Գեղարքունիքում
«Պահպանենք մեր մշակույթը» փառատոնի պատվիրակներին հարսանքավորների պես ընդունեցին
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կազմակերպած «Պահպանենք մեր մշակույթը»
հանրապետական փառատոնն արդեն հասցրել է հյուրընկալվել Արմավիրի, Արարատի, Սյունիքի,
Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում: Հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդային տեսահոլովակում
կազմակերպիչները խոստանում են մշակույթ «արտահանել» մարզեր ու տեղի բնակիչներին «հրամցնել»
թատերարվեստ, երգարվեստ, պարարվեստ, գրքերի ցուցահանդես-վաճառք եւ այլն: Հավանաբար
փառատոնի վարկանիշը բարձրացնելու նպատակով վերջինիս գովազդային տեսահոլովակում կադրեր
են ցուցադրվում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանի ու անվանի դուդուկահար
Ջիվան Գասպարյանի ելույթներից, որոնք թվարկված 5 մարզերում չեն մասնակցել փառատոնին:
Ջիվան Գասպարյանի հետ հնարավոր չեղավ կապվել, իսկ Գեղամ Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝
ինքը կամ օպերային թատրոնը ինչ-որ կերպ ընդգրկվա՞ծ են փառատոնի ծրագրերում: «Տեղյակ
էլ չեմ, որ փառատոնի գովազդային տեսահոլովակում ես էլ կամ: Ախր չի կարելի այդ կերպ
թյուրիմացության մեջ գցել ժողովրդին: Ես իրականում ոչ մի կապ չունեմ այդ փառատոնի
հետ եւ չգիտեմ, թե ով է դրա կազմակերպիչը»,- ասաց նա: «Մեկ ազգ, մեկ մշակույթ»
հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Քնարիկ Պողոսյանից էլ հետաքրքրվեցինք՝ առաջիկայում
որեւէ մարզում հնարավո՞ր են Գեղամ Գրիգորյանի ու Ջիվան Գասպարյանի ելույթները: «Փառատոնը
դեռ ընթացքի մեջ է, չի բացառվում, որ նրանք էլ հրավիրվեն: Մյուս կողմից Ջիվան Գասպարյանի
կամ Գեղամ Գրիգորյանի՝ կադրում երեւալը սիմվոլիկ բնույթ է կրում: Չէ՞ որ փառատոնը
մշակութային է, իսկ նրանք մեր մշակույթի կրողներն են»,-պարզաբանեց տիկին Պողոսյանը:
Ինչպես տեղեկացրել էինք, սեպտեմբերի 22-ին էլ փառատոնի պատվիրակներին աղուհացով,
դհոլ-կլարնետով դիմավորեցին Գեղարքունիքում: «Գրվավ վարդենիսյան Գինեսի գրքում»,-
միջոցառումից հետո այսպես արտահայտվեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը՝ մշակութային
մեկ տասնյակ կենաց խմելուց հետո: Ընդունելությունն այնքան ջերմ էր, որ մի պահ թվաց,
թե հարսանիք է, մենք էլ խնամիներն ենք: Վարդենիսի մշակութային պալատում անցկացվելիք
համերգային ծրագրից առաջ ներկայացվեցին Գեղարքունիքի մարզի շրջկենտրոնների՝ Սեւանի,
Գավառի, Մարտունու, Վարդենիսի մշակութային կենտրոնների երեխաների ձեռագործ աշխատանքները:
Համերգային ծրագրին մեծ ոգեւորությամբ մասնակցելու էին եկել ինչպես մարզի երգի-պարի,
ժողգործիքների լավագույն ինքնագործ խմբերը, այնպես էլ մայրաքաղաքից ժամանած համույթներն
ու երգիչները: Ներկաներից մեկին հատկապես դուր էր եկե Սոֆի Դեւոյանի Պարի եւ հոգու
թատրոնի ելույթը: «Թողեք սեքս նայեմ»,- նստածներին նկատողություն արեց խիստ հետաքրքրվածը:
Երկար տարիներ մշակույթի երես չտեսած 76-ամյա Ջիվան Հակոբյանին միջոցառումն
ուրախացրել էր. «Շնորհակալություն եմ հայտնում, որ եկաք, ուրախացրիք մեզ»: Իսկ այն
հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է մասնակցել մշակութային միջոցառման, Ջ. Հակոբյանն
ասաց. «Տո ես շա՞տ եմ գիդում»: Համերգից հետո իր տպավորություններն ու մտահոգությունները
կիսեց Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ Վանուշ Խանամիրյանը. «Դուրս
շատ եկան Սեւանի, Գավառի, Մարտունու խմբերը: Մենք պետք է հայկական մնանք, որովհետեւ
մեր մշակույթն այնքան հարուստ է, որ ոչ մի եվրոպական երկիր չի կարող մեր մշակույթի
հետ քյալա տա: Բայց մենք դա չենք գնահատում: Ցավում եմ: Ընկել ենք ուրիշների գրպանները,
պորտապարեր ենք սկսել պարել: Ինչու չէ, թող պարեն, թող ժամանակակից պարեր էլ պարեն,
բայց պարերը ազնիվ ու ճշգրիտ ձեւով ներկայացնեն. 90%-ը հայկական, 10%-ը՝ ժամանակակից
եւ ոչ թե հակառակը»: Վարդենիսցի Ամալյա Ամուսնակյանին էլ մի ուրիշ հարց ուղղեցինք՝
«Ձեր կարծիքով, նմանատիպ միջոցառումները որքանո՞վ են նպաստում մշակույթի զարգացմանը»:
Ա. Ամուսնակյանն ասաց. «Հի՞նչ եմ գիդում»: «Գոնե մշակույթի պալատի տեղը գիտե՞ք»,-
կրկին հարցրինք: «Էդ կողմերը կըլնի, էլի»,- պատասխանեց կարիքավոր փախստականը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ