Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նրանք խնդրեցին՝ մենք էլ չմերժեցինք

Սեպտեմբեր 24,2005 00:00

Բաշխիչ ցանցերի առուծախն ավարտվեց

Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի վաճառքի գործարքն արդարացնելու հերթը Էներգետիկայի նախարարությանն էր: Երեկ այդ առիթով Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ասուլիս էր հրավիրել՝ պաշտոնապես հայտարարելու, որ բաշխիչ ցանցերը «ՌԱՕ ԵԷՍ»-ին հանձնելու վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է:

Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ շաբաթ հանրապետության նախագահը այս գերատեսչությանը երեք օր ժամանակ էր տվել վաճառողի եւ գնորդի միջեւ ծագած տարաձայնությունները հարթելու եւ պայմանագրի կետերի շուրջ բանակցելու համար, սակայն անցել էր 8-9 օր՝ նախարարությունից ձայն-ծպտուն չկար: Երեկ նախարարը նախ «սխալ հանեց» լրատվամիջոցների՝ գործարքը քննադատող այն հրապարակումները, որտեղ կարծիք են հայտնել, թե «կթուլանա մեր էներգահամակարգի կայուն վիճակը», ապա գործարքն արդարացնող մի շարք փաստարկներ թվարկեց, ձեռքի հետ էլ կոչ արեց ազգովի ռուսներին շնորհակալ լինել. «Սրանից 4 տարի առաջ հանրապետությունում ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվել եւ առանց որեւէ մեկի օգնության չէինք կարող այդ վիճակից դուրս գալ: 40 միլիոն դոլարի պարտք ունեինք, 14 միլիոն դոլարի էլ ներդրում էր անհրաժեշտ, որպեսզի կարողանանք Ատոմակայանն աշխատեցնել: Դիմեցինք «ՌԱՕ ԵԷՍ»-ին՝ խնդրելով օգնել, մարդիկ մեզ չմերժեցին: Նրանց օգնությամբ հնարավոր եղավ ճգնաժամից դուրս գալ»:

Ա. Մովսիսյանը սույն գործարքի նախապատմությունն էլ արեց. «Մոտ մեկ ամիս առաջ Բաշխիչ ցանցերի սեփականատեր «Միդլենդ Ռիսորսիզը» դիմել է մեր կառավարությանը՝ հայտնելով, որ չի ցանկանում տարածաշրջանում էներգետիկ ոլորտում ներդրումներ անել եւ մտադիր է Բաշխիչ ցանցերը օտարել: Կառավարությունն էլ չմերժեց»: Թե ի՞նչ արժե գործարքը՝ նախարարը տեղյակ չէր: Լրագրողներից մեկը Ա. Մովսիսյանից հետաքրքրվեց՝ «որպես այս ոլորտում ներդրում ունեցող անձ, Հայաստանի էներգետիկ համակարգը ռուսներին հանձնելու համար վաղը չի՞ զղջալու»: Հարցին ի պատասխան՝ պարոն Մովսիսյանն ինքն իրեն մխիթարեց. «ՌԱՕ ԵԷՍ-ն» այստեղ շատ բան չունի՝ միայն Բաշխիչ ցանցերն ու Սեւան-Հրազդան կասկադը, դրանք էլ էական ազդեցություն չեն ունենա մեր էներգահամակարգի վրա»:

Պարոն Մովսիսյանն արդեն իսկ ձեռքբերում համարեց այն, որ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրվել, արտահանվել ու իրացվել, որ բնակչության սպառումը ավելացել է 6,6 %-ով, որ կորուստներն ու վթարները նվազել են: Հարցին, թե «այդ ձեռքբերումների պարագայում ինչո՞ւ էլեկտրաէներգիան չի էժանանում», նախարարը պատասխանեց. «գին որոշողը մենք չենք, այլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»:

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության առնչությամբ Ա. Մովսիսյանը հայտնեց, որ նախատեսվածից չորս ամիս շուտ շահագործման կհանձնվի:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել