Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծախսելու

Սեպտեմբեր 24,2005 00:00

Ծախսելու են՝ առանց ջոկողության «Քրքորյանը առաջին ծրագրից ավելի վատ սպասելիքներ ուներ, բայց ինքը շատ գոհ է մեր աշխատանքներից, դրա ապացույցն է այն, որ «Լինսի» միջոցներով ծրագիրը շարունակվում է»,- երեկ «Լինսի» նոր ծրագրի մասին հրավիրած մամուլի ասուլիսում ասաց հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանը: Թեեւ նա փաստեց, որ առաջին փուլում որոշ թերություններ եղել են, մրցույթում հաղթած մի քանի շինարարներ այնքան էլ լավ չեն աշխատել, բայց ընդհանուր առմամբ գտնում էր, որ Քրքորյանի փողերը՝ 150 մլն դոլարը, իսկապես հաջողությամբ ու արդյունավետությամբ են ծախսել. «Կարողացել ենք հանրապետության ողջ տարածքում մոտ 500 կմ ճանապարհներ, 9 կամուրջ ու 2 խոշոր թունել վերանորոգել, բացի այդ, Լոռիում ու Շիրակում 35 մշակութային օբյեկտ ենք վերկառուցել»: Ինչ վերաբերում է նոր ծրագրին, առաջիկա 2 տարիների ընթացքում գրեթե նույն ուղղություններով ծախսվելու է 60 մլն դոլար. 20 մլն-ը՝ դարձյալ ճանապարհաշինության, 20 մլն-ը՝ Երեւանի փողոցների նորոգման, մնացածն էլ՝ մայրաքաղաքում եւ մարզերում դպրոցաշինության համար: Ծրագրում ընդհանուր առմամբ ներառվել է 18 դպրոց, իսկ սա նշանակում է, որ ամեն դպրոցի բաժին է ընկնելու մոտ 1 մլն դոլար: Ընդ որում, մայրաքաղաքի 6 համայնքներից ընտրվել է միայն մեկական դպրոց, իսկ Կենտրոն համայնքից՝ 5-ը: Բայց, պարոն Թումանյանի հավաստիացմամբ, այստեղ սուբյեկտիվություն չկա, պարզապես դպրոցներն ընտրելիս հաշվի են առել վթարային լինելը, կառուցման տարեթիվն ու պահպանվածությունը՝ «օրինակ, դպրոցներ կան, որ կառուցվել են 1930-ականներին ու վերջին 10-15 տարում երբեւէ չեն նորոգվել»: Ինչ վերաբերում է ճանապարհաշինությանը դարձյալ գումար տրամադրելուն, ըստ պարոն Թումանյանի՝ «այդտեղ մի 100 մլն դոլարի խնդիր կա, դեռ բազմաթիվ ճանապարհներ ունենք, որոնք արժեր նորոգել»: Ծրագրով նախատեսված է նաեւ ստեղծել Բաղրամյան փողոցի, այսպես ասած՝ այլընտրանքը, այսինքն՝ Փափազյան փողոցը Հաղթանակի զբոսայգով միացնել Հերացուն: Նորոգվելու են նաեւ Կոմիտասի փողոցը՝ Կասյանից մինչեւ «Լամբադա» կամուրջ եւ Տիգրան Մեծի պողոտան՝ «Այրարատ» կ/թ-ի մոտից մինչեւ «Էրեբունի» թանգարան, որը ներառում է նաեւ կայարանը: Պարոն Թումանյանը համոզված էր, որ այս անգամ ավելի որակով են աշխատելու, քան նախորդ փուլում. «Դրա համար խիստ պայմաններ ենք դրել շինարարական կազմակերպությունների առջեւ, իսկ առաջին փուլում իրենց չարդարացրածներին ընդհանրապես թույլ չենք տալու մասնակցել մրցույթին: Մենք դրա իրավունքն ունենք»: Պարոն Թումանյանը նշեց, որ առայժմ ծրագիրը նախագծային փուլում է. «Մենք «Լինսի» կենտրոնական գրասենյակին տեղեկացրել ենք, որ քանի դեռ գումարները չենք ստացել՝ ստիպված ենք մեր պետությունից կանխավճար ստանալ»: Ծրագիրը նախատեսված է ավարտել 2008-ի սեպտեմբերին, բայց, ըստ պարոն Թումանյանի՝ «մենք 1.5-2 տարում էլ այն կավարտենք»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել