Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՐԱԳԾԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՅԳԻ ԵՆ ՔԱՆԴԵԼՈՒ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Իսկ
այգիների տերերը փոխհատուցում չեն ստանա Օգոստոսի վերջին Երեւանի Հարավ արեւմտյան
թաղամասի Գ. Շերամի փողոցի Ա -2 հատվածում հայտնվել են վերամբարձ կռունկներ, տրակտոր
եւ սկսել քանդել ու հանել 70-ական թվականներին անցկացված խողովակաշարերը: «Մեկ մետր
տրամագծով 8-10 մետրանոց մոտ տասը խողովակ գիշեր-ցերեկ ապամոնտաժելուց հետո՝ բարձեցին
ու տարան անհայտ ուղղությամբ: Ասացին՝ մարզերից մեկում, մեկն էլ ասաց՝ Սեւանում,
հիդրոէլեկտրակայան ենք կառուցում»,- օրերս այդ տարածքում գտնվող «Առավոտի» թղթակցին
ներկայացրին թաղամասի բնակիչները: Նրանք մտահոգված էին, քանի որ շատերը խողովակաշարի
վերնահատվածում հողակտորներ ունեն, այգի ու բանջարանոց, «եթե տրակտորը հասավ մեր
այգիներին, մենք ի՞նչ պիտի անենք, մեզ լսողն ո՞վ է, կքանդեն մեր տարիների աշխատանքն
ու կգնան»: Ի դեպ, ջրատարը ձգվում է մինչեւ Աջափնյակ համայնք, որտեղ նույնպես
կան վարձակալությամբ տրված հողեր: Բնակիչները մեզ խնդրեցին տեղեկանալ, թե ո՞ւմ նախաձեռնությամբ,
ի՞նչ նպատակով եւ ինչպիսի՞ իրավական հիմքերով են նման աշխատանքներ կատարում, քանի
որ այդ հարցերի պատասխանը չէին կարողացել ստանալ խողովակները տեղահանողներից: Բացի
այդ, երեւանցիների աչքն արդեն վախեցած է զանազան քանդումներից ու դրանց դիմաց տրվող
փոխհատուցումներից: Ի դեպ, պատահաբար այդ կողմերում հայտնված մի գյուղացի,
որը բնակվում է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում, հայտնեց, որ իրենց գյուղում էլ
են այս տարի խողովակներ հանել, իսկ մշակովի հողատարածքները քանդելու դիմաց որպես
փոխհատուցում՝ յուրաքանչյուր ընտանիքին տվել են 7-10 հազար դրամ: Մարմարաշենցի մեր
զրուցակիցն ասաց, որ ըստ իր լուրերի՝ գյուղապետն այդ գործարքից «լավ փող է աշխատել»,
եւ որ նախաձեռնությանը նաեւ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի «մատն
է խառը եղել»: Իսկ ինչքա՞ն արժե ստորգետնյա այդ «բարիքը». զրուցակցիս ասածի համաձայն՝
1 մետր տրամագիծ ունեցող խողովակի մետրն արժե 100 դոլար, իսկ տասը մետրանոց խողովակը՝
800-1000 դոլար: Ջրային տնտեսության պետական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ
խմելու ջրի խողովակների ապամոնտաժման «հեղինակը» «Երեւանի ջրմուղկոյուղի» ընկերությունն
է, որ դրանք շահագործումից դուրս եկած եւ գործածության համար այլեւս ոչ պիտանի խողովակներ
են: Թե ինչո՞ւ «ԵՋԿ»-ի աշխատակիցները քաղաքացիներին չեն ներկայացել, ըստ պատասխանի՝
«գուցե արդեն վաճառել են խողովակները եւ հանողներն ուրիշ են»: Վաճառքի գնի մասին
տեղեկությունն այս էր. «Հաստատ մետաղալոմից բարձր գնով, բայց ձեր լսած թվերն իրատեսական
չեն»: Ինչ վերաբերում է բնակիչների վնասի փոխհատուցմանը, ապա վստահեցրին, որ «այդ
կետը ֆիքսված կլինի խողովակների գնորդի հետ կնքած պայմանագրում»: Անհասկանալի մնաց,
թե ապամոնտաժված ոչ պիտանի խողովակներով ի՞նչ որակի ՀԷԿ կկառուցվի՝ եթե հավատանք
բնակիչների լսածին: Քիչ ավելի ուշ «ԵՋԿ» մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանն ասաց,
որ խողովակներն աճուրդով են վաճառվել ու վաճառքը շարունակվելու է, ամեն ինչ օրինական
է. «Իսկ հողամասերի տերերին փոխհատուցելու մասին մտածելուց առաջ նախ պետք է ճշտել,
թե ինչպե՞ս է եղել, որ ջրմուղի տարածքում հողեր են տրվել վարձակալությամբ կամ այլ
իրավունքով: Չեմ բացառում, որ խնդիրը կարող է դառնալ դատարանի քննության առարկա»:
Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ռ. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել