Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էլիտարների» մեջ մեզ տեղ չկա

Սեպտեմբեր 24,2005 00:00

Մտորում է երիտասարդ դերասանուհին Հայաստանը
վերջապես «ոտքի» է կանգնում: Փորձեք մի-երկու օր տնից դուրս չգալ ու միայն հեռուստացույց
նայել ու կհասկանաք, որ աճն ակնհայտ է. օր օրի բարգավաճում ենք, համաշխարհային շուկա
ենք դուրս գալիս: Եթե ոչ ամեն օր, ապա գոնե օրումեջ նախագահներ ենք ընդունում ու
ճանապարհում: Հյուր ընդունելու ձեւերն էլ լավ գիտենք. մենք հյուրին հարգող ազգ ենք:
Որտեղով բարձրաստիճան հյուրը «220-ի տակ» պիտի սլանա՝ այդ փողոցները վեր են ածվում
եվրոպական մաքուր փողոցների, մաքուր ու ազատ-ընդարձակ: Բա հո հյուրին կեղտի մեջ կորած
փողոցներով չե՞ն տանելու: Եթե ուզում ես քո երկրում ապրել ինչպես ձուկը ջրում
(այս դեպքում՝ ճահճում)՝ պիտի համակերպվես, չես համակերպվում՝ գնա, եւ եթե գնալդ
չի գալիս, որովհետեւ շատ ես սիրում հայրենիքդ, ուրեմն «ռադդ» պիտի քաշես: Էդպես է:
Չնայած ինչո՞ւ միայն հեռուստատեսությամբ: Հապա մի դուրս եկեք, մի տեսեք ինչ
երիտասարդություն կա: Բոլորի աչքերում՝ վառվող կրակներ ու բազում նպատակներ: Նպատակներն
էլ հո անհասանելի՞ չեն՝ «պապան» իրագործում է, բա հո չի՞ թողնելու, որ «էրեխու» աչքը
վրան մնա: Ու էդպես ապրում են «թույն մաշնով ապերները», ու նրանց համար հոգ չէ, որ
վիզներն այնքան է ճարպոտել, որ մարմնի հետ միաձուլվել է եւ գլուխն ու վիզը տարբերել
չի լինում: Ու ամեն 1 սմ հաստանալու հետ ոսկե զարդի քաշն էլ է ավելանում. դա հո ձեւի
համար չէ՞, նրա համար է, որ վիզն ու գլուխն առանձնանան: Մեր «նաիրյան հեզաճկուն
աղջիկներն» էլ «ոսկե» տենդով են տառապում: Ու հոգ չէ, որ ոչնչից տեղյակ չեն՝ «զատո
իրա ընգերը «խամեռ» ա քշում»: Ու էսպես էլ մեր ժամանակների «ոսկե երիտասարդությունը»
մտածում է, որ էս «երգիրն իրանցն ա». «Էն հները լավ չեն սարքել, պտի քանդենք ու նորից
սարքենք»: Ու քանդում են: Այո, սա է այսօրվա «ընտրախավը»: Իրենք իրենց համար «էլիտար»
բնակարաններ են կառուցում: Ու թե բնակարանդ էլ ծախես, ունեցվածքդ էլ, չես կարող ոչ
միայն բնակարան գնել այդ «էլիտար» շենքում, այլ նույնիսկ՝ հիպոթեքային վարկ ձեւակերպել:
Դա էլ է իրենց համար: Եվ հետո, ամեն ինչ հաշվարկված է. հո չի՞ կարող հասարակ մահկանացուն
«ընտրախավի» հետ նույն շենքում ապրել: Բա իրենց ամոթ չի՞: Պետք է անհապաղ
բացատրական բառարաններում ուղղում կատարել. «էլիտար» նշանակում է՝ հարուստ: Չէ, չէ՝
շա՛տ հարուստ: Դարը փոխվել է, ինչքան փող ունես՝ էդքան ես մարդ: Խեղճ մտավորականություն:
«Կարեկցանք, գթություն, խիղճ» բառերն էլ դուրս են եկել գործածությունից: Էն «լավ
տղեն», որ պատրաստ է գիշերային ակումբներում ու ռեստորաններում կլորիկ գումար թողնել,
մուրացկանին 10 դրամ չի տա: Իսկ հաջորդ րոպեին եկեղեցում, իր գործած մեղքերի համար
100000 գանձանական կնետի ու կհամարի, որ «Աստված ներեց»: Արժեքները լրիվ փոխվել են:
Պարզվում է, որ մեր ժամանակներում կապ չունի՝ ինչ կրթություն ունես: Պարզվում է՝
սովորելը զուր է. մեկ է, մասնագիտականով առաջ չես գնա, եթե զորավոր «պապա» կամ էլ
մեծ կապեր չունես: Մնացած գործերն էլ երկու պահանջ ունեն՝ անգլերենի եւ համակարգչի
կատարյալ իմացություն: Այնպես որ, բարձրագույն ավարտել պետք չէ՝ 5-րդ դասարանից անգլերեն
սովորեք ու 10-րդը ավարտելուց անմիջապես հետո աշխատանքն ապահովված է: Քաղաքը
մի մեծ աղբակույտի վերածելու միտում կա: Եվ եթե այսպես շարունակվի՝ մի քանի տարի
հետո Վահագնի թաղամասից Հյուսիսային պողոտա կամուրջներ կսարքվեն ու «էլիտար աղբը»
կթափվի ուղիղ մեր գլխին: Բայց հյուր ընդունելու կանոնները կպահպանվեն, էլի նախագահներ
կգան ու այս անգամ արդեն կամուրջներից կդիտեն հին Երեւանն ու կգնան: Իսկ մեր
վիճակը այդպես էլ չի լավանա: ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԴերասանուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել