Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԱՐԿՈՒՄ՝ ՆԱԽԱՊԵՍ ՀԱՅՏՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 23,2005 00:00

Միավորված
աշխատանքային կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունեցավ 2002-ի սեպտեմբերի
21-ին: Ըստ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի՝ այժմ՝ 3 տարի անց, ՄԱԿ-ը փորձում
է ՏԻՄ ընտրություններով պարզել իրենց գործունեության արդյունքների իրական պատկերը:
– ՄԱԿ-ը համայնքապետի թեկնածու է առաջադրել միայն Արաբկիրում: Ինչո՞ւ եք Երեւանի
այլ համայնքներում էլ տեղադրել կուսակցության անվանման հապավումը «վերծանող» քարոզչական
վահանակներ՝ «Միասին կերտենք ապագան», «Մասնակցությունն ամենակարեւորն է» եւ այլն:
– ՄԱԿ-ի քաղաքական խորհուրդն իր վերջին ընդլայնված նիստում որոշում ընդունեց,
թե կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին պետք է
մասնակցի մի քանի «էշելոններով», մասնավորապես՝ քարոզչական. եւ ոչ միայն այն համայնքներում,
որտեղ կան կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներ: Սրանով է պայմանավորված,
որ ընտրություններին մասնակցելու, քաղաքացիական պարտականությունները կատարելու եւ
իրավունքներն իրացնելու կոչերով մեր վահանակները տեղաբաշխված են քաղաքի տարբեր համայնքներում:
Ընդ որում՝ ամեն տեղ նշել ենք կոնկրետ այդ համայնքում ընտրության օրը՝ կոչ անելով
քաղաքացիներին մասնակցել ու կատարել իրենց ընտրությունը՝ առանց տալու որեւէ թեկնածուի
անուն: – Արաբկիր համայնքում ընտրությունների կապակցությամբ արդեն իսկ պարզաբանել
եք, թե փորձարկում եք անցկացնում եւ ընտրարշավի ընթացքում կիրառելու եք միայն քարոզչական
ու կազմակերպչական բաղադրիչներ՝ բացառելով ֆինանսական լծակները: Սա ուղղակի «կանաչ
լույս» չէ՞ մյուս թեկնածուի համար, որի հնարավորություններն այսպիսով էլ ավելի են
ընդլայնվում: – Արաբկիրում առաջադրված երկու թեկնածուներն էլ ներկայացնում
են համայնքը: Մի թեկնածուն՝ Հովհաննես Շահինյանը ներկայացնում է Արաբկիրի երիտասարդ
սերնդին, իսկ Դավիթ Գյուլումյանը, որը ՄԱԿ-ի խորհրդի անդամ է՝ ներկայացնում է ավելի
տարեց սերնդին: Մենք Արաբկիրի բնակիչներին առաջարկել ենք ընտրության հնարավորություն՝
թող ընտրեն ում ցանկանում են: ՄԱԿ-ի դիրքորոշումը տվյալ պահին, այո՛, այս է՝ ապահովել
ընտրելու հնարավորություն, եւ որեւէ գործիքով՝ բացի քարոզչականից, չազդել ընտրության
արդյունքների վրա: Մենք տիրապետում ենք տարբեր գործիքների: Թույլ տվեք ասել,
որ մենք ամենալավը գիտենք տարբեր գործիքների ուժը («Այբ-ֆե»-ին տված հարցազրույցում
պրն Արսենյանն ասել էր, որ նյութական բաղադրիչը Հայաստանում իրեն արդարացնում է.-
Ա. Ի.): Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման այս պահին գտնում ենք, որ պիտի
հանդես գանք իբրեւ օրինակ՝ ցույց տանք, թե ինչպես է պետք անել ընտրություն, քանի
որ երկրի բնակիչների հիմնական դժգոհությունն իշխանություններից առնչվում է ընտրությունների
վատ կազմակերպմանը, անցկացմանը եւ արդյունքների ոչ օբյեկտիվ հրապարակմանը: Վստահության
վերականգնման լավագույն մեխանիզմն այն է, որ քաղաքացիները գնան ու ընտրեն, եւ այդ
ընտրությունը պայմանավորված չլինի իրենց բակում արված վերանորոգումով, իրենց խնդիրների
լուծման համար՝ նյութական աջակցությամբ: Այլ պայմանավորված լինի պարզապես թեկնածուների
դրական հատկանիշների գովազդմամբ եւ նրանց ծրագրերի ողջամիտ գնահատմամբ: –
Նախկին համայնքապետ Լեւոն Հարությունյանի հանդեպ Ձեր տրամադրվածությունն առավել արմատական
էր՝ համարում էիք, թե նա թիմային աշխատանքի կողմնակից չէ: Տպավորություն է առաջանում,
որ այս մի մրցակցի հանդեպ չունեք նման արմատական տրամադրվածություն: – Իհարկե,
չունեմ: Ինքս էլ արաբկիրցի լինելով՝ պիտի ասեմ. մարդիկ մեծացել են մեր աչքի առջեւ:
Իրենց կյանքն ու կենսագրությունն Արաբկիրում են կառուցել ե՛ւ Դավիթ Գյուլումյանը,
ե՛ւ Հովհաննես Շահինյանը: Համայնքի հետագա ճակատագրով մեր չափ մտահոգ է նաեւ Հովհաննես
Շահինյանը, քանի որ լինելով արաբկիրցի՝ իրեն չի կարող թույլ տալ անել բաներ, որոնք
կհակասեն համայնքի շահերին: Ինչպես նաեւ Դավիթ Գյուլումյանը՝ թեեւ նրա պարագան մի
քիչ այլ է. նա ունի նաեւ կուսակցության հիմնադրույթներից բխող հստակ պարտավորություններ,
որոնք պետք է իրականացնի: Արաբկիրցիների համար նույնն է լինելու ընտրության արդյունքը՝
այն կարող է փոխվել ՄԱԿ-ի համար, եթե ընտրեն Դավիթ Գյուլումյանին: Սակայն չենք գտնում,
որ տվյալ պահին կան ճակատագրական կամ աշխարհայացքային անհաղթահարելի հակասություններ:
– ՏԻՄ ընտրությունների հանդեպ Ձեր մոտեցումը կիրառվելո՞ւ է նաեւ առաջիկա խորհրդարանական
ընտրություններում՝ այստեղ է՞լ եք շեշտադրելու միայն քարոզչական ու կազմակերպչական
լծակները՝ բացառելով նյութականը: Այսինքն՝ այլեւս չե՞ք առաջնորդվելու «բիզնես-ծրագրի»
տրամաբանությամբ, ինչպես հաճախ անվանում են ՄԱԿ-ին: – Մարդիկ բացասական իմաստ
են դնում «բիզնես-ծրագիր» ձեւակերպման մեջ: Բայց նրանք հասկանո՞ւմ են, թե ինչ է «բիզնես-ծրագիրը»:
Շատ վատ է, երբ այն բացակայում է ցանկացած՝ այդ թվում նաեւ քաղաքական գործունեություն
ծրագրելիս: Քանի որ «բիզնես-ծրագիրը» ներառում է բոլոր բաղադրիչների հաշվարկ, ճշգրիտ
կշռում, գործընկերներիդ հետ հնարավորությունների ճշգրտում, մրցակիցների ուժերի եւ
«թույլ կետերի» հաշվարկում եւ, եթե նպատակադրվել ես գրավել որեւէ բարձունք՝ դեպի
այն տանող ամենակարճ եւ ամենաքիչ զոհեր պահանջող ճանապարհը: Մարդիկ կանոն են դարձրել
խոսել բիզնեսից՝ չիմանալով, թե դա ինչ է, կամ խոսել քաղաքականությունից՝ չպատկերացնելով,
թե քաղաքականության հիմքում իրականում ինչեր են ընկած… ՏԻՄ ընտրություններում
մենք այսօր իրականացնում ենք քաղաքական «պիլոտային» ծրագիր: Ուզում ենք հասկանալ
Հայաստանում քարոզչական բաղադրիչի ուժը, «չոր կշիռը», քանի որ հաջորդ ընտրություններին
գնալու ենք շատ ավելի լայն ճակատով ու պատրաստված: Ու դրա համար պիտի իմանանք մեր
ձեռքի տակ եղած գործիքների ՕԳԳ-ն, որ պարզ լինի, թե ո՛ր բաղադրիչն ենք դարձնում կարեւորագույնը:
Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ.
Գ. ՄԱԿ-ի ղեկավարին հայտնեցինք մեր դիտարկումը, թե առանց որեւէ փորձարկման էլ ակնհայտ
է՝ քարոզչությունն անուժ է, երբ դիմացինդ կիրառում է ուժային եւ ֆինանսական լծակներ:
Թե ինչ պատասխանեց նա՝ կներկայացնենք ընտրություններից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել