Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլուխ

Սեպտեմբեր 24,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին ՄԻՋԱՆՑԻԿ ԺԱՄԱՆԱԿ Ես մանրից ինձ տրամադրում եմ նոր վեպ սկսել, ավելի ճիշտ՝ տրամադրվում եմ սկսել նույն վեպիս երկրորդ հատորը, իսկ ավելի ճիշտ՝ ընթացքում ձեզ հետ միասին կպարզեմ՝ էս գրելիքս նախորդի ժամանակային ու տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե՝ միանգամայն նոր ու այլ վեպ, որը նախորդիս ոչ միայն ժամանակային շարունակությունն է հանդիսանալու, այլեւ՝ միանգամայն տրամաբանական շարունակությունը, այսինքն, ուզում եմ ասել, որ երկու դեպքում էլ նույն հարցերն ու նույն խնդիրներն են առաջանալու, եւ երկու դեպքում էլ նույն հարցերն ու նույն խնդիրներն եմ առաջացնելու, եւ սա գրողի համար ամենաանհարմար պահն է, այսինքն՝ այն պահն է, երբ գրողն ավարտելով իր մի գրվածքը՝ սկսում է հաջորդը, եւ սա, փաստորեն, անխտիր բոլոր գրողներին պարտադրված հերթագայություն ու ընթացք է, այսինքն՝ բոլոր գրողներին պարտադրված համընդհանուր դժբախտություն ու միանգամայն անբնական վիճակ, էնքան անբնական, որքան որ միեւնույն գրողի երկու գրվածքներն են իրարից անբնականորեն տարբեր եւ նույնիսկ հակասական, եւ եթե էս հանգամանքը հնարավոր է եւ կարելի է բացատրել նրանով, որ մարդ արարածն ի՛նքն է իր կյանքի տարբեր փուլերում իրենից տարբեր, ապա դժվար է հասկանալ, թե ո՞վ է այսինչ կամ այնինչ գրողին արգելում իր թեկուզեւ հակասական ու բազմափուլ կյանքը ներառել ընդամենը մի վեպում կամ, որ իմ դեպքում է ցանկալի ու հնարավոր, բազմահատոր մի վեպում, եւ եթե մյուս գրողները դա չեն արել, բավարար պայման չէ՝ որ դու էլ չանես, մանավանդ որ՝ ժանրիդ հնարավորություններն էդ առումով անսահմանափակ են, եւ եթե նկարիչը զուտ տեխնիկական պատճառներով հնարավորություն չունի ձգել իր կյանքի տեւողությանը համահավասար մի կտավ ու վրան իր ողջ կյանքը նկարել, եւ եթե երաժիշտն էլ նույն պատճառներով էդ անհնարինությունն ունի, ապա գրողի թուղթն ու գրիչն անսպառ ու անվերջ են, ու համակարգչով գրողի պարագայում էլ հնարավորությունը նույնն է, եթե, իհարկե, համակարգչով գրողը ժամանակ առ ժամանակ չմոռանա սեյվ անել, եւ էս ամենը նպատակահարմար է հատկապես իմ դեպքում, որովհետեւ բանակիցս հետո Երեւանում կյանքը շարունակվում էր, ընդ որում՝ հենց իր բնականոն հունով էր շարունակվում, եւ եթե բանակիցս հետո կյանքիս բովանդակությունն ու իմաստը կտրուկ փոխվեցին, դա դեռ չի նշանակում, թե իմ վերադառնալով՝ ընկերներիս ու ժամանակակիցներիս կյանքի իմաստն ու ընթացքն էլ կտրուկ փոխվեցին, եւ, բնականաբար, ընկերներս ու բոլորը շարունակում էին ապրել այնպես, ինչպես նախքան բանակից վերադառնալս էին ապրել, այսինքն՝ էստեղի կյանքին իմ գումարվելն ու ավելանալն իրենց կյանքի բնույթն ու ընթացքը չէին փոխում, ու եթե փոխում էլ էին՝ մասամբ միայն, այսինքն էնքանով, որքանով էսօր էս վեպս կարող է ձեր կյանքի ընթացքը փոխել դեպի լավը կամ, թեկուզ, դեպի վատը, եւ բանակիցս հետո ընդամենն ի՛մ կյանքն էր փոխվել եւ կյանքս փոխվել էր հիմնականում նորանոր մարդկանց շնորհիվ, եւ էդ նորանորներից ու ամենահետաքրքիրներից բնավ ո՛չ ամենավերջինը, թերեւս, Վազգեն Ամարյանն էր: Յոթանասունվեց թվի ապրիլի տասնութին, երբ առաջին անգամ Գրողների տուն մտա, Վազգենն արդեն հեղինակություն էր: Ամարյան Վազգենն, իհարկե, հեղինակություն էր ներքեւում՝ Գրողների տան նկուղի? ընդարձակ ճաշարանում, իսկ վերեւի հարկերում ու ընդհանրապես հեղինակությունը Վարդգես Պետրոսյանն էր, որովհետեւ Համազասպովիչը, ամեն ինչից բացի, նաեւ Կարեն Սերոբիչի քիփն էր, եւ, փաստորեն, մանավանդ էդ տարիներին ու մանավանդ Հայաստանում գրող լինելն Էմվեդեի աշխատող լինելուն հավասար բան էր, եւ գրողների շրջանում հեղինակությունները չափազանց շատ էին, ու յոթանասունվեց թվականի ապրիլի տասնութն իմ կյանքում նշանավորվեց նրանով, որ էդ օրը ես միանգամից մի քանի հեղինակությունների հետ ծանոթացա: Արդեն հինգերորդ ամիսն էր, որ բանակից? վերադարձել էի ու լիուլի վայելում էի ազատությունս, եւ քանի որ բանակում, ուր նկարիչ էի աշխատում, պարապությունից ահագին ոտանավորներ էի գրել, էստեղ նույնպես իներցիայով շարունակում էի գրել, մանավանդ որ, ինչպես ասացի, ազատությունս ծով էր, ու չնայած բանակում էլ առանձնապես քար չէի քաշել, բայց, այդուհանդերձ, ազատության ողջ համն ըմբոշխնում էի էստեղ ու սրտանց, մանավանդ որ՝ դեռեւս չէի էլ շտապում որեւէ տեղ գործի ընդունվել, որովհետեւ հատկապես էդ շրջանում հորս կենդանագրական արհեստանոցի գործերն ահագին լավ էին, ու ես, բանակիս մուռը հանելով, տասին նոր զարթնում էի ու աչքերս ճմռելով ձեռս գցում էի բարձիս տակը, ուր մշտապես երկու թղթի կտոր կար՝ մեկը դեռեւս ինձնից կարոտը չառած հորս երեքանոցն էր, մյուսը՝ ֆուտբոլի աղյուսակը, որը մանրակրկիտ ուսումնասիրում էի քնելուց առաջ, որովհետեւ «Արարատը» դեռեւս աղյուսակի վերեւներում էր։ Էդպես ամեն օր ես ուշոտ զարթնում էի, բարձիս տակից հանում էի թղթերից կանաչավուն ճռճռանը, հետո սուրճս էի եփում եւ, քանի որ ծնողներս աշխատանքի էին ու քույրս՝ դասի, այսինքն՝ միանգամայն մենակ էի, նստում ու անշտապ ոտանավոր էի գրում, հանգիստ ու անշտապ, քանի որ, ինչպես ասացի, շտապելու ոչ մի տեղ չունեի, ու բանաստեղծության առումով էլ շտապելու պատճառ չունեի, որովհետեւ բանակում գրածս ոտանավորների գիրքն արդեն հանձնել էի Պետհրատ, եւ մեր սանիկ Գրիգորի բանակի ընկեր Արշակյան Գեւորգն էլ, որ էդ տարիներին Պետհրատի գլխավոր խմբագիրն ու գրական ծանրակշիռ հեղինակություն էր, արդեն հորս արհեստանոցում հացի վրա տղամարդու խոսք էր տվել, որ գիրքս կտպագրվի, բայց, այդուհանդերձ, ես գրեթե ամեն Աստծո օր հանդիպում էի Պետհրատ, որովհետեւ մեր սանիկ Գրիգորն ինձ հենց էդ տեսակ խորհուրդ էր տվել՝ ասելով. «Ամեն օր պիտի գնաս-գաս, որ չմոռանան»: Ու ես գրեթե ամեն օր գնում, Պետհրատում երեւում ու ներկայանում էի, բայց ամեն օր, նախքան Պետհրատ գնալս, առավոտները առնվազն մի քանի տող ոտանավոր էի գրում հանգիստ, անշտապ, բայցեւ՝ ամեն օր պարտադիր, որովհետեւ Էդ տարիների ամենաազդեցիկ գրահրատարակիչ Արշակյան Գեւորգն ինձ խստագույնս հորդորել էր օրական անպայման մի քանի տող ոտանավոր գրել, ասելով, որ ամենօրյա էդ վարժությունը պարտադիր է, ու ես սիրով հանձն էի առել ու սրբությամբ իմ օրական ոտանավորը պարտադիր, ուրեմն, գրում էի, ու էս հիմի եմ «ոտանավոր» բառն էսպես հանգիստ ասում ու գրում, որովհետեւ էն թվերին «ոտանավորը» հայհոյանքի պես բան էր, եւ իսկական ու օգտագործվող բառը «բանաստեղծությունն» էր, ու ես էլ, բոլորի պես, միայն ու միայն «բանաստեղծություն» էի ասում ու գրում, քանի որ Արշակյանն ինձ բառացի էր կարգադրել ու ապսպրել. «Ամեն օր, ուրեմն, գրում ես, հասկացա՞ր. բանաստեղծություն ես գրում, ոչ թե՝ ոտանավոր»: Ու ես գրում էի. օրական առնվազն մի հատ գրում էի ու ապրիլի տասնութի էդ օրն էլ էի գրել, բայց էդ օրվա գրածս ոչ թե պարզապես վարժության համար էի գրել, այլ՝ հենց Պետհրատի դարակներից մեկում գտնվող գրքիս համար, այսինքն՝ կարեւորագույն դարակներից մեկում հիմնավոր ծվարած ձեռագիրս համալրելու նպատակով, որովհետեւ գրքիս խմբագիր Ումառյանն ինձ խստիվ պատվիրել ու հանձնարարել էր հեղափոխության կամ առնվազն Հայրենական մեծ պատերազմի մասին պարտադիր մի բան գրել ու տեղադրել գրքիս հենց սկզբներում, ու էդ օրը ես առավոտից նստել ու գրել էի «Զոհված զինվորի երգը» եւ արդեն Պետհրատ տանող թիվ 2 տրամվայի ամենահետեւի նստարանին ըմբոշխնում էի գրածս, մեկ էլ էն լսեմ, որ հենց քթիս տակ մեկը բարձրաձայն կարդում է գրածս: Գլուխս բարձրացրի, տեսա՝ Ումառյանն է, այսինքն՝ զակազչիկս, այսինքն՝ գրքիս խմբագիրը ճակատագրով. ճակատագրով եմ ասում, որովհետեւ դրանից մի ամիս առաջ հորս կենդանագրական արհեստանոցում ուտել-խմելուց ու հացի վրա Արշակյանի երդման արարողությունից հետո, երբ Աբովյանով հորս, Արշակյանի ու մեր սանիկ Գրիգորի հետ քեֆներս լավ բարձրանում էինք, հենց կինո «Մոսկվայի» մոտ միանգամայն պատահաբար հանդիպեցինք Ումառյանին, եւ Արշակյանը մեզ Ումառյանի հետ ծանոթացնելով՝ հորս ասաց. «Հենց Սերգեյն էլ կխմբագրի տղիդ գիրքը»: Եվ ահա, մինչ թիվ 2 տրամվայը մեզ կհասցներ Պետհրատ, Ումառյանն արդեն երրորդ անգամ մտքի մեջ կարդալով «Զոհված զինվորի երգը»՝ ի լուր աշխարհի ու հատկապես տրամվայի ուղեւորների, հիացած բացականչեց՝ «հրա՜շք», եւ երբ արդեն տրամվայից իջանք ու մտանք Պետհրատ, նա ձեռագիրս տվեց մեքենագրուհուն, եւ երբ վերջինս շտապ երեք օրինակից տպեց «Զոհված զինվորի երգը», մենք անմիջապես մտանք Արշակյանի կաբինետ, ուր, ինչպես միշտ, լիքը մարդ կար, որովհետեւ Արշակյանը գյումրեցի ու խրոնիկ սրամտող էր, եւ նրա շուրջ միշտ պիտի լիքը գրողներ ու բանաստեղծներ լինեին, որ հենց տեղում հռհռային նրա յուրաքանչյուր սրամտության վրա, ու էդ օրն էլ Արշակյանի կաբինետը լեփլեցուն էր տեղին-անտեղի հռհռացողներով, բայց նրանք չէին հռհռում, որովհետեւ Ումառյանը բարձրաձայն կարդում էր ըստ երեւույթին ոչ ծիծաղելի իմ «Զոհված զինվորի երգը», եւ երբ Ումառյանը կարդաց պրծավ, Լյուդվիգ Դուրյանն անմիջապես գոռաց՝ հրա՜շք, եւ ես հետագայում իմացա, որ «հրա՜շք»-ը հենց Լյուդվիգ Դուրյանի ամենօրյա գործածման բառն է, եւ երբ Լյուդվիգ Դուրյանը գոռաց՝ հրա՜շք, Արշակյանի դեմքն ուղղակի փայլեց, որովհետեւ ես, փաստորեն, հենց Արշակյանի պրոտեժեն էի, եւ երբ Արշակյանի դեմքն ուղղակի փայլեց, ներկաներից գեր ու ճաղատ մեկը հեղինակավոր ու հանգիստ տոնով ասաց. «Ոչ թե հրաշք ա, Լութո, այլ՝ կատարյալ հրաշք»: «Հա,- իսկույն համաձայնվեց Լյուդվիգ Դուրյանը,- ճիշտ ես ասում, Ռաֆո»: Ռաֆոն, որ արձակագիր Ռաֆայել Արամյանն էր, Ումառյանի ձեռքից անմիջապես խլեց բանաստեղծությանս օրինակներից մեկը, մտքի մեջ արագ կարդաց, դրեց ծոցագրպանն ու ասաց. «Էս օրինակը թող մոտս մնա, «Գարունին» կամ «Գրական թերթին» կտամ»: Քիչ անց Արշակյանի հեռախոսը զնգզնգաց, եւ Արշակյանը մի կարճ պահ լսափողն ականջին կպցնելով՝ նայեց Արամյանին ու ասաց. «Գնամ, շեֆն ա կանչում»: «Վիկոյի մոտ դվայնոյ տիրաժիս հաշվով խոսք կբացես»,- Արշակյանին ասաց Արամյանը, եւ Արշակյանն ասաց. «Էդ հիշացնելդ պարտադիր չէր, Ռաֆո»,- հետո շրջվեց դեպի ինձ, հարցրեց. «Հագոփը ո՞նց ա»: «Լավ ա»,- ասացի ես: «Կբարեւես»,- ասաց նա, եւ դա նշանակում էր, որ ես իր կաբինետում պահանջվածից երկար մնացի: Չնայած Արշակյանը ոչ թե հորս ընկերն էր, այլ, ինչպես արդեն ասացի, մեր սանիկ Գրիգորի բանակային ընկերը, այդուհանդերձ, Արշակյանը մեր սանիկ ու իր բանակի ընկեր Մինասյան Գրիգորի անունն ինձ մոտ չէր տալիս ու հետագայում էլ չտվեց ու միշտ շեշտում էր՝ Հագոփին կբարեւես, որովհետեւ հայրս արդեն ոսկեզօծ ու գեղեցիկ գրել էր Արշակյանի կաբինետի ցուցանակը, եւ էդ ցուցանակն իր գեղեցկությամբ ու մակարդակով ակնհայտորեն գերազանցում էր շեֆի՝ Պետհրատի տնօրեն Վիկտոր Բալայանի կաբինետի ցուցանակին, եւ Արշակյանն իմ միջոցով հորս խնդրել էր, որ հայրս շեֆի համար էլ ճիշտ էդ որակի մի ցուցանակ գրի, բայց հայրս իմ միջոցով շարունակ ցրում ու ձգձգում էր էդ գործը՝ ասելով. «Էդ երկրորդն արդեն իրանց համար շատ կըլնի»: Ու էդպես էլ երբեւէ չգրեց, ու Արշակյանն արտաքուստ հորիցս նեղանալով՝ երեւի ներքուստ շատ էլ գոհ էր, որ հայրս, փաստորեն, ուրիշ ոչ մեկի համար էդքան սիրուն ու էդքան շքեղ ցուցանակ երբեւէ չգրեց, ու ամեն անգամ, երբ Արշակյանն ասում էր՝ Հագոփին կբարեւես, ես էդ ամենը կարդում էի նրա հայացքի մեջ եւ, ընդհանրապես, գրողների հետ ավելի ու ավելի շփվելով, ես արդեն հասկացել էի, որ մարդկանց ավելի ուշադիր պիտի նայես եւ ոչ թե լսես: Եվ ես ուշադիր նայում էի Արշակյանին ու բոլորին, եւ երբ Արշակյանը կաբինետից դուրս եկավ, Արամյանը ձեռը դրեց ուսիս ու ասաց. «Գնացինք, բալե՛ս, ես ու դու ըստեղ անելիք չունենք»: Արամյանն ասաց՝ «Ես ու դու ըստեղ անելիք չունենք», որովհետեւ Արշակյանն արդեն գրողների իր շրջանակում տարածել էր, որ, ի դեմս ինձ, բացառիկ տաղանդ է հայտնագործել, եւ նա դրա համար բոլոր հիմքերն ուներ, որովհետեւ ինքը ոչ միայն տաղանդներ հայտնաբերելու հիվանդագին մոլուցք ուներ, այլեւ՝ արդեն ամբողջ հինգ տարի որեւէ նոր տաղանդ չէր հայտնաբերել, ու նաեւ էդ հանգամանքն էր պատճառը, որ ամեն անգամ ինձ ոչ թե ասում? էր՝ Գրիգորին կբարեւես, այլ, ընդհակառակը, շեշտված ասում էր՝ Հագոփին կբարեւես, դրանով նաեւ շեշտելով, որ նոր հայտնաբերվածը ոչ թե ընդամենն իր ընկերոջ ընկերոջ որդին է, այլ՝ ուղղակի ու անմիջապես իր ընկերոջ որդին, բայց, այդ ամենից զատ, իմ միջոցով Գրիգորին չբարեւելու այլ լուրջ պատճառ էլ Արշակյանն ուներ, որովհետեւ, չնայած մեր սանիկ Մինասյան Գրիգորը մայրաքաղաքի մասշտաբով ճանաչված ու հարգված ատամնաբույժ էր, բայց ատամնաբուժությունից ազատ ժամերին նաեւ արձակ էր գրում ու Արշակյանի դարակներից մեկում ձեռագիր մի վիպակ ուներ իր ու Արշակյանի բանակային կյանքի վերաբերյալ, որը ոչ մի կերպ հրատարակչական պլանում չէր հայտնվում եւ, Արշակյանի ասելով, ծայրեծայր? մոգոնած գործ էր, եւ ես Արշակյանին չհավատալու ոչ մի հիմք չունեի, որովհետեւ? գիրքս արդեն առոք-փառոք տեղավորված էր ամենամոտակա՝ յոթանասունիննի հրատարակչական պլանում, բայց ես նաեւ մեր սանիկ Մինասյան Գրիգորին չհավատալու որեւէ հիմք չունեի, իսկ մեր սանիկի կարծիքն էդ ամենի կապակցությամբ հետեւյալն էր. «Արմո ջան, քոնը բանաստեղծություն ա, դրա համար էլ պլանի մեջ ա մտել, իսկ իմն արձակ ա, ու ինքը, նախանձելով, ինձ կոնկուրենտ ա համարում, չնայած հարուր տարվա ու նեղ օրերի ընկերներ ենք»: Ու էդպես, աչքիս առաջ, երկու բանակային ընկերներն օտարանում էին իրարից, ու միակ բանը, որ շահել ու շահում էր նրանց երբեմնի ընկերությունից, իմ գիրքն էր, ու էս ամենը ես տեսնում, զգում ու հասկանում էի, որովհետեւ, կրկնում եմ, շատ ուշադիր էի նայում, ու էդ օրն էլ, երբ Արշակյանը կաբինետից դուրս եկավ, ու Ռաֆայել Արամյանը ձեռքն ուսիս դնելով ասաց՝ «ես ու դու ըստեղ անելիք չունենք», ես ուշադիր նայելով հասկացա, որ Արամյանն էլ տաղանդներ հայտնաբերելու պակաս մոլուցք չունի, եւ երբ երկուսով դուրս եկանք Պետհրատի շենքից, նա ձեռքը ուսիս պահած՝ ասաց. «Արմո ջան, քո գրքի հարցերով ես անձամբ եմ զբաղվելու»: Ես նրան չասացի, որ գիրքս արդեն յոթանասունիննի վերջնականապես սրբագրված հրատարակչական պլանի մեջ է եւ արդեն ուղարկված է Մոսկվա՝ հաստատվելու. ես նրան էդ բանը չասացի, որ չփչացնեմ նրա ոգեւորությունը, իսկ էդ պահին, ինչպես արդեն ասել եմ, յոթանասունվեց թվականի ապրիլի տասնութն էր, եւ ես ու Արամյանը «Պապլավոկի» դիմացի մայթով արդեն իջնում էինք, ու ես դեռ չգիտեի, որ Գրողների միություն ենք իջնում, բայց Դրամատիկի մայթով իջնելիս՝ ես «Պապլավոկի» կողմ չէի նայում, որովհետեւ առանց նայելու էլ գիտեի, որ էդ ժամին արդեն իմ թայդաշ բանաստեղծ ընկերները «Պապլավոկում» նստած են ու հավանաբար հենց ինձ են սպասում, ու չնայած իմ գիրքը նրանց բոլորի գրքերից առաջ ընկնելով՝ արդեն սողոսկել էր պլան, բայց ես դեռեւս մեջս մի քիչ միամտություն ունեի, եւ ինձ թվում էր, որ եթե ես «Պապլավոկի» կողմ չնայեմ, իրենք էլ ինձ չեն տեսնի, ու եթե տեսնեին, շատ անհարմար բան կստացվեր, որովհետեւ ես հենց էդ պահին, իմ իսկ կարծիքով, դավաճանում էի իմ երամին, ու ես շարունակում էի հենց նրանց ու «Պապլավոկի» կողմ չնայել, եւ շատ հնարավոր է, որ նրանք էդ օրն ինձ տեսած չլինեն, որովհետեւ, չնայած Արամյանն իմ բոյին էր, բայց ինձնից մի քանի անգամ չաղ էր, ու ես իր աջ կողքով Դրամատիկի մայթով հավասար իջնելով` շատ հնարավոր է, որ էդ օրը հայտնված չլինեմ «Պապլավոկում» նստոտած ու իննսունիննի պլանից միանգամայն անտեղյակ ընկերներիս տեսադաշտում: Երբ կինո «Նաիրիի» խաչմերուկից անցանք, ու երբ ես սկսեցի միանգամայն ազատ ու անկաշկանդ Արամյանի կողքով քայլել, Գեղարվեստաթատերականի մոտերքում արդեն իմ ազատագրված միտքն ինձ հուշեց, որ Գրողների միություն ենք գնում, եւ ինչքան մոտենում էինք էդ շենքին, Արամյանի քայլերն ավելի ու ավելի վստահ ու խրոխտ էին դառնում, եւ երբ արդեն Բաղրամյանը կտրեցինք-անցանք, սիրտս սկսեց ուժգին խփել, որովհետեւ դեռեւս չգիտեի, թե ինչ կա էդ շենքի ներսում, ու էդ օրն էլ չիմացա, որովհետեւ մենք ոչ թե շենք մտանք, այլ՝ շենքի ձախ կողմից իջանք պադվալ, այսինքն՝ Գրողների միության ճաշարան, որն էդ ժամանակներում հայտնի էր «Գրողի ծոց» եւ «Սաշիկի պադվալ» անուններով: Երբ ներս մտանք, Արամյանը ձեռքով բարեւելով դախլի հետեւը կանգնած տղամարդուն՝ ասաց. «Ինձ ու Արմոյին էրկու հատ պիվա լից, Սաշ»: Դախլի հետեւից Սաշիկն ինձ հայացքով զննեց, հետո նայեց Արամյանին, ասաց. «Էղավ, ընկեր Արամյան, նստեք»: Արամյանն ինձ ուղարկեց սրահի ձախ ու մութ անկյունը, ուր ազատ սեղան կար, իսկ ինքը հերթով մոտենում էր բոլոր սեղաններին, նստածներին մեկ առ մեկ բարեւում ու հետները մի քանի բառ էր փոխանակում: Ձախ անկյան սեղանը, ուր ինձ նստելու ուղարկեց Արամյանը, նույնպես ազատ չէր. ես դա նկատեցի միայն այն պահին, երբ արդեն ուզում էի նստել, եւ երբ տեսա սրահի ամենամութ անկյունում նստածին, անակնկալի եկա: – Արամյանն ինձ ասաց, որ էստեղ նստեմ,- արդարացա ես: – Արամյանն ո՞վ ա, Ռաֆո՞ն,- ասաց նստածը, հետո ավելացրեց. – կապ չունի՝ ով ա ասել, կարաս հանգիստ նստես, ապե: – Ինքը չէր տեսել, որ էստեղ զբաղված է,- շարունակեցի արդարանալ ես: – Ինքն ամեն ինչ տենում ա ու ամեն ինչ գիտի,- ասաց նիհար ու ոսկրոտ մարդը, որ, երեւի, երեսունհինգ կամ, ամենաշատը, քառասուն տարեկան կլիներ: – Գարեջուր կխմե՞ք,- հարցրի ես` տեսնելով, որ սեղանը դատարկ է: – Վռազ չի, օրը դեմներս ա, – նա իր նիհար ու ոսկրոտ ձեռքը դանդաղ մատուցեց ինձ ու ասաց. – Վազգեն: – Արմեն,-? իր չորուկ ձեռքը սեղմեցի ես: – Ռաֆոյի՞ն ուրդից գիդես: – Պետհրատում ենք ծանոթացել: – Պարզ ա. երեւի թազա տաղանդ ես: Ես չիմացա՝ ինչ ասեմ, շրջվեցի ու նայեցի դախլի կողմը, ուր Սաշիկն անշտապ մեր գավաթներն էր լցնում: – Ոտանավո՞ր ես գրում, թե՞ արձակ,- հարցրեց Վազգենը: – Բանաստեղծություն,- ասացի ես: – Պարզ ա,- ասաց Վազգենը.- գիրք-միրք ես հանձնել, հա՞: – Հա,- ասացի ես.- յոթանասունիննի պլանի մեջ է: – Ռաֆոյի ասելո՞վ: – Չէ, Արշակյանի: – Էդ ուրիշ,- ասաց Վազգենը,- բայց Գեւորգի ասածներին էլ շատ մի հավատա:? – Այսինքն՝ խաբու՞մ է: – Ես չասեցի՝ խաբում ա, բայց չեմ էլ ասում, որ կանի. քեզ շատ մի տրամադրի, որ հետո լրիվ դուխից չընկնես: – Արդեն Մոսկվա են ուղարկել. վերջնական պլանի մեջ է: – Մասկվայից հետո էլ ա շատ բան փոխվում. շատ ա պատահել: – Չգիտեմ,- ասացի ես: – Աստված տա, որ ես սխալ դուս գամ: Ես ուղղակի քեզ նախազգուշացնում եմ, որ հետո սրանց պես չգժվես, չդառնաս կապելու գիժ,- ասաց Վազգենը՝ մատնացույց անելով սրահում նստածներին: – Ինչի՞ պիտի գժվեմ,- ասացի ես: – Ով հեշտ ա հավատում, հեշտ էլ գժվում ա. էս սաղին նայի՝ քեզ խղճա,- ասաց Վազգենը՝ նորից մատնացույց անելով սրահում նստածներին: – Էս բոլորը գի՞ժ են: – Ոչ բոլորը. օրինակ՝ էն սիպտակ մազերովը, որ բորշ ա ուտում, գիժ չի. էս ռայոնի գլխավոր նոտարն ա, ամեն օր ըստեղ ա պերերիվ անում: Չնայած մեր անկյունը մութ էր, բայց նոտարը նկատելով, որ իրեն ենք նայում, ժպտաց եւ ուտելը մի պահ դադարեցնելով` հեռվանց ողջունեց Վազգենին. – Ի՞նչ կա-չկա, Վազգեն ջան,- հեռվանց հարցրեց նոտարը: – Ջանսաղություն,- ասաց Վազգենը. – հըլը դիմանում ենք: – Ե՞րբ ա տպվում,- հարցրեց նոտարը: – Հես ա, բան չմնաց,- ասաց Վազգենը: Նոտարը շարունակեց իր բորշչն ուտել, եւ Վազգենն ինձ ասաց. – Մենակ ինձ ու Հրանտին չկարեցան գիժ սարքեն, մենակ իմ ու իրա վրա ուժները չպատեց: – Ի՞նչ Հրանտ,- հարցրի ես: – Մաթեւոսյան: Չես կարդացե՞լ: – «Օգոստոսը» կարդացել եմ: – Լավ ա, որ կարդացել ես: Մենակ իմ ու իրա վրա իրանց ատամները ջարդվան: – Իրանց՝ ու՞մ: – Մի հոգի չի, որ անուններով ասեմ. մի կամ տասը հոգի չի, մի ամբողջ բանակ ա: – Դուք ոտանավո՞ր եք գրում, թե՞ արձակ,- իր հարցը դիտմամբ կրկնեցի ես: – Շատ մի վռազի, դու հըլը շատ ջահել ես, ամեն ինչ իրա վախտին կիմանաս: Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել