Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԹՈՌՆԵՐԻՑ

Սեպտեմբեր 21,2005 00:00

ԱԹՈՌՆԵՐԻՑ ՉԿԱՌՉԱԾ ՌԵԿՏՈՐՆԵՐ Այն, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը վաղուց անցել է իր պաշտոնի համար վերջին «սահմանագիծը» (65 տարին), շատերն իմացան գործարար Գագիկ Ծառուկյանից, որը պարոն Հակոբյանին ավտոմեքենայի բանալիներ հանձնելիս՝ շեշտեց, որ նվերն անում է ռեկտորի 75-ամյակի առիթով: Հանրապետության առաջատար բուհերի ղեկավարների տարիքն աննրբանկատորեն հիշատակելը թերեւս տեղին չէ, սակայն ստիպված ենք: Վերջերս կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի այն հայտարարությունը, թե որոշ ռեկտորներ պարզապես կառչած են իրենց աթոռներից, պատճառ դարձավ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանի հրաժարականի դիմումին: Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանին հաջորդ օրը դիմում է ուղարկել նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը՝ նշելով, որ եթե Արա Ավետիսյանը «շարունակի իր վարկաբեկիչ ելույթները», Սոս Սարգսյանի դիմումին կհետեւի նաեւ իր հրաժարականի դիմումը: Առհասարակ՝ Արա Ավետիսյանի վերոնշյալ հայտարարությունն անչափ զայրացրել էր Վիլեն Հակոբյանին. «Գտնում եմ, որ պարոն Ավետիսյանը իր խոսքերով վարկաբեկել է ոչ միայն ռեկտորներին, այլեւ իր կուսակցությունը՝ հավանաբար ղեկավարվելով այն սցենարով, որ կուսակցությունը օգտագործում են աթոռ զբաղեցնելու համար: Ես եւ շատ ռեկտորներ իրենց աթոռները զբաղեցրել ենք առանց կուսակցականությունը չարաշահելու»: Պարոն Հակոբյանը պնդեց, որ ինքը երբեք իր աթոռից կառչած չի եղել եւ պատրաստ է հարգել օրենքի տառն ու ցանկացած պահի հեռանալ իր պաշտոնից: Ունի՞ պարոն Հակոբյանը նախընտրած թեկնածու, որին կարող է առանց ափսոսանքի թողնել իր գործը. «2,5 հազար տարի առաջ Պյութագորասին ասել են. «Ուսուցի՛չ, դու անփոխարինելի ես»: «Եթե մատս դնեմ ջրի բաժակի մեջ ու այնտեղ հետք թողնեմ,- պատասխանել է Պյութագորասը,- ուրեմն անփոխարինելի եմ»: Պարոն Հակոբյանը բերեց այս օրինակը՝ ասելու համար, որ ինքը եւս, Պյութագորասի պես, անփոխարինելի չէ: Ռեկտորի պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածուների մասին Վիլեն Հակոբյանը նորմալ վերաբերմունք ունի՝ ենթադրելով, որ իրենից հետո իր ղեկավարած բուհը բանիմաց ու արժանի մեկի ձեռքը կընկնի: Մեր զրույցի ավարտին պարոն Հակոբյանը խնդրեց անպայման նշել, որ այլ ռեկտորներ թող չնեղանան, սակայն Սոս Սարգսյանի միայն ներկայությունը Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում՝ կարող է ոգեւորել ուսանողներին. «Սոս Սարգսյանը մեր ազգի մեծությունն է: Եկեք չնեղացնենք նրան»: Փոխնախարար Արա Ավետիսյանը գտնում է, որ Սոս Սարգսյանը եւ Վիլեն Հակոբյանը շատ արժանի մարդիկ են: Ինչ վերաբերում է կուսակցական պատկանելությանը, ապա «ես իմ աթոռը զբաղեցրել եմ գրեթե տասը տարի առաջ, եւ կուսակցականությունը դրա հետ որեւէ կապ չունի»,- բժշկական համալսարանի ռեկտորին հակադարձեց Արա Ավետիսյանը՝ նշելով, որ իր հայտնի ելույթում ինքը նշել է, որ աթոռից կառչած են որո՛շ ռեկտորներ եւ ոչ թե բոլորը: «Ես ամենեւին նկատի չեմ ունեցել Վարպետին՝ Սոս Սարգսյանին եւ Վիլեն Հակոբյանին»: Բնականաբար, հարց առաջացավ. գուցե նա նկատի ունի Ռադիկ Մարտիրոսյանի՞ն: «Թողնում եմ առանց մեկնաբանության»,- պատասխանեց պարոն Ավետիսյանը: Քանի որ մեր հարցն առանց մեկնաբանության թողնելով՝ պարոն Ավետիսյանը նոր մեկնաբանությունների տեղիք տվեց, մասնավորապես, որ նման հայտարարություն անելիս նկատի է ունեցել հենց ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանին, փորձեցինք վերջինից ճշտել՝ որքանո՞վ է կառչած իր աթոռին եւ պատրաստվո՞ւմ է օրերից մի օր թողնել իր պաշտոնը. «Այդ հարցում ես պարոն Ավետիսյանի հետ գործ չունեմ եւ, առհասարակ, նրա անունը լսել չեմ ուզում»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել