Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՆՈՐԻՑ ՀԱՄԱՌԵՑԻՆ

Սեպտեմբեր 24,2005 00:00

Եվրահանձնաժողովը
նորից դժգոհեց։ Էրդողանն ու Գյուլը՝ նույնպես: Ստամբուլի դատարանը արգելել
է Բողազիջի համալսարանում սեպտեմբերի 23-25-ը կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված
«Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության
հարցեր» գիտաժողովի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Հայկական
հարցին նվիրված միջազգային այս գիտաժողովը պետք է կայանար մայիսի 25-ին, սակայն հետաձգվել
էր անորոշ ժամանակով: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը թուրք պատմաբանների
նախաձեռնությունը անվանել էր «դավաճանություն, թուրք ժողովրդի մեջքին խրված դաշույն»:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, այս անգամ արգելման որոշումը կայացվել
է արդեն դատական մակարդակով՝ Թուրքիայի իրավաբանների միության դիմումի հիման վրա:
«Դատարանը գիտաժողովի կազմակերպիչներից՝ Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) եւ Սաբանչի
համալսարաններից պահանջել է 30 օրվա ընթացքում տեղեկություններ ներկայացնել գիտաժողովի
բովանդակության, մասնակիցների ու զեկուցողների մասին եւ դադարեցնել գիտաժողովի հետ
կապված գործունեությունը»,- հայտնել է կազմակերպիչներից Նուխեթ Շիրմանը: Նա նաեւ
նշել է, թե կազմակերպիչներին է զանգահարել Ստամբուլի քաղաքագլուխ Մուամեր Գյուլերը,
որը «ներողություն է խնդրել, սակայն ասել, որ պետք է հետեւի օրենքին»: Ուշագրավ
է, որ դատարանի որոշումը քննադատել է անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը. «Հնարավոր
չէ, որ ես ողջունեմ նման որոշում՝ այն ժամանակ, երբ քայլեր են արվում դեպի ավելի
զարգացած ժողովրդավարություն, ավելի ազատ Թուրքիա»,- հայտարարել է Էրդողանը: Ինչպես
հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով
հանձնակատարի մամլո քարտուղար Կրիշտինա Նագին «հերթական սադրանք» է անվանել թուրքական
դատարանի որոշումը, որով կասեցվել է Ստամբուլի Բոսֆորի համալսարանում Հայոց ցեղասպանության
հարցերին նվիրված գիտաժողովի անցկացումը: «Իրավական հիմնավորումների բացակայությունը
եւ կոնֆերանսի չեղյալ հայտարարելը դրա մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ հերթական սադրանքի
տեսք ունեն»,- հայտարարել է Կրիշտինա Նագին: «Մեդիամաքս» գործակալությունը
հիշեցնում է, որ մինչ այդ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլլի Ռենը «սադրանք»
էր անվանել թուրքական դատարանի որոշումը՝ հայտնի գրող Օրհան Փամուկի նկատմամբ քրեական
գործ հարուցելու մասին, որը հրապարակայնորեն հայտարարել էր 1,5 միլիոն հայերի ոչնչացման
մասին: Երեկվա թուրքական թերթերը մեջբերում են Թուրքիայի վարչապետի եւ արտաքին գործերի
նախարարի հայտարարությունները, որոնք դատապարտում են դատարանի որոշումը: Վարչապետ
Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «դեռեւս չմեկնարկած կոնֆերանսի կանխումը, որի օրակարգը
նույնպես հստակեցված չէր, ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարության հետ»: Իսկ
ԱԳ նախարար Աբդուլա Գյուլն ասել է, որ «ոչ ոք չի կարող ավելի շատ վնասել մեզ, քան
մենք՝ ինքներս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել