Ղարաբաղը սահմանադրական հանրաքվեի՞ց է կախված Համենայնդեպս, դա են ակնարկում իշխանության ներկայացուցիչները «Հայաստանը եղել եւ մնում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, պարզապես մի կողմ քաշվել եւ Ղարաբաղը թողնել մենակ՝ չի կարելի: Դա եղավ, չէ՞, ՀՀՇ-ի ժամանակ, հենց դա էր առաջ քաշվում, որ Ադրբեջանը եւ Ղարաբաղը պետք է բանակցեն, Հայաստանը պետք է լինի դիտորդի դերում: Բանակցային մոդուսի առումով երկու մոդելն էլ մեզ համար անընդունելի է: Բանակցությունները չպետք է ընկալվեն Ղարաբաղ-Ադրբեջան, իսկ Հայաստանը՝ դիտորդ, ինչ անում էր ՀՀՇ-ն, սա իր բացասական հետեւանքներն է բերում: Մյուս մոտեցումը եւս անընդունելի է, այն է՝ Ղարաբաղը պետք է դուրս մղվի բանակցություններից եւ հակամարտությունը դիտվի Հայաստան-Ադրբեջան հարթությունում: Ճիշտն այն է, որ երեք կողմն էլ պետք է իր իրավունքներով եւ պարտավորություններով մասնակից լինի բանակցային գործընթացին»,- Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արտաքին քաղաքականության խնդիրների մասին՝ ասաց ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Առավոտին» հետաքրքրում էր՝ եթե Հայաստանում տապալվի սահմանադրական հանրաքվեն, ապա այդ իրողությունը որքանո՞վ կազդի Ղարաբաղի հարցի կարգավորման հայանպաստ լուծման վրա, քանի որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, այն կարծիքին են, որ սահմանադրական հանրաքվեի հաջողությունից է կախված նաեւ Ղարաբաղի հարցի լուծումը: Արմեն Ռուստամյանը եւս փաստորեն համաձայն էր, որ դրանք իրար հետ կապակցված հարցեր են. «Եվ այստեղ է, որ մենք պետք է շատ լավ հասկանանք, որ գոնե հենց այս փաստարկը հաշվի առնելով՝ մենք պետք է սահմանադրական հարցը, հանաքվեի հարցը դուրս հանենք ընդդիմություն-իշխանություն առճակատման դաշտից»: Մ. Ե.