանցման վերջին ժամկետը
երեկ էր: Հոկտեմբերի 16-ին համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ
կանցկացվեն Տավուշի մարզի նաեւ 55 այլ համայնքներում: Էջմիածին. Նույն օրը
քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ են նշանակված նաեւ Արմավիրի մարզի Էջմիածին
քաղաքում: Քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է չորս թեկնածու. նախկին քաղաքապետ Երվանդ
Աղվանյանը՝ ՀՀԿ, անկուսակցականներ Գագիկ Ավագյանը (գեներալ Մանվելի թեկնածու), Սուսաննա
Հարությունյանը, Ավետիք Դանղյանը: Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 41
թեկնածու: Արմավիր քաղաքում այս տարի տեղի կունենան միայն ավագանու ընտրություններ:
Ավագանու անդամի 15 տեղի համար առաջադրվել է 42 թեկնածու: Հոկտեմբերի 16-ին
համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի
եւս 96 համայնքներում: Կապան. Հոկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում
Կապանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածուներ՝ Կապանի նախկին քաղաքապետ,
անկուսակցական Գագիկ Աթաջանյանն ու գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը:
Նախօրեին Կապանի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին
դիմում են ներկայացրել «ԱրմենՏելի» մարզային տնօրինության տնօրեն, անկուսակցական
Սամվել Հայրյանը եւ ՀՀԿ անդամ, Կապանի Պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը:
Սիսիան. Սիսիանի քաղաքապետի ընտրություններում առաջադրված թեկնածու, Սյունիքի
մարզպետի խորհրդական, անկուսակցական Սամվել Թանգյանն իր գրանցումը մերժելու մասին
թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկել էր մարզի առաջին
ատյանի դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել ԸԸՀ որոշումը: Թիվ 37 ԸԸՀ-ն Սամվել
Թանգյանի գրանցումը մերժել է, քանի որ վերջինս հաշվառված է մայրաքաղաք Երեւանում:
Ն. Մ.