Գաջի գործարանի տնօրինության կարծիքով՝ դա առողջարար է
«Հիսուն տարի է՝ էստեղ եմ ապրում, ես մաքուր օդ շնչելուն կարոտ մնացի: Սովետի ժամանակից էս գաջի պատճառով ոչ մաքուր լվացք ենք հավաքում, ոչ տունն ենք կարողանում մաքուր պահել: Գունավոր լվացքը փռում ենք, մի քիչ հետո դառնում է միագույն՝ լրիվ գաջ: Պատուհանը բացենք, թե չէ՝ փոշին մեբելի երեսը ծածկում է, կես ժամը մեկ պիտի փոշի սրբենք: Ջուրը հենց տալիս են, առաջին հերթին հայաթն ենք լվանում, որ ոտքի հետ փոշին տուն չգա: Բոլորս էլ սիրուն-ծաղիկներով բակեր ունենք: Շոգին մեկ-մեկ ուզում ենք բակում սուրճ խմել: Մինչեւ բաժակի կեսին ենք հասնում՝ սեւ սուրճը դառնում է մոխրագույն: Գործարանի ներսում ավտոները որ լվանում են, գաջի գետը հոսում է փողոցով ներքեւ, ռիսկ ունե՞ս՝ փողոցն անցիր: Իսկ թե մեր շնչած օդը մեր առողջությանն ինչ վնաս է տվել՝ էլ ասելն ավելորդ է, արդեն մեզնից անկախ անընդհատ հազում ենք»,- այս հավաքական բողոքը մի քանի օր առաջ «Առավոտին» ներկայացրեց Երեւանի գաջի գործարանի հարեւանությամբ՝ Գաջեգործների փողոցում բնակվող տիկին Գայանեն, երբ շրջում էինք տարածքով: Իսկ խմբագրության ստացած գրությամբ այլ «հարեւաններ», ի թիվս նույն բողոքի, տեղեկացրել էին նաեւ, որ գաջով բեռնված մեքենաները գործարանից դուրս են գալիս առանց թափքը ծածկելու՝ փոշու ամպի մեջ «խեղդելով» փողոցը, տներն ու անցորդներին:
Մեր շրջայցի ժամանակ՝ երեկոյան ժամը 20-ից հետո, գործարանն աշխատում էր: Մինչեւ այնտեղ հասնելը՝ շուրջ 50 մետր անցնելուց հետո, ամբողջությամբ դարձանք «գաջի գույնի»: Դադարեցինք նաեւ զրուցել, որ գաջ կուլ չտանք: Թեթեւ քամին բավական էր, որ գաջի փոշով պարուրեր անցորդների շորերը, ծածկեր հոնքերն ու մազերը, կծկծացներ աչքերը: Ստիպված «զադնիով» հասանք գործարան, որտեղ մեզ հանդիպած առաջին աշխատակիցը ներկայացավ «սմենի հերթապահ»՝ առանց անունն ասելու: «Էն մութուլուս տարիներին, երբ ոչ մի գործարան չէր աշխատում, իսկ էս գործարանն աշխատում ու էդքան մարդու տուն էր պահում՝ էն ժամանակ բողոքող չկար: Որ էդքան մարդ բնակարան ստացավ՝ էդ ժամանակ գաջից չէին խեղդվում, իսկ հենց թոշակի անցան՝ արդեն գործարանը վատն է՞»,- բնակիչների բողոքին այսպես արձագանքեց «հերթապահը»: Գործարանի տարածքում էր նաեւ տնօրեն Ռոբերտ Սարգսյանը: «Առավոտի» թղթակիցներին նա ընդունեց ամբողջովին գաջապատ իր սենյակում: Հասկանալով եւ ընդունելով «հյուրընկալության» պայմանները, նա նույնիսկ մեզ նստել չառաջարկեց: Մենք հետաքրքրվեցինք՝ ունի՞ գործարանը մաքրիչ կայան, գաջն արտադրվում է փա՞կ, թե՞ բաց համակարգով, համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին եւ այլն: Սակայն տնօրենին, մեղմ ասած՝ բարկացրել էր մթնշաղին կատարած մեր անսպասելի այցը, եւ նա չթաքցրեց դա. «Գոյություն ունի էկոլոգիայի նախարարություն, իրանք մեզ վերահսկում են, մենք էլ նորմաների մեջ աշխատում ենք, դուք ո՞վ եք, որ էկել եք՝ մեզ վերահսկեք»:
Իսկ բնակիչների բողոքին պատասխանեց ավելի կարճ. «Գաջը չի կարող օդի մեջ տարածվել, մեքենաներն էլ դուրս են գալիս փակ ու մաքուր լվացված, ես չգիտեմ, թե ինչից են բողոքում»:
Ի դեպ, գաջ ու գաջի փոշի «չտեսնելու խասիաթ» էին ձեռք բերել գործարանի բակում մեզ հանդիպած բոլոր աշխատակիցները: Ասենք, օրինակ, արտադրամասից դուրս եկած կիսամերկ ու փոշուց ամբողջովին սպիտակած բանվորը, ըստ մեր զրուցակից «հերթապահի»՝ «այդպես է ծնվել», լապտերի լույսի տակ քուլա-քուլա պտտվող փոշին ընդամենը «լույսի ճառագայթ է», իսկ բակով սուրացող գաջե ալիքը «ամպի մշուշն է՝ ցած է իջել»: Ավելին, «հերթապահն» ընդհանրապես դեմ էր, որ գաջի «խաթրին կպնենք», որովհետեւ «սա մեր մաքուր, անարատ, հայկական հումքն է, ոչ մի քիմիա չկա, առողջության համար էլ շատ օգտակար է»:
Այն, որ բնապահպանական տեսչությունը ժամանակ առ ժամանակ ստուգումներ է անցկացնում այստեղ՝ ճիշտ է: Վերջինն էլ անցկացրել է մոտ մեկ ամիս առաջ: Արդյունքի մասին տեղեկացանք տեսչության երեւանյան մասնաճյուղի պետ Ռոմիկ Մանգասարյանից: Պարզվեց, սահմանված չափանիշները գերազանցող արտանետումների, շրջապատն աղտոտելու եւ այլ խախտումների համար տնօրենին «լավ, թափով տուգանել ենք, 13 օր չենք թողել աշխատի, մինչեւ ֆիլտրերը թարմացնի, պահանջել ենք տեղադրել բարձր ցանկապատ» եւ այլն: Սակայն տեսչության պետը նաեւ ասաց, որ գործարանի տնօրենը, ի տարբերություն այլ սեփականատերերի, «գոնե ընդունում է մեր պահանջներն ու խոստացել է կատարել դրանք, օրինակ՝ արտադրությունը դարձնել եթե ոչ լրիվ, ապա գոնե՝ կիսափակ»:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ