Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբեության զոհերը

Սեպտեմբեր 24,2005 00:00

Խաբեության զոհերը Յուրա Մանուկյանի խնդրանքով վետերաններին խաբե՞լ են Ընդամենը մեկ շաբաթ առաջ հիմնադրված «Ձախ ուժերի միություն» կառույցի շուրջ կրքեր են բորբոքվում: Պարզվում է՝ հիմնադիր համագումարին շատերը մասնակցել են խաբեության զոհ լինելով: Համենայնդեպս, մայրաքաղաքի Աջափնյակ համայնքի վետերանների խորհրդի ներկայացուցիչներն այդ կերպ են բացատրում նշյալ համագումարին իրենց մասնակցությունը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում խորհրդի նախագահ Սերգեյ Աբգարյանը հետեւյալ պատմությունն արեց. «Ամսի 15-ին Վետերանների հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ Նավասարդյանը զանգեց, ասաց, որ ամսի 17-ին կառավարության շենքում (խոսքը Մելիք Ադամյան 2 հասցեում գտնվող կառավարության նիստերի դահլիճի մասին է- Ն. Գ.) վետերանների սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ քննարկումներ են լինելու: Ես էլ սկզբնական կառույցների ղեկավարների հետ խոսեցի, որոշեցինք ինչքան հնարավոր է շատ մարդ տանենք՝ սոցիալ-տնտեսական հարցերը մեր վետերանների ցավոտ կողմն է: Մի 40 մարդ տարանք: Էնտեղ տեսա, որ մեր ղեկավարներից մարդ չկա, բայց Նավասարդյանը եկել էր: Սոցապ նախարարությունից կամ այդ ոլորտից էլ ոչ ոք չկար, որ մեր հարցերին պատասխաներ: Մեկ էլ տեսա՝ Յուրա Մանուկյանը եկավ իր խմբով… պարզվեց՝ միություն են հիմնադրո՜ւմ, կուսակցություն են հիմնադրո՜ւմ… Իսկ ես կոմունիստ եմ, կոմունիստ էլ մեռնելու եմ»: Հաջորդ օրն ընկեր Աբգարյանը կատարվածի մասին բողոք է արտահայտում Վետերանների հանրապետական խորհրդի նախագահ գեներալ Կարապետյանին: Վերջինս անտեղյակ է լինում կատարվածից: Վետերանների հանրապետական խորհրդի պատասխանատու քարտուղար Վլադիմիր Նավասարդյանը վրդովվեց «Առավոտի» զանգից: Հետո պարզաբանեց, որ ինքը փոխանցել է ՀՄԿԿ ղեկավար Յուրա Մանուկյանի խնդրանքը, բոլորին տեղեկացրել է, որ «Ձախ ուժերն ուզում են միանալ ու ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելու հարցերով զբաղվեն, ով ուզում է՝ թող գա: Բոլորը հասկացել են, իրենք առանց հասկանալո՞ւ են եկել: Իրենք կարծել են, թե էնտեղ բան են բաժանում կամ ճաշկերույթ են տալու, որովհետեւ Յուրա Մանուկյանը մի տոնի առիթով կանչել էր, սեղան էր գցել… Հիմա էլ առանց ամաչելու բողոքում են»,- սեփական մեկնաբանություններն արեց մեր զրուցակիցը: Հետո, իբրեւ փորձառու լրագրող, համոզում էր, որ այս ամենի մասին թերթում գրելու կարիքը չկա. «Էդ միջոցառումը կառավարության շենքում է եղել, կառավարությունը տեղյակ է եղել, իրենց մարդիկ էլ էնտեղ նստած էին»,- խորհրդավոր տոնով ասում էր ընկեր Նավասարդյանը: Իսկ զրույցի վերջում «սպառնաց» տողերիս հեղինակին ֆելիետոնի հերոս դարձնել, եթե այնուամենայնիվ համարձակվեմ իր անունը թերթում գրել: Այս ամենի առիթով ՀՄԿԿ ղեկավար Յուրա Մանուկյանի մեկնաբանությունները չհաջողվեց ստանալ: Վերջինս համառորեն խուսափում էր «Առավոտի» հետ զրույցից: Ի դեպ, Աջափնյակի վետերանների խորհուրդն այս առիթով դիմում-բողոք է հղել նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցությանը: Ինչպես հայտնի է՝ ՀԿԿ-ն մշտապես սկզբունքորեն դեմ է եղել ձախ ուժերի միավորման վերոնշյալ գաղափարին: Երեկ կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտին» փոխանցեց. «Դա ձեւական կառույց է: Ոչ մի գաղափարական հենք չկա: Տարբեր ուղղություն ունեցող կուսակցություններ են, ինչպե՞ս են միավորվում: Մեզ էդպես էլ պարզ չի՝ այդ ձախերը նորացված կոմունիստնե՞րն են, առաջադիմական երիտասարդնե՞րն են…»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել