Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասեղնագործի

Սեպտեմբեր 24,2005 00:00

Ասեղնագործի անհավանական արկածները Իրանում Իրան բարեկամական առաքելության մեկնած Զեփյուռ մայրիկը 24 ժամ պահվել էր մեկուսարանում 80-ամյա ասեղնագործ Զեփյուռ Դանիելյանը ապրիլի 19-ին ավտոբուսով մեկնեց Իրանի Իսլամական Հանրապետություն: 17 հազար դրամով ձեռք բերեց ավտո բուսի տոմս: Մինչ այդ Իրանի դեսպանատնից ստացել էր մուտքի վիզա: Զեփյուռ Դանիելյանն իր հետ վերցրել էր 24 ստեղծագործություն (ժանյակ, ասեղնագործություն), այդ թվում՝ ԻԻՀ նախագահ Մոհամադ Խաթամիի ասեղնագործված դիմանկարը: Հասնելով Թեհրան՝ Դանիելյանը ճշտում է Առաջնորդարանի տեղը: Երբ տաքսիով հասնում է այնտեղ, պարզվում է՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հավաք էր: Երբ ներկայանում է դեսպանատան աշխատակիցներին, նրանցից մեկն ասում է. «Չենք ընդունում: Որտեղից եկել ես՝ գնա այնտեղ»: Ժանեկագործը խնդրում է իրեն տանել «մեջլիսի դուռ»: Հասցնում են մեջլիսի դուռը, իսկ երբ մեջլիսը հսկող ոստիկանին «Անա Զեփյուռն» ասում է, թե Խաթամիի նկարն է իր մոտ, ոստիկանը 500 թուման գումար է տալիս «Անային», տաքսի կանչում ու կարգադրում՝ «աղայի տուն տար»: Տիկին Զեփյուռին ուղեկցում են Խաթամիի եռահարկ տուն, սակայն պարզվում է՝ «Խաթամի յոխ» ու ուղեկցում են «Թերմինալ» ավտոկայարան, քանի որ հայ ասեղնագործուհին մտադիր էր հայկական համայնքի հետ հանդիպել: Այս պատմության հովվերգական մասն ավարտվում է նրանով, որ ավտոկայարանում նստարանի վրա երեք օր անցկացրած Դանիելյանին երեք ոստիկան «քաղցր ժպտալով» տանում են «բարձր պարիսպներով մի քանդված տարածք: Երկաթե դուռ կար: Գործերս դրեցին այնտեղ, իսկ մեկ այլ դուռ էլ բացեցին ինձ համար. մտի՝ սպասի, ասացին», պատմում է նա, տեղեկացնելով, որ իրեն 24 ժամ պահել են մեկուսարանում: Սակայն ինչի համար, ոչ ոք առայսօր պատասխան չի տվել: Ավելին, դուրս գալով այնտեղից, հանդիպում է Թեհրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցչին, որին էլ հանձնում է առգրավված հավաքածուն: Չնայած այդ բոլոր արկածներին 2005թ. մայիսի 5-ին ՀՀ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում սիրելի Զեփյուռ մայրիկին, գրելով. «Խորապես հիացած ենք Ձեր արարքով, որը շաղախված է բարությամբ եւ երախտագիտության բարձր զգացողությամբ: Ստացանք Ձեր ասեղնագործությունների հավաքածուն, որը Դուք պատրաստել եք մի քանի տարիների ընթացքում՝ Ձեր մանրակրկիտ եւ երկարատեւ աշխատանքի արդյունքում»: Դեսպանատունը երաշխավորել էր, որ աշխատանքները փոխանցվելու են ԻԻՀ նախագահ Սեյեդ Մոհամադ Խաթամիին: Սակայն «սիրելի Զեփյուռ մայրիկն» ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ ինքը չի կարող ապահով ցուցադրվել ԻԻՀ-ում, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությանը «Ժողովրդական ստեղծագործության եւ արհեստագործության կենտրոնն» այսպիսի բովանդակությամբ գրություն է ուղարկել. «Զ. Դանիելյանը եղել է մեր հանրապետության շնորհալի ստեղծագործողներից մեկը, բայց ժամանակի ընթացքում կորցրել է ազգային մտածողությունը»: Մեկ այլ գնահատականով «տաղանդաշատ արվեստագետը իր հայտնագործություններով հարստացրել էր մեր ազգային մշակույթի գանձարանը»: Սակայն ոչ մի խոսք ՀՀ քաղաքացու «մեկ սուտկա» ազատազրկվելու մասին: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել