Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է

Սեպտեմբեր 24,2005 00:00

ՕՐԵՆՔԸ
ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է «Ընտրական օրենսգրքի» 18 հոդվածի համաձայն՝ «արգելվում
է նախընտրական քարոզչություն կատարել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել
պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաեւ դրանց աշխատակիցներին
իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս»: Ըստ այդմ՝ գործող թաղապետերն,
օրենքի համաձայն, նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է գտնվեին արձակուրդում:
Մինչդեռ սեպտեմբերի 18-ից մեկնարկած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
մասնակցող բոլոր գործող համայնքապետերն ու նրանց տեղակալները շարունակում են գործադրել
իրենց լիազորությունները՝ դրանք ծառայեցնելով քարոզչական նպատակների: Սա «Ընտրական
օրենսգրքի» միակ շրջանցումը չէ: Բավական գովազդվեց, որ այս տարվա գարնանն իրականացված
փոփոխություններով վստահված անձինք իրենց լիազորություններով գրեթե հավասարեցվեցին
ընտրական հանձնաժողովի անդամներին: Անգամ ասվում էր, թե նրանք ունեն նույն իրավունքները՝
միայն չեն կարող քվեարկել: Սակայն պարզվում է, որ այժմ ԿԸՀ-ն փորձում է «խմբագրել»
օրենքը եւ սահմանափակել վստահված անձանց լիազորությունները: Տեղեկություններ կան,
որ հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն անցած շաբաթավերջին հրահանգել է, թե վստահված
անձանցից միայն երկուսն իրավունք ունեն ստուգելու ընտրողների անձնագրերը: Երեկ կայացած
ասուլիսում այս մասին մեր հարցին ի պատասխան՝ «Արդարություն» դաշինքի մամուլի պատասխանատու
Ռուզան Խաչատուրյանն ասաց. «Մենք էլ ունենք նման տեղեկատվություն: «Արդարության»
ներկայացուցիչը ԿԸՀ-ում՝ Ֆելիքս Խաչատրյանը եւս պնդում է, թե Գարեգին Ազարյանն անօրինական
հայտարարություն է արել եւ պարտավոր է ցույց տալ օրենքի համապատասխան կետը, որով
նա փորձում է կիրառել նման սահմանափակում: «Արդարությունը» հանձնաժողովի իր բոլոր
անդամներին ու վստահված անձանց տեղյակ է պահել այդ մասին եւ հայտնել, որ ունեն ստուգելու
իրավունք, եւ օգտագործելու են այն»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել