Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ

Սեպտեմբեր 24,2005 00:00

ԴՈՒՔ ՊԵՏՔ Է ՈԳԵՇՆՉԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը Երկուշաբթի օրը Հայաստան կայցելի Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Այցի նախաշեմին նա Հելսինկիում բացառիկ հարցազրույց է տվել «Մեդիամաքսի» եւ Հ1-ի թղթակիցներին: – Տիկին Հալոնեն, ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստան կատարելիք այցից: – Ես մեծ հետաքրքրությամբ եմ սպասում Հայաստան կատարելիք իմ առաջիկա այցին: Ես այցելել եմ Երեւան 1996 թվականին, երբ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարն էի, իսկ մեր երկիրը ԵԱՀԿ Մինսկի Կոնֆերանսի համանախագահն էր: Այնպես որ, ինձ շատ հետաքրքիր է տեսնել այսօրվա Հայաստանը՝ իմ առաջին այցից գրեթե 10 տարի անց: Ֆինլանդիան եւ Եվրոպական Միությունը հետաքրքրված են ողջ տարածաշրջանով, եւ Հայաստանը մեծ հնարավորություններ ունի Ֆինլանդիայի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Շատ առումներով դուք ունեք եվրոպական պատմություն, եւ ժողովրդավարության ու արագ տնտեսական զարգացման շնորհիվ Հայաստանը կարող է ունենալ շատ ավելի ինտեգրված եվրոպական ապագա: – Տարածաշրջանի երկրները ներգրավված են Եվրոպական հարեւանության քաղաքականությունում, որի շրջանակներում ներկայումս մշակում են Անհատական ծրագրեր: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չնայած տարածաշրջանային մոտեցմանը, ԵՄ-ն հարմարեցնում է իր ծրագրերը յուրաքանչյուր գործընկերոջ կարիքներին: – Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները Եվրոպական Միության հարեւաններն են: Մենք չափազանց ժողովրդավարական եւ հավասար մոտեցում ենք որդեգրել յուրաքանչյուրի նկատմամբ, եւ այն, թե ինչպե՞ս կզարգանա այդ հարեւանությունը, կախված է իրենցից՝ գործընկերներից: Սակայն մենք տարբերակում ենք անունները, մենք գիտենք, որ Հայաստանը դա Հայաստանն է, Վրաստանը՝ Վրաստանը եւ Ադրբեջանը դա Ադրբեջանն է: Եվրոպական հարեւանության քաղաքականության հնարավորություններն իրապես կարող են դառնալ քայլ առաջ: Տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր հետաքրքիր գործընկեր է ԵՄ-ի համար, եւ ձեզանից է կախված, թե կենսագործման ինչպիսի՞ ձեւ կարող է ստանալ այդ հետաքրքրությունը: Հայաստանն ունի հարուստ պատմություն, դուք ունեցել եք նաեւ դժվարություններ, սակայն կարող եք ունենալ ավելի լավ ապագա, եթե լինեք ակտիվ եւ ակտիվորեն զարգացնեք ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը եւ լավ կառավարումը: Այնպես որ, ես կոչ եմ անում ձեզ ուսումնասիրել եւ հայտնաբերել Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջարկվող հնարավորությունները: – Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ բանակցություններն ամենայն հավանականությամբ կսկսվեն հոկտեմբերի 3-ին: Հնարավո՞ր է, որ հայ-թուրքական սահմանի վերաբացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը քննարկվի այդ բանակցությունների որեւէ փուլում: – Ֆինլանդիան արտահայտել է իր աջակցությունը Եվրոպական Միության ընդլայնմանը: Թուրքիան հայտարարել է Եվրոպական Միությանն անդամակցելու իր ցանկության մասին մինչեւ Ֆինլանդիան, սակայն Ֆինլանդիան արդեն 10 տարի է՝ ինչ ԵՄ անդամ է: Այնպես որ, Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները երկար պատմություն ունեն: Կարծում եմ, որ եթե Թուրքիան կատարի բանակցությունները սկսելու պահանջները, ԵՄ-ն պետք է սկսի բանակցությունները: Վերջնական որոշումը, սակայն, կկայացնի Եվրոպական Հանձնաժողովը: Ի՞նչ կարգի հարցեր ենք մենք քննարկելու բանակցությունների ընթացքում: Չեմ ցանկանում մանրամասնել բոլոր այն թեմաները, որոնք կառաջանան բանակցությունների ընթացքում, սակայն սովորաբար մենք պահանջում ենք թեկնածու երկրից, որպեսզի նա համապատասխանի Կոպենհագենի չափանիշներին: Այնուհետեւ Թուրքիան պետք է ընդունի եւ ճանաչի Եվրոպական Միության բոլոր անդամ-երկրներին: Եվ, վերջապես, մենք հույս ունենք, որ թեկնածու երկրները կունենան բարիդրացիական հարաբերություններ իրենց հարեւանների հետ: Մենք ասում ենք այս մասին բոլոր թեկնածու երկրներին, սակայն նման դեպքերում կողմերը միշտ երկուսն են. հարեւանությունը միշտ ենթադրում է հարաբերություններ երկուսի միջեւ: – Գրեթե 10 տարի է անցել այն պահից, երբ Ֆինլանդիան Մինսկի Կոնֆերանսի համանախագահն էր, սակայն հակամարտությունը շարունակում է չլուծված մնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անեն հակամարտության կողմերը այն լուծելու համար: – Ես շատ կարեւոր եմ համարում այն փաստը, որ ձեզ մոտ նախագահական ընտրությունները անցկացվել են 2003 թվականին, իսկ հաջորդ ընտրությունները կլինեն 2008-ին: Հույս ունեմ, որ դուք կօգտագործեք մինչեւ հաջորդ ընտրությունները մնացած ժամանակը եւ կփորձեք լուծել հակամարտությունը: Դուք պետք է ոգեշնչեք ինքներդ ձեզ՝ որոշումներ կայացնելու եւ առաջ շարժվելու համար: «Մեդիամաքս» գործակալություն՝ հատուկ «Առավոտի» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել