Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱՐՍԱՎԻՐԱՆՈՑՆԵՐԸ «ՏԱՌԱԿԱՆԻ» ԲՈՒՆ ԵՆ

Սեպտեմբեր 23,2005 00:00

Բայց նույնիսկ հսկիչների կողմից տեղում խավարասերներին բռնացնելն ընդամենը 30 հազարի խնդիր է

Որքան էլ մեր կառավարությունը ջանքեր թափի՝ մայրաքաղաքի գոնե տեսքը բարելավելու եւ հյուրերի մոտ մեր տնտեսական աճի տեմպերով «գլուխ գովալու» համար, միայն վարսավիրանոցների տարածքում տեղադրված շարժական լվացքի պարանները բավական են՝ «սեւերես» լինելու: Այդ պարաններին կախված ի սկզբանե սպիտակ, բայց կեղտից մոխրագույն դարձած սրբիչներն ասես հակագովազդի պես մի բան պետք է լինեն վարսավիրանոցի համար, մինչդեռ հաճախորդները նայում են ոչ թե սրբիչների, սանրերի ու մազակալների կեղտին, այլ՝ մասնագետի շնորհքին: Բացի այդ, եվրովերանորոգված սրահներում տեղադրված բազմոցներն ու փափուկ բազկաթոռները, հետաքրքիր դիզայնով «ժուռնալի» սեղաններն ու հայելիները, սպասողներին հյուրասիրվող մեկ գավաթ սուրճը կարծես փակում են հաճախորդի աչքերն ավելի կարեւոր խնդիրների առջեւ: Նախ, կտրտած ու գետնին թափված մազերի շրջապատում սուրճ խմելը ոչ միայն չի կարող էսթետիկական հաճույք պատճառել հաճախորդներին, այլեւ պետք է որ զզվելի լինի, որովհետեւ արտասահմանյան երկրներում, որտեղից արտատպել ենք հաճախորդին գրավելու այդ «ձեւիստությունները», սպասողների սրահն առանձնացված է վարսավիրական մասից: Իսկ մեզ մոտ՝ սուրճ խմողներից ընդամենը կես մետր հեռավորության վրա «ստրիժկա» են անում: Եթե մի քիչ «տնական» աչքով նայենք, վարսավիրանոցներում իսկապես սարսափելի պայմաններ են՝ հիգիենայի տեսանկյունից: Ճիշտ է, առաջին հայացքից հավաքարարները րոպեն մեկ «ավել-սավոկը» ձեռքներին պտտվում են, բայց՝ ակնհայտորեն դա անում են՝ միայն շեֆից խոսակցություն չստանալու համար: Այն, որ հիմա հաճախորդի մազերը լվանում են տեղում՝ առանձին լվացարանների կամ նույնիսկ լոգարանների մեջ, իհարկե խոսում է վարսավիրանոցների քաղաքակրթության մասին, բայց այդ լվացարանները ախտահանվում են Աստված գիտի՝ քանի տարին մեկ, որովհետեւ միայն այդ մասին են վկայում ծորակների ժանգը, լվացարանների վրա պատած յուղային շերտն ու տարբեր ներկերից մնացած հետքերը: Իհարկե, խոսքը ոչ թե բարձրակարգ, այլ միջին, սովորական վարսավիրանոցների ու ցածր աշխատավարձ ստացող «անհավես» հավաքարարների մասին է, որոնք ցույց են տալիս, թե ամբողջ օրը «շըփ-թըփ» աշխատում են, բայց իրականում «գլուխ են պահում»: Վարսավիրանոցների սրահների «մազակալած» հատակը քիչ թե շատ մաքրվում է միայն օրվա վերջում, այն էլ՝ ցեխաջրի մեջ թաթախված գարշահոտ մի փալասով: Չեն ախտահանվում նաեւ հաճախորդի գլխից գլուխ անցնող մազակալները, մկրատներն ու սանրերը, մինչդեռ, մասնագետների հավաստմամբ, այդ միջոցով է փոխանցվում գլխամաշկային հիվանդությունների մեծ մասը:

Շատուշատ վարսավիրանոցներում տիրող այսպիսի հակահիգիենիկ պայմանները ենթադրում էին, որ այս ոլորտում վերահսկող մարմին գոյություն չունի: Բայց, պարզվում է, հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը, տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանի հավաստմամբ, «ոլորտում հսկայական աշխատանք է իրականացնում»: Նախ, տեսչության տարածքային մարմինները, իրենց պլանավորած ծրագրի համաձայն, գեղեցկության սրահներում տարին մեկ ստուգումներ են իրականացնում՝ չհաշված, որ գնում են նաեւ բողոքների հետքերով: Նման ստուգումների արդյունքում, տիկին Բասիլիսյանի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում տուգանվել է մայրաքաղաքում գործող 152 վարսավիրանոց, այս տարվա առաջին կեսին՝ 64-ը: Ընդ որում, ըստ Մ. Բասիլիսյանի, այս օբյեկտները խախտել են ախտահանման ռեժիմները, չեն ունեցել բավարար քանակությամբ սպիտակեղեն եւ այլն: Բայց այս թվացյալ «հսկայական գործը» լավագույն դեպքում սահմանափակվել է միայն 30-50 հազար դրամ տուգանք վճարելով, որը վարսավիրանոցների համար տարին մեկ վճարելը, բիզնեսի եկամտաբերության տեսանկյունից, նույնիսկ ծիծաղելի գումար է:

Հարկային պետական ծառայությունից մեզ հաջողվեց ճշտել, որ 2005-ի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված 1518 վարսավիրանոց 165 մլն դրամ հարկ է վճարել: Սա արդեն իսկ խոսում է այն մասին, որ գործ ունենք բավականին եկամտաբեր բիզնեսի հետ, մինչդեռ վարսավիրանոցի տերերը ափսոսում են գոնե «միլիրովկայի» (մազերի ներկման եղանակ) համար ամսական մի քանի մետր նրբաթիթեղ (ֆոլգա) գնել. դրանք վարսավիրների կողմից օգտագործվում են այնքան ժամանակ, մինչեւ ամբողջովին չեն քրքրվում:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել