Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՉՀԱՐՍՏԱՑԱՆՔ ԴՐԱՄՈՎ, ՀԱՐՍՏԱՑԱՆՔ ՎԱՐԿԱՆԻՇՈՎ»

Սեպտեմբեր 23,2005 00:00

Գտնում
է վեց տարի Հայաստանում անցկացվող, արդեն Եվրոպական երաժշտական միջազգային փառատոնային
ասոցիացիայի անդամ քաղաքների, «XXI-ի հեռանկարների» գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
Մենեջերը սիրով պատասխանեց «Առավոտին» հետաքրքրող հարցերին: – Փառատոնի
շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհի հռչակավոր քառյակներից 4-ը՝ Չիլինգիրյանի,
Բորոդինի, «Քրոնոս» եւ «Տոկիո»: Սեպտեմբերի 20-ին կայացավ «ալտի արքա» Յուրի Բաշմետի
եւ իր ղեկավարած կամերային նվագախմբի համերգը: Այսօր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ
կունենա ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ֆրանսուա Ժոել-Տիոլիեն, սեպտեմբերի 30-ին՝
գերմանացի թավջութակահար Դավիթ Գերինգասը, հոկտեմբերի 3-ին՝ ջութակահար Գիդոն Կրեմերը՝
իր հայտնի «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբի հետ: Ցանկացած եվրոպական երկրի
համար նման երաժիշտների հյուրախաղերը թանկ հաճույք են: Խնդրում ենք գոնե մեկ անգամ
բարձրաձայնել՝ ովքե՞ր են ձեզ աջակցում: Իսկ ըստ մեր տեղեկությունների, այս առիթով
շրջանառվում է Նանի Օսկանյանի անունը: – Փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան
Ռոստոմյանի հետ ի սկզբանե մեր առջեւ դրել ենք խնդիր, այն է՝ անչափ ցանկություն եւ
դրա իրականացում: Լինելով բազմադարյա մշակութային երկիր, ժամանակին Հայաստան են ժամանել
Ռիխտերը, Ռոստրոպովիչը, արտերկրի այլ անվանի երաժիշտներ եւ մեր նպատակն է եղել վերականգնել
ու այս փառատոնի շրջանակներն ավելի ընդլայնել՝ աշխարհին լսելի դարձնելով Հայաստան
անունը: Իսկ փառատոնը ոչ մի հովանավոր չունի: Երկարատեւ աշխատանքի շնորհիվ մենք վստահություն
ենք ձեռք բերել գործարար աշխարհում, ճիշտ է, չենք հարստացել դրանով, բայց, թող անհամեստ
չհնչի՝ հարստացել ենք վարկանիշով: Տիկին Օսկանյանի անունը միգուցե ասոցացվում է արտգործնախարարության
հետ: Բարձրաձայնեմ, որ ԱԳՆ-ն փառատոնին աջակցում է ոչ ֆինանսապես: Այն հովանավորում
է փառատոնը՝ չգանձելով արվեստագետների Հայաստան մուտքի արտոնագրի եւ ելքի տուրքի
գումարները, որը տարվա կտրվածքով շոշափելի գումար է կազմում: Մեր հյուրերը համարվում
են արտգործնախարարության հյուրերը եւ ուրախ ենք, որ ԱԳ նախարարությունը կարեւորում
է դասական փառատոնի անցկացումը: – Մի՞թե փառատոնին ոչնչով չի աջակցում մշակույթի
նախարարությունը: – Եղել են փոքրիկ օժանդակություններ նախարարության կողմից,
թեեւ այն կարող է եւ պարտավոր է ֆինանսապես աջակցել: Մեծ ֆինանսական աջակցություն
դեռեւս չի եղել, ինչին վաղուց սպասում ենք: – Գիտենք, որ փառատոնի մասնակիցների
մի մասը նաեւ համերգներ են ունենում մարզերում, մասնավորապես՝ Վանաձորում եւ Գյումրիում:
Հետաքրքիր է, ստեղծվո՞ւմ է առիթ՝ աշխարհահռչակ երաժիշտներին ներկայացնելու մեր արվեստագետներին:
– «Լոնդոն սիմֆոնիետայի» երեւանյան այցի ժամանակ (2002թ.) նրանց միացան ֆիլհարմոնիկ
նվագախմբի «Երեւան» հարվածայինների անսամբլը եւ համատեղ ելույթ ունեցան, հնչեց նաեւ
անսամբլի հետ երիտասարդ երաժիշտ Արայիկ Բախտիկյանի դուդուկը, ինչպես նաեւ «Հովեր»
կամերային երգչախումբը: Նշեմ, որ երգչախմբի կարիերայում որոշիչ դեր խաղաց միացյալ
համերգը (նկատի ունի հետագայում երգչախմբի համերգային շրջագայությունը): Աշխարհահռչակ
երաժիշտներից շատերը վարպետության դասեր են անցկացրել Երեւանի պետական կոնսերվատորիայում:
– Մոտակա երկու համերգներում, արդեն երկրորդ անգամ, աշխարհահռչակ Ֆրանսուա
Ժոել-Տիոլիեն եւ Դավիդ Գերինգասը հանդես կգան ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:
Հետաքրքիր է, մասնավոր զրույցներում նրանք ի՞նչ կարծիքի են մեր ֆիլհարմոնիկի երաժիշտների
մասին: – Եթե արդեն երկրորդ հանդիպումն է ֆիլհարմոնիկի հետ, պարզ է, որ գոհ
են նվագախմբից: Համենայնդեպս, դժգոհություն չի եղել: Ի դեպ, ֆիլհարմոնիկի հետ համատեղ
այս համերգները, մեծ հաշվով, կարծում եմ, իրադարձություն են նաեւ ֆիլհարմոնիկի երաժիշտների
համար: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել