Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆադեյ Սարգսյանը նույնիսկ արաբերեն կսովորի

Սեպտեմբեր 21,2005 00:00

Ֆադեյ Սարգսյանը նույնիսկ արաբերեն կսովորի Եթե միայն Շարժայի շեյխը համաձայնի համագործակցել իրենց հետ Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին ավելացավ եւս 2 պարգեւ: Առաջինը՝ Համալսարանի բարձրագույն պարգեւ՝ ոսկե մեդալը, նա ստացավ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանից, մյուսը՝ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից՝ Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: Շեյխի հետ ակադեմիայում կազմակերպած հանդիպման ժամանակ գիտնականներն իրենց տարերքի մեջ էին, ունեին հստակ ակնկալիքներ եւ դրանք չթաքցրին: Ֆադեյ Սարգսյանը նույնիսկ խոստացավ սովորել արաբերեն, «եթե հետագայում համագործակցությունը զարգանա»: ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Ակնկալում ենք, որ դոկտորի կոչման շնորհումը խթան կհանդիսանա մեր հետագա հարաբերությունների համար: Ես նկատի ունեմ միջպետական, քաղաքական, տնտեսական հարաբերությունները, եւ հատկապես կցանկանայի ընդգծել գիտական հարաբերությունները, քանի որ Դուք, Ձերդ մեծություն, պատկանում եք այնպիսի պետական գործիչների շարքին, որոնց պետական գործունեությունը շատ ներդաշնակորեն համատեղվում է գիտական գործունեության հետ»: Ն. Հովհաննիսյանն իր ելույթում բավական երկար պատմեց Արաբական Էմիրությունների պատմության, հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ցուցադրեց «Արաբական երկրների պատմություն» գրքի 2 հատորները, որ իրենք հրատարակել են, եւ նույնիսկ հայտարարեց, որ մենք՝ հայերս ավելի լավ գիտենք արաբներին, «մեր մոտեցումը տարբերվում է աշխարհի շատ ժողովուրդների մոտեցումից, երբ խոսքը վերաբերում է արաբական աշխարհին, մենք ավելի լավ գիտենք Ձեզ (թող ինձ ներվի ասել), քան եվրոպական երկրները: Ես չեմ ուզում թաքցնել իմ սպասելիքները՝ կցանկանայի, որ գիտական համագործակցություն հաստատվեր մեր եւ Ձեր որեւէ ինստիտուտի, համալսարանների միջեւ: Եթե Դուք համաձայն եք, մենք պատրաստ ենք, մանավանդ որ նման 10 պայմանագիր ունենք կնքված աշխարհի տարբեր երկրների հետ, այդ թվում եւ՝ Սիրիայի, Եգիպտոսի: Իսկ ինչո՞վ է նրանցից պակաս Արաբական էմիրությունները, մանավանդ որ նրա կազմում կա Շարժան, որի մեծարգո արքան հանդիսանում եք Դուք»: Արքան էլ ոչ պակաս անկեղծ էր, եւ իր խոսքում նշեց, որ «Հայաստանի՝ այս երիտասարդ պետության» մասին ինքը լսել էր շատ քիչ, միայն լրատվամիջոցներից, մինչեւ որ վերջերս իրենց այցելեց ՀՀ նախագահը: «Երբ նախագահը այցելեց մեր երկիր, բացեց ոչ միայն մեր աչքերը, այլեւ մեր սիրտը, նա այս պետությունը դրեց մեր սրտի մեջ, եւ մեր սիրտը սկսեց բաբախել…»: Ի վերջո, շեյխը խոստացավ, որ մոտ ապագայում այս հանդիպումն իր պտուղները կտա, ու գիտության որեւէ բնագավառի հետ համագործակցություն, ըստ ամենայնի, կկայանա: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել