ԲԱՐՁՐԱՑՎԵՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ Անկախության
հռչակման 14-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ձիասպորտի ֆեդերացիան մարզաձեւի միջազգային
ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպել էր ձիասպորտի անդրանիկ միջազգային շոու-մրցույթ:
Բացի մեր հանրապետության ներկայացուցիչներից, մասնակցեցին նաեւ Վրաստանի ու Ռուսաստանի
լավագույն նժույգորդները: Առաջին օրը մասնակիցները վիճարկեցին «Բացման մրցանակը»,
որի արդյունքների մասին «Առավոտը» մարզասեր ընթերցողներին տեղեկացրել է նախորդ համարում:
Սակայն հաջորդ օրը, երբ խաղարկվում էր գլխավոր մրցանակը՝ «Գրանդ պրին», հաղորդավար
մրցավարը ներողություն խնդրեց նախորդ մրցակցության հաղթողներին որոշելու մեջ հաշվարկներ
կատարելիս տեղի ունեցած սխալմունքի համար եւ ճշգրտեց, որ «Բացման մրցանակի» խաղարկությունում
2-րդ տեղը գրավել է «Մուլտի Գրուպ» ակումբի ներկայացուցիչ, սպորտի վարպետ Գեւորգ
Հովհաննիսյանը՝ «Աստրա» նժույգով, իսկ ձիասպորտի կենտրոնից Արայիկ Գեւորգյանը գրավել
է երրորդ տեղը: «Գրան պրիի» համար եւս հաղթողի պայքարը ծավալվեց Գ. Հովհաննիսյանի
ու նախորդ օրը հաղթած վրաստանցի Ցոտնե Լաբաշիայի միջեւ: Թե հիմնական, թե եզրափակիչ
մրցափուլերում նրանց միջեւ ծավալվեց, իրոք, անզիջում պայքար: Երկու մարզիկներն էլ
մրցատարածությունն անցան առանց տուգանային միավորների ու տեղավորվեցին սահմանված
ժամանակի մեջ: Սակայն Լաբաշիան 390 մետրն անցավ 52 (պահանջվող 67-ի դիմաց), իսկ Գեւորգ
Հովհաննիսյանը՝ 49 վայրկյանում ու նվաճեց հաղթողի կոչումը՝ արժանանալով ձիասպորտի
ֆեդերացիայի սերտիֆիկատին ու նաեւ BMW կոնցեռնի՝ Հայաստանում միակ պաշտոնական ներկայացուցիչ
«Եվրոմոթորս» ընկերության սահմանած դրամական գլխավոր՝ $2500-ին: Ցոտնե Լաբաշիան ստացավ
$ 1500, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած նույնպես վրաստանցի Զազա Չիտրիկաշվիլուն հանձնվեց
$1000 դրամական մրցանակը: Չորս «մուրազ»՝ Հայաստանին Հայաստանի
ձիասպորտի ֆեդերացիան Հայաստանի անկախության օրը նշեց յուրովի: Այդ օրը Շարժայի էմիր
դոկտոր շեյխ սուլթան Մուհամմադ Ալ Քասիմին արաբական չորս զտարյուն նժույգ նվիրեց
Հայաստանին: Այդ հրաշագեղ կենդանիները, ըստ շրջանառվող տարաբնույթ տեղեկատվության,
Շարժայի շեյխը, ի նշան հայ եւ արաբ ժողովուրդների ջերմ բարեկամության եւ, ինչպես
ինքն արտահայտվեց, արաբական նժույգները աշխարհում, հատկապես՝ Հայաստանում, բուծելու
նպատակով նվիրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: ՀՀ նախագահն էլ իր հերթին նժույգները
փոխանցել է Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնին, քանի որ ներկայիս դրությամբ
Հայաստանում միայն այն ունի ձիաբուծության լիցենզիա: