Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺԱՐԻՏ ՍԱՄՈՅԻ» ՀԵՏ «ԺԱՐԻՏ ԷՐ ԱՆՈՒՄ»

Սեպտեմբեր 23,2005 00:00

«ԺԱՐԻՏ ՍԱՄՈՅԻ» ՀԵՏ «ԺԱՐԻՏ ԷՐ ԱՆՈՒՄ» Օրերս ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հրամանով Գյումրիի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Շիրակ Շահնազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, մեր աղբյուրների ասելով՝ սպայի պատիվն արատավորելու համար: Նրա փոխարեն ՀՀ ոստիկանապետի հրամանով ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Գրիշա Եպիսկոպոսյանը: Ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետի այս հրամանի պատճառներից մեկն այն է, որ վերջերս Շ. Շահնազարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մարտին Սուքիասյանի եւ Գյումրիում հայտնի «օրենքով գողերի» ու այլ տիպի «հեղինակությունների» հետ միասին (նրանց թվում էին «Նորավանքի Սամոն», Պետոն, «Ժարիտ Սամոն» եւ այլք) «Փարվանա» ռեստորանում մասնակցել է ճաշկերույթի, որի ընթացքում Մ. Սուքիասյանին հավաստիացրել է, որ եթե վերջինս որոշի առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ոստիկանության կողմից պրոբլեմներ չի ունենա: Հիշեցնենք, որ այս մասին տեղեկություններ հրապարակվել են ինչպես հանրապետական, այնպես էլ Գյումրիի ԶԼՄ-ներում: Թեպետ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում վերջինս խոստովանել է պատգամավորի հետ հանդիպման փաստը, բայց հերքել է, որ իր հետ եղածների թվում կային նաեւ «օրենքով գողեր» եւ «թաղային հեղինակություններ»: Մեր աղբյուրների ասելով՝ բացի այս, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված քննությամբ պարզվել է նաեւ, որ Շահնազարյանը ՌԴ քաղաքացիություն ունեցող իր որդու համար ՀՀ կեղծ անձնագիր է հանել: Շ. Շահնազարյանը իր այս դժբախտությունների համար մեղավոր է համարում Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանին, որն, իբր, տարբեր ստահոդ տեղեկություններ է հասցրել ՀՀ ոստիկանապետին: Խ. Ասատրյանն էլ է իր հերթին ՀՀ ոստիկանապետից նկատողություն ստացել՝ առանց նրա գիտության Շ. Շահնազարյանի հետ ԶԼՄ-ներում հարաբերություններ պարզելու համար: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առավոտին» խոստացել էին, որ այս խնդրի առնչությամբ ՀՀ ոստիկանությունում անցկացվող ծառայական քննության մասին խմբագրությանը կտեղեկացնեն, ինչը, սակայն, երեկ դեռ չէր արվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել