Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԻՆ

Սեպտեմբեր 23,2005 00:00

ՀԱԿ-ԻՆ ՊԵՏՔ Է $400 ՀԱԶԱՐ Իսկ մինչ այդ՝ կուսակցությունը «հասույթներ» է ակնկալում մշակույթի փոխնախարարի պաշտոնից Երեկ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանն իր տեղակալի պաշտոնը զբաղեցնելու պարտականությունից ազատել է Սարգիս Հարությունյանին: Բանն այն է, որ իր՝ արդեն նախկին տեղակալին Ուրիխանյանը զիջել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու իրեն արված առաջարկը: Ուրիխանյանն ինքը հավակնում է ապագա խորհրդարանում հայտնվել: Ինչ վերաբերում է նախկին ՀԺԿ-ական Սարգիս Հարությունյանին՝ նա մշակութային դրսեւորումներ էր ցուցաբերում դեռեւս «Կայունություն» հասարակական շարժման շրջանակներում: Տարիներ շարունակ նա փորձում էր պարզել, թե, ի վերջո, Հայաստանում ինչն է խանգարում լավ պարողին, ուստի ամենամյա պարային փառատոներ էր կազմակերպում: Ս. Հարությունյանը հայտնի է նաեւ որպես «Միսս ֆոտոմոդել» մրցույթի նախաձեռնող եւ կազմակերպիչ: Ի դեպ, մշակույթի ապագա փոխնախարարը «Առավոտին» տված հարցազրույցներից մեկում, խոսելով Ջիվան Գասպարյանի մասին, վերջինիս անընդհատ Ջիվանի էր անվանում: Հիշեցնենք, որ փոխնախարարի պաշտոնում Սարգիսը փոխարինելու է Լիլիթ Ասատրյանին, որին պատրաստվում են տեղափոխել վարչապետի աշխատակազմ: «Առավոտի» հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ընդվզեց մեր այն հրապարակման առիթով, որ «Ձախ ուժերի միություն» կոչվածի հիմնադիր համագումարին ռուսաստանցի հյուրերի (մասնավորապես՝ «Ռոդինա» կուսակցության ղեկավար Դմիտրի Ռոգոզինի) չմասնակցելու պատճառը հայկական կողմի ֆինանսական նեղությունն էր: Մեր զրուցակցի պարզաբանմամբ՝ պատճառն աշխարհաքաղաքական փոփոխություններն են: Նույն պատճառով չկայացան նաեւ հ/կ-ների շքերթն ու հանրահավաքը: Իսկ թե ի՞նչ դեր ունեն համաշխարհային քաղաքական վերադասավորումներն այս պարագայում՝ «Ես կարծում եմ, որ բնամթերային պաշարների կռիվը կտանի դեպի երրորդ համաշխարհային պատերազմի, եթե մարդկությունն արագ չկողմնորոշվի: Հայաստանի պես երրորդ համարվող երկիրը, ունենալով յուրահատուկ աշխարհաքաղաքական դիրք, բնականաբար կունենա իր ուրույն դերակատարումը, որը ծրագրավորվել է ինչ-ինչ գերտերությունների կողմից՝ ելնելով նրանց շահերից»,- ասում է նա: Ըստ այդմ, ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի պայմանավորվածությունների արդյունքում Անդրկովկասում այլեւս չեն լինի սպասվելիք հեղափոխությունները: Իբրեւ ապացույց Տ. Ուրիխանյանը վկայակոչում է ուկրաինական հեղափոխության «տապալումը» եւ համոզմունք հայտնում, որ Յանուկովիչը կդառնա վարչապետ, որն էլ կլինի փոխհամաձայնության վառ դրսեւորումը: Մեր զրուցակիցը սրտնեղեց. այս ամբողջի մեջ նրան դուր չի գալիս, որ անտեսված է Հայաստանի պետական ու ազգային շահը: Այդ իսկ պատճառով իրենք ռուսներին պատժել էին՝ չհրավիրելով համագումարին: Պատժվել են նաեւ իրենք՝ այս ամենի մասին բարձրաձայն խոսելով զրկվել են գերտերությունների՝ հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ֆինանսավորումից: Նա, սակայն, չբացահայտեց, թե պաշտպանության նախարարից բացի էլ ով էր իրենց ֆինանսավորում: Ի հավելումն սրա՝ Հայաստանում դոլարի տատանումները նույնպես ազդել են երիտասարդ առաջադիմականների ֆինանսների վրա՝ աշխատավարձերն են կրճատվել եւ այլն, ուստի հիմա երջանիկ լինելու համար նրանց անհրաժեշտ է ընդամենը 400 հազար դոլար: Հոկտեմբերի 11-ին Ուրիխանյանը Մոսկվայում մի հանդիպում է ունենալու, որի արդյունքում կպարզվի, թե ով կտա իրենց այդ գումարը: Կախված դրանից՝ կուսակցությունը կհստակեցնի իր արտաքին քաղաքական նախասիրությունները: Իսկ մինչ այդ՝ «Ես ենթադրում եմ, որ Սարգիսը իր նոր ենթադրյալ պաշտոնավարությունից հասույթներ կքաղի»,- ասում է Ուրիխանյանը, որոնք կօգնեն կուսակցության հոգսերը հոգալ: ՀԱԿ-ը բոյկոտում է այն ուժերին, ովքեր բոյկոտում են սահմանադրական փոփոխությունները. «Ովքեր շահագրգիռ են երրորդ համաշխարհայինի սկսման մեջ՝ նրանց էլ ձեռնտու է, որ սահմանադրական բարեփոխումները չիրականանան, Հայաստանում եվրոպական շունչն ու ոգին չամրագրվեն: Ռուսներն ունեն իրենց ագենտուրան, որ այդ ուղղությամբ է աշխատում, իսկ մենք չենք ընդունում»,- հայտարարում է Ուրիխանյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել