Լրահոս
Օրվա լրահոսը

Բուհական

Սեպտեմբեր 23,2005 00:00

Բուհական խորհուրդը կնպաստի ինքնուրույնությանը Արձագանք՝ «Առավոտում» հրապարակված հոդվածների Կառավարության՝ բուհական խորհուրդներ ձեւավորելու կարգի մասին թիվ 975-Ն որոշումից հետո որոշ պետական բուհերի կողմից բարձրացված, մեղմ ասած, անհանգստությունը հասկանալի չէ: Նախ՝ բուհ ասելով չպետք է հասկանալ միայն պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը: Բուհը նաեւ հիմնադիրն է՝ իր համապատասխան լիազորություններով, ինչպես նաեւ՝ պետական կառավարման լիազոր մարմինը՝ դարձյալ իր լիազորություններով: Ինչպե՞ս կարող է պետական բուհը կայանալ եւ գործունեություն ծավալել, եթե չլինեն այս օղակները կամ ինչպե՞ս բուհին տեսնել այս օղակներից մեկուսացված: Բուհի ռեկտորը, որպես գործադիր մարմին, միանձնյա ղեկավարն է տվյալ ուսումնական հաստատության, բայց միանձնյա կառավարել՝ կնշանակի ոտնահարել կոլեգիալ կառավարման բոլոր նորմերը, այսինքն՝ տվյալ բուհում հաստատել «միապետություն», միանձնյա իշխանություն: Կոլեգիալության սկզբունքներով բուհի կառավարումը իրականացնելու լավագույն ձեւը բուհերում խորհուրդների ստեղծումն է: Որ խորհրդի ձեւավորումը կբերի բուհերի ինքնուրույնության, ինքնակառավարման փոքրացման՝ պարզապես զուրկ է որեւէ տրամաբանական հիմնավորումից: Ավելին՝ խորհուրդների ձեւավորումն էլ ավելի կընդլայնի տվյալ պետական կազմակերպության ինքնուրույնությունը եւ կբարձրացնի կառավարման որակը, քանի որ, փաստորեն, բուհում գործող փոքր եւ մեծ գիտխորհուրդների ու այլ խորհուրդների կողքին կձեւավորվի եւս մեկ խորհուրդ, որը անվանվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդ: Խորհուրդը «ծնվում» է՝ օգնելու բուհերի կառավարմանը, այն ավելի թափանցիկ, իրատեսական, համագործակցային ու նպատակային դարձնելու համար բուհը մոտեցնել կյանքի այսօրվա պահանջներին: Խորհրդի գործունեության հիմնական խնդիրներից մեկը լինելու է հաստատության բյուջեի, ռազմավարական ծրագրերի հաստատումը, տարեկան հաշվետվությունների գնահատումը: Պետք է լավ ըմբռնել ու հասկանալ խորհրդի վերոնշյալ հիմնական խնդիրները եւ հեշտ է նկատել, որ բուհի ուսումնական, գիտական ու գիտահետազոտական գործընթացները խորհրդի լիազորությունների մեջ չեն մտնում, դրանք եղել ու մնում են բուհական ամբիոնների ու գիտխորհուրդների բացառիկ լիազորությունները: Թերեւս վիճահարույց է խորհրդի բաղադրիչների համամասնության հարցը: Համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպության մասին» ՀՀ օրենքի հոդված 18.4-ի, բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ոչ պակաս, քան 25%-ը պետք է կազմեն պետական կազմակերպության սովորողները: Իսկ պրոֆեսորադասախոսական կազմի 25%-ը, կարծում եմ, քիչ է. բուհի դեմքը, նրա նկարագիրը, շարժիչ ուժը, վերջիվերջո, տվյալ բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է, նրա գիտնականն է, ուստի կառաջարկեի, որ խորհրդում նրանց թվակազմը լինի 35%-ից ոչ պակաս: Սակայն թվակազմի շուրջ միշտ էլ կարելի է բանավիճել եւ չգտնել որեւէ լուրջ հիմնավորում: Այստեղ էականն այն է, որ նոր ձեւավորված խորհրդի աշխատանքները հիմնված լինեն խորհրդի անդամների պատկերացումների նույնության, ընդհանուր նպատակի, համաձայնեցված աշխատակարգի ու նվիրվածության վրա: ՌՈՄԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել