Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ում խաբել

Սեպտեմբեր 24,2005 00:00

Փավստոս
Բուզանդի նախկին բնակիչներին $800-900 քառակուսի մետրի դիմաց չեն առաջարկել Վերջերս
մեծ աղմուկ է բարձրացրել Փավստոս Բուզանդի փողոցի տների օտարման կապակցությամբ քաղաքապետ
Երվանդ Զախարյանի հայտարարությունն այն մասին, թե այդ տարածքում յուրաքանչյուր քառակուսի
մետրի դիմաց բնակիչներին առաջարկվել է 800-900 դոլար, որ պայմանագիր կնքած բնակիչներին
որեւէ գնորդ դուրս գալ չի առաջարկել, քանի դեռ չի վճարել մինչեւ վերջին դրամ հասանելիքը:
Այս հայտարարությունը շարժել է ոչ միայն տարածքը դեռեւս չլքածներին, այլեւ՝ պարտաճանաչ
ու գնորդի բոլոր ցանկություններին անվերապահորեն ենթարկվածներին: Լսելով այս
լուրը, մեր մեջ կրկին արթնացավ արդեն քնած բողոքը, ու մենք որոշեցինք թերթի միջոցով
քաղաքապետին հասցնել մեր բողոքը: Ես՝ Քնարիկ Առաքելյանս, եւ իմ 6 հոգանոց ընտանիքը
բնակվել ենք Փ. Բուզանդի 9, բն. 23 հասցեում, ունեինք 115,6 քմ տարածքով բնակարան:
Դեռեւս 2005թ. փետրվարին պայմանագիր եմ կնքել գնորդ «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության
հետ: Ընկերությունը իմ բնակարանը գնահատեց $46500 եւ առձեռն ինձ տվեց $41850 (10%-ը
պահվել է որպես եկամտահարկ): Մինչ վերոհիշյալը դիմել եմ տարբեր իրավաբանների եւ գնահատողների՝
խորհրդակցական կարգով եւ ստացել եմ միանշանակ պատասխան. «Ոչինչ չես կարող անել, քանի
որ մեծամեծ մարդիկ են կանգնած այս գործի ետեւում»: Այդ ընթացքում պարբերաբար
ստանում էի «Գլենդել Հիլզ» ընկերության աշխատակիցների սպառնալիքը, թե՝ «անհամաձայնության
դեպքում դիմեք դատարան կամ էլ կզրկվեք խրախուսանքից»: Փաստորեն, «դատարան դիմեք»
դարձվածքը դարձել է մեծ սպառնալիք «սովորական հայերի» եւ մեծ զենք՝ «էլիտար հայերի»
համար: Ստիպված կնքեցի պայմանագիրը, եւ որպես օրինապահ քաղաքացի, սկսեցի կատարել
պետական մուծումները: Ի դեպ, ասեմ, որ հանկարծակիի եկա, երբ իմացա, որ քանդվող տանս
համար, որը պետք է ազատեմ փետրվար ամսին, գույքահարկը կազմում է 22000 դրամ՝ նախկին
3000-ի փոխարեն, եւ ես պետք է մուծեմ այն ողջ 2005 թվականի համար: Ինչպե՞ս հասկանալ,
երբ գնահատման ժամանակ այդ նույն տունը, որը նորմալ վիճակում է, որակում են «հին
ու խարխուլ խրճիթ», իսկ գույքահարկը գանձում են ամենաբարձր թվերով: Ինչպես
պայմանագիրն էր պահանջում, տունը դատարկեցի եւ հանձնեցի 10 օրից, բայց առանց հանձնման
եւ ընդունման ակտի: «Գլենդել Հիլզի» աշխատակիցը հաճույքով օգտվեց այդ փաստից եւ հետագայում
չվճարեց մեզ հասանելիք իր տույժը՝ 10 բանկային օր ուշացնելուց հետո ամեն օրվա համար
գնորդը պարտավոր էր վճարել տույժ՝ գումարի 0,5%-ի չափով: Ի վերջո, ակտը կազմվեց
ուշացած ամսաթվով: Բայց միեւնույն է՝ գումարը ստացել եմ մաս-մաս՝ մինչեւ ապրիլ ամիսը,
իսկ տուգանքի տոկոսները չստացա: Տույժը պահանջելու փորձին ի պատասխան ընկերությունից
ստացա նույն սպառնալիքը՝ «դիմեք դատարան, տեսեք՝ կստանա՞ք»: Այս բոլորից զզված եւ
հոգնած, ստացա այդ գումարը՝ առանց 4650 դոլարի՝ դա էլ եկամտահարկն է: Այնուհետեւ
հեռուստատեսությամբ լսեցի մեր քաղաքապետի ելույթը, որ իբր բնակիչներին առաջարկվել
է $730-900՝ քմ-ի համար, բայց նրանք հրաժարվել են, քանի որ կրկնակի են ուզում: Նման
ձեւով վարվել են մյուս բնակիչների հետ նույնպես՝ 15 ընտանիք, 1 քմ-ի դիմաց վճարելով
$404: Ուզում ենք հասկանալ՝ քաղաքապե՞տն է ստում, «Գլենդել Հիլզի» աշխատակիցնե՞րն
են մեզ խաբել, թե՞ ինքներս ենք մեզ խաբել՝ ստիպված բավարարվելով առաջարկած գումարով:
Բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել