ՀԺԿ-ն
ցույց տվեց իր կազմակերպչական թուլությունը Անցյալ կիրակի՝ սեպտեմբերի 25-ին,
Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում տեղի ունեցան թաղապետերի եւ ավագանիների
ընտրություններ: Երեկ ՀՀ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, Երեւանի Կենտրոն համայնքի
գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը մեծ առավելությամբ հաղթել է իր միակ մրցակից, «Արդարություն»
դաշինքի եւ ՀԺԿ մամլո խոսնակ Ռուզան Խաչատուրյանին: Համայնքի 91289 ընտրողից ընտրություններին
մասնակցել է 37799 մարդ, որոնցից 32486-ը քվեարկել է Գ. Բեգլարյանի եւ միայն 4430-ը՝
Ռ. Խաչատուրյանի օգտին: Այս համայնքում ընտրությունները սպասարկող թիվ 9 ընտրատարածքային
հանձնաժողովում ստացվել է ընդամենը 4 դիմում-բողոք: Դրանցից մեկը ներկայացրել է թիվ
9/15 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված
Անահիտ Գասպարյանը, երկրորդը՝ թիվ 3/36 տեղամասում գրանցված Ռ. Խաչատուրյանի վստահված
անձ Անահիտ Զավարյանը, մյուս երկու դիմում-բողոքները ներկայացրել էր թեկնածու Ռ.
Խաչատուրյանը՝ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին եւ թիվ 9 ԸԸՀ նախագահ Եղիշ Տերտերյանին:
Ի դեպ, երկուսն էլ իրավաբանական տեսանկյունից՝ ոչ գրագետ ձեւակերպումներով: Սրանք
պաշտոնական տվյալներն են, եւ զարմանալին այն է, որ Ռ. Խաչատուրյանի նախընտրական շտաբում
ընտրությունների ընթացքում ընտրախախտումների մասին ահազանգերն ավելին էին, քան հիշյալ
4 բողոքները, բայց դրանց վերաբերյալ այդպես էլ բողոքներ չէին ներկայացվել: Պատճառն,
ըստ ամենայնի, թեկնածուի շտաբում ընտրությունների օրը տիրող խիստ անկազմակերպ վիճակն
էր: Եվ սա դեռ ընդամենը 52 տեղամաս ունեցող Կենտրոն համայնքում էր: Թե ինչպե՞ս է
ՀԺԿ-ն առաջիկայում պատրաստվում վերահսկել սահմանադրական հանրաքվեն՝ մնում է միայն
ենթադրել: Քվեարկության օրը եղավ մի պահ, երբ անկառավարելի իրավիճակ էր ստեղծվել,
եւ շատ տեղամասերում Ռ. Խաչատուրյանը ոչ մի վստահված անձ չուներ, իսկ եղածներն էլ,
ըստ որոշ տեղեկությունների, կամ աշխատում էին մրցակցի օգտին, կամ նրանց ճնշման տակ
հեռացվել էին տեղամասերից: Ի դեպ, նախընտրական շտաբում ժամանակ առ ժամանակ ակնարկներ
էին հնչում նաեւ, որ «Արդարություն» դաշինքի կողմից նշանակված առանձին հանձնաժողովի
անդամներ եւս աշխատում են գործող թաղապետ Գ. Բեգլարյանի օգտին: Ռ. Խաչատուրյանի նախընտրական
շտաբում բողոքներ էին ստացվում, թե բոլոր տեղամասային հանձնաժողովներում գրանցամատյանները,
որտեղ սահմանված կարգով խախտումների, արձանագրությունների մասին գրառումներ պետք
է կատարվեին, «Արդարության» հանձնաժողովականներին ուղղակի «չորով» չեն տրվել: Բաց
քվեարկության երկու դեպք մեր թղթակցի աչքի առաջ տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանի
շենքում տեղակայված թիվ 9/36 տեղամասում: Արձանագրություն, բնականաբար, չկազմեցին,
միայն հանձնաժողովի անդամներից մեկն ու նախագահ Քնարիկ Աղվամազյանը ձեւ արեցին, թե
բողոքում են՝ «ի՞նչ անենք, ընտրողներին չենք կարողանում բացատրել, որ քվեաթերթիկը
ծալած տան կնքելու»: Իհարկե, մեր տեսած երկու դեպքերում էլ երկտակ ծալված քվեաթերթիկը
կնքող հանձնաժողովականը բացում, նայում էր եւ նոր միայն կնքում: Ահազանգ էր
ստացվել թիվ 9/34 տեղամասից՝ Խուլուհամրերի մշակույթի տուն: Այստեղ ոմն Ռուբեն Սարուխանյան
համապատասխան գրությամբ ներկայացել էր որպես Ռ. Խաչատուրյանի վստահված անձ՝ այն դեպքում,
երբ նրա անունը այս թեկնածուն չէր էլ ներկայացրել: Ահազանգը ստանալուց հետո տեղում
եղան շտաբի ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանը: Նույնիսկ
նրանց չէր հաջողվել ինքնակոչին տեղամասից դուրս բերել: Ի դեպ, այս, ինչպես նաեւ շատ
այլ տեղամասերի առջեւ կանգնած էին մի քանի, մասնավորապես նաեւ՝ 81 համարի երթուղային
տաքսիներ, որոնցով ընտրողներ էր մատակարարվում տեղամասերին: Թիվ 9/15 տեղամասում,
որը գտնվում էր Ձերժինսկու անվան դպրոցում, հանձնաժողովի՝ «Արդարություն» դաշինքի
կողմից նշանակված անդամ Անահիտ Գասպարյանն էր օրվա կեսին սրտի տագնապից հետո լքել
տեղամասն ու արդեն շտաբում հոնգուր-հոնգուր լաց էր լինում. «Այսքան անօրինականություն
անհնար էր տանել. բաց քվեարկություններ էին անում, նույն մարդիկ մի քանի անգամ ցինիկ
ժպիտը դեմքներին ինձ նայելով գալիս, քվեարկում էին, շատերը քվեարկում էին ուրիշի
անձնագրերով, ինձ թույլ չէր տրվում ոչ միայն այդ մարդկանց անձնագրերը ստուգել, այլեւ,
որպես խախտում, դրանք գրանցամատյանում արձանագրել: Ես չէի կարող մնալ այնտեղ»: Երեկ
արդեն ընտրատեղամասերը փակվելուց հետո թեկնածու Ռ. Խաչատուրյանն ասուլիս էր հրավիրել,
որտեղ հայտարարեց, թե ընտրություններն ազատ ու արդար անվանել, նույնիսկ ցանկության
դեպքում, չի կարելի: Ռ. Խաչատուրյանը կիրակի օրը մեջբերեց ԿԸՀ նախագահ Գ. Ազարյանի
եւ թիվ 9 ԸԸՀ նախագահ Եղիշ Տերտերյանի՝ տեղամասային հանձնաժողովականներին իջեցրած
ներքին հրահանգը, ըստ որի՝ բացի ընտրացուցակի հետ աշխատող եւ քվեաթերթիկը կնքող հանձնաժողովականներից,
որեւէ այլ անդամ իրավունք չունի ստուգելու ընտրության եկած քաղաքացու անձնագիրը:
Թե ո՞ր օրենքով՝ անհայտ է մնում: Պատճառաբանությունները զուտ աշխատանքային են՝ ով
հասնի՝ հո անձնագիր չի՞ ստուգելու: Չորս տեղամասերի դեպքում խախտվել էր «Ընտրական
օրենսգրքի» հոդ. 15.6-ի պահանջը՝ ընտրական տեղամասերում կարող են ընդգրկված լինել
ոչ ավել, քան 2000 ընտրող: Օրինակ, 9/1 տեղամասի ընտրացուցակներում ընդգրկվել էին
2400, թիվ 9/3 տեղամասում՝ 2170, թիվ 9/6-ում՝ 2338, 9/15-ում՝ 2145 ընտրողներ: ԸԸՀ-ին
ներկայացված 4 դիմում-բողոքներից եւ ոչ մեկով թեկնածու Ռ. Խաչատուրյանը տեղամասերի
արդյունքների վերահաշվարկ կամ առավել եւս՝ ընտրությունները չեղյալ համարելու պահանջ
չէր ներկայացրել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ