Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Երեկ
Հերցեգ Նովիում (Սերբիա եւ Չեռնոգորիա) շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը
հատեց եզրագիծը: Հինգ տարիքային խմբերում՝ 10, 12, 14, 16, 18, պատանիներն
ու աղջիկները խաղատախտակների առջեւ հարաբերությունները պարզեցին վերջին՝ 9-րդ տուրում:
Հայաստանի աղջիկները, ցավոք, այլեւս դժվար թե ի վիճակի լինեն պայքարել մրցանակային
տեղերի համար: Նրանցից մի քանիսի նպատակը լավագույն տասնյակներում տեղ գրավելը պետք
է լիներ: Իսկ ահա մեր տղաների մեջ քիչ չեն մեդալների թեկնածուները: Խոսքն
առաջին հերթին վերաբերում է 16-ամյա Զավեն Անդրիասյանին, որը, ամբողջ մրցաշարում
ցույց տալով կայուն արդյունքներ, տուրից-տուր բարձրացնելով խաղի որակը՝ նախավերջին
տուրում տարավ հերթական կարեւոր հաղթանակն ու 6,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար՝
0,5 միավորով առաջ անցնելով 2-6-րդ տեղերը բաժանող մոտակա մրցակիցներից: Երեկ Զավենն
ուժերը չափելու էր լեհաստանցի Տոմաշ Վարակոմսկիի հետ: Մեդալի հավակնում էին
նաեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Հայկ Թամազյանը, որը 6,5 միավորով վերջին
տուրից առաջ բաժանում էր 3-4-րդ հորիզոնականները, 10 տարեկանների պայքարի մասնակից
Ռաֆայել Գաբրիելյանը, որը 6 միավորով 5-7-րդ տեղերը բաժանողների խմբում էր, ինչպես
նաեւ Արման Փաշիկյանը (18 տարեկաններ), որը 5,5 միավորով բաժանում էր 5-10-րդ տեղերը՝
առաջատարին զիջելով մեկ միավորով: Արոնյանի ակումբն առաջատարն է Իտալիայի
Սան Վինսենտ առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը
նույնպես մոտենում է ավարտին: Տղամարդկանց 21-րդ առաջնության 48 եւ կանանց 10-րդ
առաջնության 11 ակումբները չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու են 7 տուրում:
Որ Հայաստանը տղամարդկանց մրցապայքարին թիմ չի ներկայացրել, սակայն մեր երեք
գրոսմայստերներ պաշտպանում են Ռուսաստանի ակումբների պատիվը, տեղեկացրել ենք: Հինգերորդ
տուրում «Տոմսկ-400»-ը համառ պայքարում 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Լադյա
Կազանին» ու 22,5 միավորով ստանձնեց առաջատարի դերը: «Տոմսկում» 1-ին խաղատախտակի
առջեւ հանդես էր գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա ոչ-ոքի խաղաց Վալերի Յանդեմիրովի
հետ: Անզիջում ստացվեց նաեւ Եվրոպայի ակումբային վերջին երկու առաջնությունների
հաղթող Ֆրանսիայի «NAO Chess Club»-ի եւ Ռուսաստանի «Ուրալի» միջեւ մրցակցությունը,
որում հաջողությունն ուղեկցեց ֆրանսիացիներին՝ 3,5:2,5: Երկրորդ խաղատախտակի առջեւ
Վլադիմիր Հակոբյանը սեւերով միավորը բաժանեց Էտյեն Բակրոյի, իսկ 6-րդ խաղատախտակի
առջեւ Ռաֆայել Վահանյանը հաշտություն կնքեց Լորան Ֆրեսսինեի հետ: Կանանց պայքարում
հերթական անգամ անհաջողության մատնվեց Երեւանի «Միկան»: Մեր աղջիկների քառյակը 1,5:2,5
հաշվով զիջեց Պոդգորիցայի «Ինտերնետին»: Էլինա Դանիելյանը, Նինո Կուրցիձեն եւ Նելլի
Աղինյանը խաղաղությամբ բաժանվեցին մրցակիցներից, իսկ Օլգա Ալեքսանդրովան պարտություն
կրեց: «Հարավային Ուրալը» դժվարին հաղթանակ տոնեց AVS-ի նկատմամբ: Ռուսաստանցիներին
հաղթական միավորը պարգեւեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 3-րդ խաղատախտակի առջեւ
պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել