Իրան
բարեկամական առաքելության մեկնած Զեփյուռ մայրիկը 24 ժամ պահվել էր մեկուսարանում
80-ամյա ասեղնագործ Զեփյուռ Դանիելյանը ապրիլի 19-ին ավտոբուսով մեկնեց Իրանի
Իսլամական Հանրապետություն: 17 հազար դրամով ձեռք բերեց ավտո բուսի տոմս: Մինչ այդ
Իրանի դեսպանատնից ստացել էր մուտքի վիզա: Զեփյուռ Դանիելյանն իր հետ վերցրել էր
24 ստեղծագործություն (ժանյակ, ասեղնագործություն), այդ թվում՝ ԻԻՀ նախագահ Մոհամադ
Խաթամիի ասեղնագործված դիմանկարը: Հասնելով Թեհրան՝ Դանիելյանը ճշտում է Առաջնորդարանի
տեղը: Երբ տաքսիով հասնում է այնտեղ, պարզվում է՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված
հավաք էր: Երբ ներկայանում է դեսպանատան աշխատակիցներին, նրանցից մեկն ասում է. «Չենք
ընդունում: Որտեղից եկել ես՝ գնա այնտեղ»: Ժանեկագործը խնդրում է իրեն տանել «մեջլիսի
դուռ»: Հասցնում են մեջլիսի դուռը, իսկ երբ մեջլիսը հսկող ոստիկանին «Անա Զեփյուռն»
ասում է, թե Խաթամիի նկարն է իր մոտ, ոստիկանը 500 թուման գումար է տալիս «Անային»,
տաքսի կանչում ու կարգադրում՝ «աղայի տուն տար»: Տիկին Զեփյուռին ուղեկցում
են Խաթամիի եռահարկ տուն, սակայն պարզվում է՝ «Խաթամի յոխ» ու ուղեկցում են «Թերմինալ»
ավտոկայարան, քանի որ հայ ասեղնագործուհին մտադիր էր հայկական համայնքի հետ հանդիպել:
Այս պատմության հովվերգական մասն ավարտվում է նրանով, որ ավտոկայարանում նստարանի
վրա երեք օր անցկացրած Դանիելյանին երեք ոստիկան «քաղցր ժպտալով» տանում են «բարձր
պարիսպներով մի քանդված տարածք: Երկաթե դուռ կար: Գործերս դրեցին այնտեղ, իսկ մեկ
այլ դուռ էլ բացեցին ինձ համար. մտի՝ սպասի, ասացին», պատմում է նա, տեղեկացնելով,
որ իրեն 24 ժամ պահել են մեկուսարանում: Սակայն ինչի համար, ոչ ոք առայսօր պատասխան
չի տվել: Ավելին, դուրս գալով այնտեղից, հանդիպում է Թեհրանում ՀՀ դեսպանատան ներկայացուցչին,
որին էլ հանձնում է առգրավված հավաքածուն: Չնայած այդ բոլոր արկածներին 2005թ.
մայիսի 5-ին ՀՀ դեսպանատունը շնորհակալություն է հայտնում սիրելի Զեփյուռ մայրիկին,
գրելով. «Խորապես հիացած ենք Ձեր արարքով, որը շաղախված է բարությամբ եւ երախտագիտության
բարձր զգացողությամբ: Ստացանք Ձեր ասեղնագործությունների հավաքածուն, որը Դուք պատրաստել
եք մի քանի տարիների ընթացքում՝ Ձեր մանրակրկիտ եւ երկարատեւ աշխատանքի արդյունքում»:
Դեսպանատունը երաշխավորել էր, որ աշխատանքները փոխանցվելու են ԻԻՀ նախագահ Սեյեդ
Մոհամադ Խաթամիին: Սակայն «սիրելի Զեփյուռ մայրիկն» ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ
ինքը չի կարող ապահով ցուցադրվել ԻԻՀ-ում, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությանը «Ժողովրդական
ստեղծագործության եւ արհեստագործության կենտրոնն» այսպիսի բովանդակությամբ գրություն
է ուղարկել. «Զ. Դանիելյանը եղել է մեր հանրապետության շնորհալի ստեղծագործողներից
մեկը, բայց ժամանակի ընթացքում կորցրել է ազգային մտածողությունը»: Մեկ այլ գնահատականով
«տաղանդաշատ արվեստագետը իր հայտնագործություններով հարստացրել էր մեր ազգային մշակույթի
գանձարանը»: Սակայն ոչ մի խոսք ՀՀ քաղաքացու «մեկ սուտկա» ազատազրկվելու մասին: Ռ.
Մ.