Հանրակացարանի
129 սենյակում ապրում է 129 ընտանիք: Եվ դա շարունակվում է արդեն 15 տարի «Հեղափոխությունից»
հետո կայացրած տարբեր որոշումներով կառավարությունը հիմնարկ-ձեռնարկություններում
բնակարանի համար հաշվառվածներին տրամադրեց այն հանրակացարանային սենյակները, որտեղ
նրանք ապրում էին ու դրանով նրանց բնակարանային խնդիրը համարեց լուծված: Հավանաբար
այս «լուծումը» ուժի մեջ կմնա ընդմիշտ, քանի որ երկրի զարգացման ու աղքատության կրճատման
տեմպերն ավելի ոչինչ չեն երաշխավորում: Մինչդեռ մարդիկ միայն բնակարան ստանալու պատճառով
աշխատել են «թունավոր» պայմաններում՝ երբեմն տասնյակ տարիներ, հույսով սպասել երազանքի
օրվան, որ հետո կարողանան գտնել իրենց մասնագիտությանը եւ ունակություններին, ինչպես
նաեւ՝ առողջական վիճակին հարմար աշխատանք: Սա հարցի մի կողմն է: Մյուսը՝ հանրակացարանային
փոքրիկ սենյակի եւ սովորական բնակարանի տարբերությունն է, որի հետ առայսօր չեն կարողանում
հարմարվել բնակարանից զրկվածները: Շենգավիթի համայնքի «Կակաչ» հանրակացարանը
նախկինում «Նաիրիտ» գործարանի «միայնակների» ժամանակավոր կացարանն էր, որտեղ մինչեւ
1990 թ. ապրում էին չամուսնացածները: Էկոլոգիական վնաս հասցնելու պատճառով երբ գործարանը
փակվեց՝ հիշյալ թվականին հանրակացարանը միանգամից «լցվեց» ընտանիք ունեցող աշխատակիցներով:
Պատճառն ակնհայտ էր՝ անհանգստացած, որ բնակարանային հերթերն ինքնըստինքյան կվերանան՝
մարդիկ փորձեցին տիրանալ գոնե 11-14 քմ տարածքով սենյակի: Համենայնդեպս, դա անհայտության
մեջ թաղված բնակարան-երազանքից իրատեսական էր: Այսպես, հանրակացարանի 129
սենյակներում տեղավորվեց 129 ընտանիք՝ յուրաքանչյուրում ամենաքիչը 3 երեխաներով:
«Արդեն 15 տարի է անցել, երեխաները դարձել են հասուն մարդիկ, նույն սենյակում ուտում
ենք, քնում, լողանում, ամեն ինչ նույն՝ 11 քառակուսու մեջ: Երեխաները շփվում էին
միայն հանրակացարանաբնակ իրենց հասակակիցների հետ, իսկ նորմալ բնակարաններում ապրող
մյուս համադասարանցիների հետ մտերմություն չէր ստացվում՝ ամաչում էին նրանց տուն
հրավիրել, ծննդյան օր կամ այլ տոն նշել: Այդպես էլ մեկուսացած ու անլիարժեքության
զգացումով ապրում են մինչ օրս, որովհետեւ հիմա էլ՝ աղջիկ, թե տղա, ամուսնանալու խնդիր
է բացվել, հիմա էլ մեր երեխաներն ամաչում են իրենց ընկերուհուն կամ ընկերոջը ներկայացնել,
թե որտեղ, ինչ պայմաններում են ապրում»,- բացի ապրելու անբավարար պայմաններից, նաեւ
այս հոգսը «Առավոտին» ներկայացրին բնակիչները: Երեւանի քաղաքապետի 1998 թ.
թիվ 285 որոշմամբ «Կակաչ» հանրակացարանը «Նաիրիտի» հաշվեկշռից անցավ Շենգավիթի համայնքի
հաշվեկշիռ՝ որպես բնակֆոնդ: Նաիրիտցիներին իրենց սենյակները որպես սեփականություն
տնօրինելու իրավունք տրվեց: «Բայց դա մեզ չուրախացրեց, որովհետեւ արդեն լիովին կտրվեց
բնակարան ստանալու հույսը, համայնքի ղեկավարությունն էլ եթերով հպարտ-հպարտ հայտարարեց,
թե այսքան մարդու բնակարանային խնդիր լուծեց: Այնինչ՝ մենք բոլորս էլ 15-20 տարի
անընդմեջ աշխատում էինք «Նաիրիտում», բոլորս էլ հաշվառված էինք բնակարանային հերթում,
երկար տարիներ վարձով էինք ապրել ու սպասում էինք: Մեր ընտանիքը՝ ես, ամուսինս ու
3 տղաներս 1990 թ. Լենինյան շրջգործկոմից արդեն ստացել էինք բնակարանի օրդեր: Գիտեինք
մեր նոր հասցեն՝ Հարավ-արեւմտյան զանգվածի 61 շենքում 3 սենյականոց բնակարան պիտի
ստանայինք, բայց, փաստորեն, մնացինք հանրակացարանում: Մեզ պես օրդեր ստացած շատ ընտանիքներ
կան»,- ասաց թիվ 55 սենյակի բնակիչ Սվետա Կարապետյանը: Նրա ամուսինը՝ Ժորա Քոչարյանը,
եւ մեծ տղան մասնակցել են արցախյան պատերազմին, ամուսինը դարձել է 2-րդ կարգի հաշմանդամ:
Ամուսիններն այսօր էլ աշխատում են «Նաիրիտում», իսկ տղաները՝ հիասթափվելով պետության
«շնորհակալությունից», ինչպես նաեւ՝ աշխատանք գտնելու հույսով, հեռացել են երկրից:
Իսկ նրանց շենքն այդպես էլ մնացել է կիսակառույց եւ, բնականաբար՝ կվաճառվի որեւէ
մեկին: Նման պայմաններում ու հոգեվիճակով ապրում են նաեւ նախկին կամ արդեն
սեփականաշնորհված մյուս հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողները: Ավելին՝ շատ շենքերի
սենյակներում ջրի ծորակ չկա, զուգարանն ընդհանուր է ամեն տարիքի ու սեռի բնակչի համար:
Նույն սենյակում ապրում են ամուսիններն իրենց ծնողների ու երեխաների հետ: Օրինակ՝
«Կակաչի» հարեւան «իզելյատորշչիկների» հանրակացարանում մի փոքրիկ սենյակում ապրում
է Խաչիբարյանների ութ հոգանոց ընտանիքը՝ երկու տղաներն իրենց կանանց, երեխաների ու
ծնողների հետ: Նրանց ու նրանց նմաններին իշխանությունները համարում են «բնակարանով
ապահովված»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ