Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ափսոս, Հայաստանը օվկիանոսի ափին չէ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Ափսոս, Հայաստանը օվկիանոսի ափին չէ Օտարերկրացի լրագրողները՝ Հայաստանում տուրիստական բիզնեսի հեռանկարների մասին: Արդեն մի քանի օր է՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի տնօրինության հրավերով Հայաստանում են 8 ամերիկացի եւ կանադացի լրագրողներ, որոնք պատրաստվում են մեր երկրի ու ժողովրդի առանձնահատկությունների մասին հոդվածներ գրել: Այս հոդվածները հնարավորություն կտան, որ օտարերկրյա զբոսաշրջիկները, հատկապես ամերիկացիները, ավելի շատ բան իմանան մեր մասին: Նրանց կարծիքով՝ այդ հոդվածները նույնիսկ գովազդային բնույթ կունենան: Օտարերկրյա լրագրողների ուշադրության կենտրոնում հիմնականում զբոսաշրջությունն է ու դրա զարգացման հեռանկարները: Ըստ ամերիկացի լրագրողների՝ Հայաստանում զբոսաշրջության լիակատար զարգացման համար դեռ շատ ծառայություններ են պակասում: Մյուս կողմից էլ՝ Հայաստանը նաեւ գրավիչ կողմեր ունի: Նյու Յորքից ժամանած անկախ լրագրող Մարգրեթ Ջավորսկին նշեց, որ զբոսաշրջության ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է վերջինիս զարգացման տեխնիկա մշակել: Նրան Հայաստանում ամենաշատը դուր էր եկել եկեղեցիների բազմաթիվությունը. «Հենց դրանով էլ կարող եք գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Ես իմ հոդվածներում անպայման կանդրադառնամ հայերի՝ կրոնի նկատմամբ տածած մեծ հարգանքին»: Իսկ ամերիկացի Ֆրենդի Մինկը, որը շատ է շրջել աշխարհով մեկ, ասաց, որ իր հայաստանյան ճամփորդությունը ամենահետաքրքիրն էր. «Մինչ իմ այս այցը՝ Հայաստանն ինձ համար չբացահայտված վայր էր: Քիչ տեղեկություններ ունեի ձեր երկրի մասին: Երբ Հայաստան էի գալիս՝ ինձ հարցնում էին՝ ո՞ւր ես գնում, այնտեղ հավանաբար պատերազմ է: Ես էլ պատասխանում էի՝ մի երկիր, որտեղ բազմաթիվ եկեղեցիներ կան: Հինավուրց տաճարների ու եկեղեցիների առկայությունը, նրանց ճարտարապետական ինքնատիպ հորինվածքն ու լուծումները կգրավեն աշխարհի բոլոր քրիստոնյաների ուշադրությունը»: Ֆրենդի Մինկը նշեց, որ հիացած է հայերենի այբուբենով, հայոց ոսկե տառերը նա տեսել է Մայր աթոռի գանձարանում. «Ես ապշած եմ. տառերից ոչ մեկը մյուսին նման չէ»: Ամերիկացի մյուս հյուրերին շլացրել էին հին հայկական կարպետները՝ իրենց բազմազանությամբ ու գունեղությամբ, Հայաստանը խորհրդանշող կավե, փայտե ձեռքի աշխատանքները: Հյուրերը Հայաստանը բնութագրեցին նաեւ բացասական կողմերով: Օրինակ, Ֆ. Մինկը նշեց, որ արտասահմանցի զբոսաշրջիկներին հաստատ դուր չեն գա եւ նույնիսկ դեպրեսիայի մեջ կգցեն Երեւանում դեռեւս ԽՍՀՄ-ի տարիներից մնացած մասունքները՝ շենքեր, սրճարաններ եւ այլն: Հետո էլ շարունակեց. «Մյուս կողմից դրանք նաեւ հետաքրքիր են եւ ինչ-որ տեղ էկզոտիկ»: Ամերիկացի Քլինթ Բրոունֆիլդն էլ ավելացրեց, որ հայաստանյան հյուրանոցները բավականին թանկ են. «Երբեմն նրանց առաջարկած ծառայությունները մի քանի անգամ թանկ են, քան այլ երկրներում: Վատ է նաեւ, որ Հայաստանը օվկիանոսի ափին չէ, ջուրը զբոսաշրջիկներին միշտ գրավում է»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել