«Գայթակղիչ առաջարկներ» անողները գիտեն քո անձնական տվյալները
Ամեն օր էլեկտրոնային անհատական փոստերը լցվում են «ամերիկյան ժպիտներով», անհեթեթ առաջարկություններով ու, որ ամենավտանգավորն է՝ վիճակախաղի հրավերներով: Եվ խուսափել դրանից գրեթե անհնարին է:
Վերջերս «Առավոտի» խմբագրություն դիմած Գոհար Գեւորգյանը, որը նույնպես «արժանացել» էր նման հետապնդումների, խնդրում էր պարզել՝ իրո՞ք ինքը 1 մլն եվրո է շահել «Category B+» վիճակախաղում, թե՞ ոչ: Ընդ որում, նրան ուղարկած հաղորդագրությունների հեղինակը՝ ոմն Մարկ Ջեֆերսոն, պահանջել էր շտապ՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը 960 եվրո փոխանցել իր հաշվեհամարին՝ շահումը ստանալու համար: Նշենք, որ այս եւ նմանատիպ վիճակախաղերի առնչությամբ ամիսներ առաջ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով քաղաքացիներին չխաբվել այդ առաջարկություններով, չհավատալ ու ոչ մի դեպքում չփոխանցել նախանշված գումարները, բայց, պարզվում է, այդ հաղորդագրություններն այնքան գայթակղիչ ու պատկերավոր են, որ քաղաքացիներն ավելի շատ հակված են հավատալու դրանց, քան հակառակը:
Օրինակ, տիկին Գեւորգյանն «Առավոտին», ինչպես նաեւ արտգործնախարարին ու ազգային անվտանգության նախարարին ուղղված իր նամակում մեծ մտավախություն էր հայտնել, որ հնարավոր է ինքն արդեն միլիոնատեր է, սակայն «չեմ հասկանում՝ ի՞նչ մեխանիզմներով պետք է մրցանակը փոխանցեն հայկական բանկ՝ իմ հաշվեհամարին»: Այն, որ նրանից պահանջել են ոչ թե կլոր 1000, այլ 960 եվրո, բոլորովին էլ պատահական չէ, քանի որ հաղորդագրություններում այդ գումարն ուզում են ընդամենը փաստաթղթային մանր-մունր գործերը կարգավորելու համար, ինչն ավելի է մոլորեցնում երջանիկ «հաղթողներին»:
Սովորաբար Հայաստանի քաղաքացիների հասցեներով ուղարկված նման հաղորդագրությունների հեղինակը հենց հայի անուն-ազգանունով է լինում, օրինակ՝ Տաթեւիկ Դավթյան, ինչը ստիպում է մտածել, թե նամակը ինչ-որ ծանոթից է, հետեւաբար մինչ աղբարկղ նետելը՝ այն բացել ու կարդալ: Հենց այստեղից է գալիս ողջ դժբախտությունը, որովհետեւ հետագա օրերի ընթացքում ստիպված ես լինում ոչ միայն հարյուրավոր նամակներ նշել ու ջնջել, այլ՝ «yahoo-ին, mail. ru-ին կամ yandex-ին» աղաչել, որ այդ աղջկա նամակների մուտքը գոնե կես ժամով արգելի:
Բացի վիճակախաղերի հրավերներից, պակաս վտանգավոր չեն նաեւ «Միացիր աշխարհի երիտասարդներին», «Ձեռք բեր հազարավոր ընկերներ», «Ուղարկիր եւ ստացիր SMS-ներ» եւ այլ հրամայականներով հաղորդագրությունները, որոնք, մինչ այդ «հաջողակների» շարքն ընդգրկվելը, պահանջում են հատուկ բլանկում գրանցվել, հետեւաբար նաեւ՝ թողնել որոշակի տվյալներ: Զարմանալին այն է, որ եթե անգամ բլանկում որեւէ տվյալ, ասենք՝ տարիքդ կամ ծննդավայրդ սխալ ես գրում, տողը դեղնում է: Այսինքն՝ այդ հաղորդագրություններ ուղարկողներն իրականում շատ ավելին գիտեն քո մասին, քան կարելի է ենթադրել: Իմանալ կարելի է տարբեր աղբյուրներից, որովհետեւ անհատական փոստն իրականում բոլորովին էլ անհատական չէ: Անգամ համակարգչում առկա փաստաթղթերը, փաթեթներն ու ֆայլերը ընթեռնելի են:
Վերջերս ՀՀ կառավարության կողմից հաստատվեցին մի շարք ծրագրեր, ըստ որոնց՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտներ կարող են, օրինակ, մաքսային գործարքներ կատարել ինտերնետի միջոցով: Այն, որ նման միջոցով սուբյեկտների աշխատանքը կրկնակի կհեշտանա ու կարագանա՝ միանշանակ է, բայց կա նաեւ հարցի մյուս կողմը. փաստորեն, ինչ-որ չափով հնարավոր է վտանգվի նրանց ֆինանսական գաղտնիությունը, որն այնքան կարեւոր է հատկապես մեր գործարարների համար: Ուրիշ բան, որ կառավարությունն «իր մարդիկ» ունի համակարգչային աշխարհում, որոնք կբացահայտեն ստվերն ու անօրինական գործարքները, բայց անձնական կյանքի գաղտնիության տեսանկյունից բացն ակնհայտ է:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ