Լրահոս
Օրվա լրահոսը

ՋԱՐԴԱՐԱՐԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ

Սեպտեմբեր 23,2005 00:00

ՋԱՐԴԱՐԱՐԻՆ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՄԵՂՄ ՊԱՏԻԺ Քանի որ տուն հրկիզելիս եւ մարդկանց դանակահարելիս նա «հուզված էր» Սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փնտրելու անհաջող փորձեր արեց Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակչուհի Քնարիկ Գրիգորյանը: Նա փորձում էր անկախության տարելիցի միջոցառումներից մեկում գտնել նախագահին եւ անձամբ նրան հանձնել իր հեռագիրը: Բանն այն է, որ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը սեպտեմբերի 19-ին ավարտեց «Նորատուսի գործի» դատաքննությունը: Եթե Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավճռով Քնարիկ Գրիգորյանի տունը հրկիզած, Գրիգորյանների ընտանիքի անդամներին մարմնական վնասվածքներ հասցրած Գարիկ Մանուկյանը դատապարտվել էր 5 տարի ազատազրկման, ապա վերաքննիչը ավելի մեղմ պատիժ սահմանեց, վերջինիս դատապարտելով 3 տարի 6 ամիս ազատազրկման: Բացի այդ, քրեական հետապնդումը դադարեցվեց Գրիգորյանների ընտանիքին 90 մլն դրամի նյութական վնաս հասցրած մեկ այլ ամբաստանյալի՝ Սեւակ Մանուկյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2003-ի մարտի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում Գարուն Մանուկյանի սպանությունից հետո, Մանուկյանների ընտանիքը փորձեց ինքնադատաստան տեսնել, եւ նրա ներկայացուցիչները ներխուժեցին Վրեժ եւ Քնարիկ Գրիգորյանների տուն, հրդեհեցին այն՝ մարմնական բազմաթիվ վնասվածքներ հասցնելով Գրիգորյանների ընտանիքի անդամներին: Ոստիկաններն անզոր գտնվեցին այս հարցում, թեեւ ունեին ահազանգ արդեն ժամը 18-ի սահմաններում, որ զինված, «կազմակերպված բանդան ծրագրավորել է հարձակվել Գրիգորյանների տան վրա»: 70-ամյա տուժող Քնարիկ Գրիգորյանը ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ վերաքննիչ դատարանը 2,5 տարի անց Գարիկ Մանուկյանի նկատմամբ նշանակեց դատահոգեբանական փորձաքննություն, այն էլ մեկ հոգեբանի՝ Էլդա Գրինի մոտ: Եվ, փաստորեն, դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը դարձավ Գ. Մանուկյանի մեղմ պատժի հիմքը: Նախարարին ուղղված հեռագրում Ք. Գրիգորյանը գրում է. «Դատահոգեբանական փորձաքննությունը գրվել է ապօրինի թղթի վրա, այնտեղ դրվել է Պետական համալսարանի գրասենյակային շտամպը՝ առանց պրոռեկտորի ստորագրության: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ աֆեկտային վիճակում գտնվողը դանակի հարվածները հասցնում է մարմնի տարբեր մասերում, քաոսային, այլ ոչ թե նպատակամետ հասցնում մի կետում՝ սրտի շրջանում: Իրականությունն այն է, որ իմ տունը հրկիզելու պահին Գ. Մանուկյանը փնտրել է փեսայիս՝ Նովլեթ Խաչատրյանին, գոռալով՝ պիտի նրան մորթի»: Փորձագետ Էլդա Գրինի դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, երբ «հրկիզված տնից դուրս է վազել տուժող Նովլեթ Խաչատրյանը՝ փեսան, փորձաքննվողի՝ Գարիկ Մանուկյանի կողմից սուբյեկտիվորեն ըմբռնվել է որպես թշնամի եւ դրանով իսկ ինչ-որ չափով նույնականացվել է փախուստի մեջ գտնվող եղբորը՝ Գարունին սպանող Վրեժի հետ: Տուժող Նովլեթ Խաչատրյանի նկատմամբ կատարած գործողության համար փորձաքննվողը զղջում է եւ դա նույնպես խոսում է կոմուլյատիվ աֆեկտի առկայության մասին»: Ըստ չորս տուժողների՝ վիճահարույց հարցն այն է, թե Գ. Մանուկյանը արդյոք գտնվե՞լ է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում տան հրկիզման, ինչպես նաեւ Մայիս Անտոնյանի տանը տեղի ունեցած անօրինական գործողությունների ընթացքում: Փորձագետի գնահատմամբ, «խիստ հուզմունքի վիճակում» գտնվելը ազդել է ամբաստանյալի գիտակցության եւ վարքի վրա: Տուժողները վերաքննիչ դատարանում իրենց ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Ռշտունուց հետո (Սանկտ Պետերբուրգում վիրահատվել է) ներգրավեցին մեկ այլ ներկայացուցչի՝ Հայաստանի փաստաբանների միության անդամ Աղասի Աթաբեկյանին, որի որեւէ միջնորդություն դատարանը չի բավարարել: «Բանդիտիզմով սպանության փորձ կատարած անձանց նկատմամբ կիրառվեցին խորհրդանշական պատիժներ»,- գտնում է Ա. Աթաբեկյանը: Այս դատաքննությունը ընթացավ տուժողների կողմից պարբերաբար դատարանի կազմի, այդ թվում՝ մեղադրող Կորյուն Փիլոյանին բացարկ հայտնելու պայմաններում: Գրիգորյանների երեխաները մինչ օրս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց այրված, ավերված բնակարանը, իսկ նորատուսյան կրքերը դեռ չեն հանդարտվել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել