Բազեյանի
կուսակցությունը եւս իշխանափոխություն է ուզում Շիրակի մարզի «Հանրապետություն»
կուսակցությունն ամբողջ կազմով երեկ վերստեղծվեց որպես նոր՝ «Ազգային վերածնունդ»
կուսակցության: Մարզային կառույցի ղեկավար Հունան Մազմանյանի ներկայացմամբ՝ «Հանրապետություն»
կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության 263 անդամներից «Ազգային վերածնունդ»
կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպությանը անդամակցելու հայտ են ներկայացրել
257-ը, մյուս վեցից երեքը բացակայում են հանրապետությունից, իսկ երեքն էլ արդեն տարիուկես
չեն համագործակցել կուսակցության հետ: Ասվեց, որ «Ազգային վերածնունդ»-ին անդամակցողների
թիվը այժմ ավելացել է 79-ով: Նորաստեղծ կուսակցության անդամ են դարձել բոլոր նրանք,
ովքեր 2003-ի նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունների
կողմից «դուբինկաներ» են ստացել, ջրվել են ջրցան մեքենաներով, փշալարեր են տեսել,
եւ երեկ հաստատում էին, որ հանուն իրենց նպատակի՝ իշխանափոխության, դարձյալ պատրաստ
են անցնել ցանկացած փորձություն. «Հաստատ իմացեք, այն աշխատանքները, որ մենք տարել
ենք, սրանից հետո տանելու ենք կրկնակի եռանդով, կրկնակի ուժով: Մենք ունենք մեր տեղը,
մենք ընդդիմադիր քաղաքական դաշնակից ընկերների հետ շարունակելու ենք մեր ճանապարհը»,-
ասաց «Ազգային վերածնունդ» կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավար Հուսիկ
Մազմանյանը: Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ նորաստեղծ կուսակցության
գլխավոր խնդիրը լինելու է իշխանափոխությունը. «Մենք դրան հասնելու ենք, եւ դրան հասնելու
միակ ճանապարհը բոլոր ընդդիմադիր ուժերի հետ միասնական ճանապարհն է, այն ուժերի,
որոնք դնում են իշխանափոխության խնդիր, եւ կարեւորը, որ իշխանափոխությունից հետո
ժողովրդի կյանքը բարելավվի: Իշխանափոխությունն ինքնանպատակ չէ»: Վաղարշակ Հարությունյանը
շեշտեց, որ իրենք ակտիվ աշխատելու են «Արդարություն» դաշինքում եւ հետագա քայլերի
մարտավարության մասին որոշումները իրականացնելու են դաշինքի հետ, ասվեց, որ համագործակցելու
են «Ազգային միաբանության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունների
հետ նույնպես. «Եթե որեւէ մեկը ձեզ կառաջարկի, որ պետք է ձեւավորել նոր ֆորմատ, դուք
հաստատ պետք է հասկանաք, որ նա, ով խոսում է նոր ֆորմատի մասին, ուզում է լիդեր դառնալ,
նա չի ուզում լուծել ժողովրդի հարցերը, այլ ուզում է իր անձնական հարցերը լուծել:
Մենք այդ ճանապարհով չենք գնա»,- գյումրեցիներին բացատրեց գեներալ-լեյտենանտը: Ալբերտ
Բազեյանը գյումրեցիներից նախ շնորհակալություն հայտնեց չորսից ավելի տարիների համատեղ
աշխատանքի համար եւ իր հերթին վստահեցրեց. «Մեր գնահատմամբ, Հայաստանում ոչ թե ուղղակի
իշխանափոխություն պետք է արվի, այլ իշխանությունը պետք է վերադարձվի ժողովրդին, որը
նրանից խլված է ընտրակեղծիքների միջոցով: Եվ այդ խնդիրը մենք անպայման ձեզ հետ միասին
եւ մեր ընդդիմադիր մյուս գործընկերների հետ լուծելու ենք»: Ալբերտ Բազեյանը շեշտեց.
«Մեր հույսն ու հավատը մենք ենք լինելու, Հայաստանի քաղաքացիները՝ գյումրեցին, երեւանցին,
գավառցին եւ մնացած բոլորը»: Բազեյանը վստահեցրեց. «Մենք արդարացնելու ենք ձեր բոլորի
հույսերը: Դուք երբեք չեք ամաչելու մեր գործունեության համար, մեր կատարած քայլերի
համար, պարզճակատ եք լինելու, մեր քաղաքական գործունեության մեջ շարունակելու ենք
պահպանել բարոյականության նորմերը, անկախ այն հանգամանքից՝ կհասնե՞նք հաջողությունների
եւ մեր նպատակների իրականացմանը, թե՞ ոչ, որովհետեւ մեզ համար միշտ էլ շատ կարեւոր
է եղել սկզբունքներին, բարոյականությանը եւ մեր գաղափարներին հավատարիմ մնալու գործելակերպը»:
Հիմնադիր կոնֆերանսին մասնակցում էին նաեւ մարզի ԵԿՄ անդամներ, նաեւ «Ազգային
միաբանություն», ՀԺԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներ: ԵԿՄ
անդամ Սամվել Մազմանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ես երկրապահ եմ եւ էդպես էլ կմնամ
երկրապահ, մինչեւ մեռնելս», սակայն ասաց, որ մասնակցելու է նաեւ «Ազգային վերածնունդ»-ի
միջոցառումներին: Չնայած նա հատուկ կարծիք ուներ քաղաքականության մասին. «Քաղաքականությունը
անտակ «բոչկա» (տակառ- Մ. Ե.) է, մեջը չպետք է թաթախվես»: Մեկ ուրիշ երկրապահ՝
Արտյուշ Չարչօղլյանը, որը նույնպես կուսակցության անդամ չէր, այլ համախոհ, ուզում
էր հասկանալ, թե ինչպե՞ս է իրականացվելու իշխանափոխությունը. «Դուք չնշեցիք, թե իշխանափոխությունը
ի՞նչ միջոցներով պետք է լինի՝ Սահմանադրությա՞մբ, թե՞ պետք է ժողովրդին կոչ անենք,
ինչպես Արամ Սարգսյանն է հաճախ ասում, վերցնենք ժողովրդին, տանենք բանակի դեմ»: Արտյուշա
Չարչօղլյանին հետաքրքրում էր՝ երբ Արամ Սարգսյանը հակառուսական հայտարարություններ
էր անում «դուք ինչո՞ւ ոչինչ չէիք ասում: Ես զարմանում էի ձեր դիրքորոշման վրա, որը
ես չէի ասի, որ ռուսամետ է, բայց՝ ավելի ռեալ է: Եթե յուրաքանչյուր գյումրեցու հարցնես՝
դու համաձա՞յն ես, որ ռուսական բանակը հանվի Գյումրիից, 99,9 տոկոսով դուք կստանաք
«ՈՉ» պատասխանը: Չէ՞ որ թուրքական 4-րդ բանակը կանգնած է սահմանի վրա»: Ավետիս
Մելքոնյանին էլ հետաքրքրում էր. «Ինչը՞ղ եղավ, որ դուք դուրս ելաք, թող Արամ Սարգսյանը
դուրս գար»: Մեզ հետ զրույցում Հուսիկ Մազմանյանն ասաց. «Հանրապետություն»
կուսակցության հետ ես առնել-տալիք չունեմ, շատ ուրախ կլինեմ, եթե «Հանրապետություն»
կուսակցությունը Գյումրիում հիմնադրեր տարածքային կազմակերպություն, որպեսզի հանրապետության
երկրորդ քաղաքում ընդդիմադիր կուսակցությունների քանակը շատանար»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ Հ. Գ. «Ազգային վերածնունդ» նորաստեղծ կուսակցության
Շիրակի մարզային կառույցի երիտասարդական թեւի ղեկավար ընտրվեց Արթուր Բաղդասարյանը: