Նրանք շատ անգամ են օգնության ձեռք խնդրել տարբեր պաշտոնյաներից՝ այս ընտանիքի հոգսերը գրեթե ոչ մեկին չեն հետաքրքրել։
Ձմեռային մի ցուրտ ու մռայլ օր էր, չորս տարի առաջ, երբ երիտասարդ Խատոյան ամուսինները Ստեփանավանի քաղաքային գերեզմանատանը հողին հանձնեցին իրենց 4-րդ երեխային, որի մահվան պատճառը, ինչպես եւ նախորդ երեքինը, սովն էր:
Ամեն շաբաթ, որպես պարտադիր արարողություն՝ եզդիներն այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Խատոն դա, որպես կանոն, անում է երկուշաբթի առավոտ կանուխ։ Նրա մահացած բոլոր երեխաներից միայն վերջինի շիրիմն է գտնվում Ստեփանավանում: Խատոյանների ընտանիքն ապրում է քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում։ Խատոն ունի 5 երեխա: Երկար տարիներ սրա-նրա ավտոտնակում կամ պահակատանը ապաստան խնդրելուց հետո Խատոն երեխաների ու կնոջ հետ հաստատվել է հոր կիսախարխուլ վագոն- տնակում, իսկ ծնողները տեղափոխվել են երկրաշարժից հետո կիսաքանդ վիճակում գտնվող մի տուն: Նա փորձել է փակել տնակի անցքերը, բայց՝ անօգուտ: Բոլոր կողմերից շարունակվում է փչել քամին, իսկ անձրեւոտ օրերին սենյակը լցվում է ջրով: Թեպետ օրախնդիրն այս ընտանիքում բնակարանի վերանորոգումը չէ, այլ մնացած 5 երեխաներին սովից ու հիվանդություններից փրկելը:
Խատոյի եւ նրա կնոջ համար Աստծո ամեն օրը սկսվում է մի կտոր հաց հոգալու խնդրով. «Ամռանն Աստված ա մեզ պահըմ։ Անտառըմ ապրելու համար շատ միջոցներ կան, մորի, մալինա, փայտ, կաղին, հաճար, սունկ, մասուր։ Էն ամենը, ինչ-որ մարդկանց պետք ա, բայց դրա համար շատ մարդիկ չեն գա հասնին ըստի»,- պատմում է Խատոն, իսկ կինը՝ Էթերին, ավելացնում է. «Ճանապարհը դժվար ա, շատ եմ հոգնում, մանավանդ կնգա համար շատ դժվար ա սար բարձրանալը, անտառ գնալը, բայց կարիքն ա ստիպըմ: Մեր երեխեքը ոչ մի անգամ կուշտ փորով հաց չեն կերել։ Օրը մի հարեւանը տալիս ա, երեխեքը դուրս են գալիս դուռը՝ մեկի ձեռը հաց են տենըմ, վազըմ են առաջները, դե նրանք էլ խղճըմ են, վեր են ունըմ՝ մի կտոր հաց են տալիս, կամ կանչըմ են՝ մեկը մուրաբա ա տալիս, մեկը՝ կարտոշկա, տենց յոլա են գնում»:
Խատոյի երկու մեծ աղջիկները՝ 13 եւ 12 տարեկան, գրել-կարդալ չգիտեն։ Դպրոց չեն հաճախում, եւ երբեք էլ չեն հաճախել, քանի որ աղքատությունը հենց սկզբից իր անջնջելի կնիքն է դրել նաեւ այս հարցում: 13-ամյա Միլենան պատմում է. «Ես գնացել եմ գիշերօթիկ, ընդեղ կոշիկ չեմ ունեցել, վրես ծիծաղել են, ես էլ եկել եմ տանը լացել եմ, մամային, պապային ասել եմ, որ էլ չեմ գնալու ընդեղ»:
«Էրեխեքս ոչ կոշիկ ունեն, ոչ ուտելիք, ո՞նց տեն գնա մի տեղ, սոված, ծարավ՝ կուշաթափվեն, ո՞նց տեմ թողնի: Ես էլ մայր եմ, գոնե սոված՝ իմ կողքին կմնան»,- հուզված պատմում է Էթերին:
Սովն ու չքավորությունը արդեն երկար տարիներ է՝ ինչ այս ընտանիքի հետ են։ Մյուսները, այդ թվում եւ պետությունը, ամբողջովին երես են թեքել։ Այս տնակը շրջանցել է անգամ պետության սոցիալական քաղաքականությունը։ Խատոյի կինը Վրաստանի քաղաքացի է, իսկ անձնագիրը Հայաստան գալու ճանապարհին կորցրել է։ Նպաստառու դառնալու համար էլ անհրաժեշտ են ինչպես երեխաների ծննդյան վկայականները, այնպես էլ ծնողների անձնագրերը: Վերջինիս բացակայության պատճառով երեխաներից եւ ոչ մեկն առ այսօր ծննդյան վկայական չունի։
«Բացի իմ հինգ երեխեքը ու իմ ամուսինս՝ ես ոչ մեկը չունեմ։ Էդ պատճառով էլ ես չեմ կարա Վրաստան գնամ էդ թղթերի համար, որ բերեմ։ Էնքան էլ ընդեղ փող են ուզում, ես ըսկի մի հացի փող չունեմ, ո՞նց տեմ գնա»,- տարակուսում է Էթերին։
Թվում է, թե այս ընտանիքի դաժան ճակատագիրը պետք է որ քաղաքային իշխանության, միջազգային տարաբնույթ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ուշադրության կենտրոնում հայտնվեր, սակայն լրիվ հակառակն է:
Երկու տարի առաջ Հայ առաքելական եկեղեցին մի քանի ամսվա համար սննդամթերք եւ հագուստ է տրամադրել։ Լոռու մարզպետը՝ հետաքրքրվելով ընտանիքով, այդպես էլ ոչինչ չարեց։
Հինգ երեխաներից մեկը սրտի արատ եւ տեսողության պրոբլեմ ունի, իսկ ամենափոքրի մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել:
ՀԵՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆwww.hetq.am