Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԸ ՈՐՊԵՍ «ՆԵՌՎԵՐԻ ԴԵՂ»

Սեպտեմբեր 24,2005 00:00

Առանց խոլեստերինի յուղ աշխարհում գոյություն
չունի Հեռուստատեսության տնօրենները գովազդը դարձրել են բիզնեսի առարկա, բայց
մոռանում են, որ երբ հաղորդումների կամ կինոցուցադրումների հետաքրքիր պահերին միացնում
են գովազդային 10 րոպեանոց հոլովակը՝ այդ ընթացքում մոռանում ես, թե ինչ էիր նայում
եւ հետաքրքրությունը վերանում է այդ ալիքի նկատմամբ։ Ու մինչ այլ ալիք փոխելով մտածում
ես լրացնել 10 րոպեն՝ տարվում ես մեկ ուրիշ հաղորդումով կամ ֆիլմով: Տեսնես դրանից
գովազդատուն շահո՞ւմ է, թե՞ տուժում: Չի կարելի մարդուն զզվեցնել՝ նույն գովազդը
անընդհատ կրկնելով, գովազդողները չեն հասկանում, որ պարտադրանք չպիտի լինի, թե՝ գնեք
այսինչ կամ այնինչ սննդամթերքը։ Ժողովրդական խոսքը ասում է. «Կաթ-կաթ ջուրը քարն
էլ է ծակում»: Նույն գովազդը տասնյակ եւ հարյուրավոր անգամներ լսելն ու տեսնելը բացասաբար
է ազդում մարդու նյարդային համակարգի վրա, նա ստանում է բացասական ազդակներ, գրգռվում
է, բարկանում եւ ազդելով մարդու հոգեկան աշխարհի վրա՝ դարձնում է նրան նյարդային,
առաջացնելով նյարդահոգեկան խանգարում, որից էլ առաջանում են տարբեր հիվանդություններ։
Գովազդներն ունեն նաեւ այլ բացասական հատկանիշներ. ոչ տեղին գովազդները թյուրիմացության
մեջ են գցում ժողովրդին, դրդում անելու այն, ինչն իրենց առողջության դեմ է: Օրինակ՝
պարտադրվում է գնել «Ջերմուկ» կամ «Արզնի» հանքային ջուր, սակայն մեկը ազդում է ստամոքսի
թթվայնության բարձրացմանը, իսկ մյուսը՝ հակառակը, այն իջեցնում է: Մարդիկ, չհասկանալով
այդ նրբությունը՝ օգտագործում են որը պատահի, նայած թե՝ որ գովազդին են նրանք կուլ
գնում։ Կամ՝ որեւէ բիզնեսմենի կողմից արտասահմանից էժան գներով բերվում է ինչ-որ
դեղամիջոց եւ այն հեռուստատեսության մի քանի ալիքներով գովազդվում է՝ գնեք եւ կբուժվեք
այսինչ հիվանդությունից: Իսկ ո՞ւր մնացին բժշկի խորհուրդն ու ցուցումները, չէ՞ որ
այդ նույն դեղամիջոցն ունի նաեւ հակացուցումներ եւ ոչ բոլոր հիվանդներին է թույլատրվում
օգտագործել այն։ Էլ չենք խոսում դրանց պահպանման եւ օգտագործման ժամկետների մասին։
Կամ գովազդվում է որեւէ յուղի տեսակ եւ հայտարարվում, որ այդ յուղը բացարձակապես
զուրկ է խոլեստերինից, մինչդեռ առանց խոլեստերինի՝ յուղ չկա, այսինքն՝ յուղը կարող
է լինել խոլեստերինի քիչ կամ շատ քանակությամբ: Խոլեստերինի չափավոր բաժինը խիստ
անհրաժեշտ է օրգանիզմին, քանի որ մարդու օրգանիզմի 1,1 կմ երկարությամբ անոթների
կարծրությունը եւ ներքին պարենխիմատոզ օրգանների թաղանթների ամրությունը պահպանելու
համար խիստ անհրաժեշտ է բավարար քանակությամբ խոլեստերին՝ անհրաժեշտ չափաբաժնով,
քանի որ չափից ավելի քանակը առաջացնում է աթերոսկլերոզ։ Մի քանի ամիս առաջ
հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հայտարարեցին, որ շատ վնասակար է որոշ տեսակների
սուրճի օգտագործումը, դրանց բաղադրության մեջ կան վնասակար նյութեր, հատկապես ծանր
մետաղներ եւ այլ բաղադրիչներ, որոնք բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության,
հատկապես սրտի եւ արյան շրջանառության վրա (ինչը բացահայտ ճշմարտություն է), սակայն
որոշ ժամանակ հետո եւ առ այսօր նույն սուրճերի գովազդը նորից շարունակվում է եւ այն
էլ՝ բազմաթիվ կրկնություններով եւ գնելու պարտադրանքով։ Ապակողմնորոշելով
ժողովրդին, բիզնեսմենները հաջողությամբ լուծում են իրենց բիզնեսմենային հարցերը նույն
այդ ժողովրդի առողջության հաշվին։ ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ-հիգիենիստ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել