Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» վերջին «թյուրիմացությունները»

Սեպտեմբեր 27,2005 00:00

Լիցքավորման նոր քարտերը չեն լիցքավորում

Արդեն մի քանի օր է՝ ինչ «ԱրմենՏելի» սպասարկման կետերում եւ խանութներում վաճառվում են նոր, վառվռուն գույներով «Իզիի» 5000 դրամանոց վերալիցքավորման քարտեր: Բայց երբ բաժանորդը փորձում է դասական տարբերակով՝ ձայնային ազդանշաններին հետեւելով մուտքագրել 12 նիշանոց ծածկագիրը, հաշիվը մնում է անփոփոխ: Երբեմն էլ ինքնապատասխանիչն է «մեջ ընկնում»՝ թե ձեր հավաքած համարը գոյություն չունի: Նման դեպքերում բաժանորդները բնականաբար փորձում են կապվել բաժանորդային բաժնի հետ, բայց «ԱրմենՏելի» պարագայում դա գրեթե անհնար է, քանի որ կա՛մ վերցնող չկա, կա՛մ զբաղված է ցույց տալիս:

Եվ հետո, բաժանորդային բաժինն առանձնապես տեղեկացված չէ ընկերության գործերից: Բաժնի աշխատակիցները տեղյակ չէին անգամ «ԱրմենՏելի» նոր վերալիցքավորման քարտերի գոյության մասին՝ «ինչի՞, ըտենց քարտ էլ կա՞»: Այստեղից բաժանորդներին մնում էր եզրակացնել, թե քարտերը կեղծված են, սակայն «ԱրմենՏելի» լրատվականից «Առավոտին» տեղեկացրին, որ ընկերությունն իրոք նման քարտեր թողարկել է: Ընդ որում, «արմենտելցիների» պարզաբանմամբ մարդկանց դժգոհությունը տեղին է՝ «մի քանի հարյուր քարտ «թյուրիմացաբար» առանց ակտիվացնելու տրվել են դիլլերներին»: Աշխատակիցները հարցին շատ թեթեւ են նայում. փաստորեն՝ քարտի «զոհերի» համար դեռ ամեն ինչ կորած չէ. «Թող գան բաժանորդային բաժին՝ քարտը կակտիվացնենք, եւ հաշիվը կավելանա»: Մեր հարցին, թե բաժանորդներին այսքան չարչարելուց հետո որեւէ փոխհատուցում տալո՞ւ են, ընկերության աշխատակիցները նույնիսկ զարմացան՝ «բայց ինչի՞ համար»: Մինչդեռ նման դեպքերում քաղաքակիրթ բոլոր երկրների օպերատորները տուժած բաժանորդներից ոչ միայն սիմվոլիկ գումարով, այլեւ անհատական հաղորդագրությամբ են ներողություն խնդրում:

Ի դեպ, վերջերս «Իզիից» արտերկիր եւ «ՎիվաՍելլի» քարտերին հաղորդագրություն ուղարկելն անհնար է. եթե առաջ այն տեղ էր հասնում գոնե 24 ժամ անց, հիմա ընդհանրապես չի հասնում: Այս առնչությամբ մեր հարցին «ԱրմենՏելի» բաժանորդային բաժնից պատասխանեցին, որ «մեղքը մերն է, գծերը ծանրաբեռնված են»: Բայց «մեղքից» իր «ախպերափայը» վերցրեց նաեւ «ՎիվաՍելլը»: Վերջինիս աշխատակիցների պարզաբանմամբ՝ «եթե խնդիր կա՝ բոլորինս է»:

Ի դեպ, 15-20 օր առաջ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին «ԱրմենՏելը» խոստացել էր, որ սեպտեմբերի 15-ից կապի որակը կլավանա, ինչը չեղավ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ այդ ժամկետը երկարացրել է մինչեւ տարեվերջ՝ հայտնելով, թե մինչեւ Նոր տարի «որակը նշանակալիորեն կբարելավվի»:

Մինչ այդ՝ «ԱրմենՏելը» պատրաստում է հերթական «սյուրպրիզը»՝ «Իզիի» վերալիցքավորման 2500 դրամանոց նոր քարտերը, սակայն դժվար է ասել, թե դրանց մեջ թյուրիմացաբար թողարկվածներ կլինե՞ն, թե՞ չէ:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել