ԹԱՂԱՊԵՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԹԱՂԱՊԵՏԻՆ Էրեբունի համայնքի վերընտրված թաղապետ Մհեր Սեդրակյանը երեկ «Առավոտին» ասաց, թե ամենեւին չի բարդույթավորվում այն հանգամանքից, որ կիրակի օրը անցած ընտրություններում ինքը միակ թեկնածուն էր: «Դա իմ նախորդ տարիների աշխատանքի արդյունքն է, որը մեր համայնքի բնակիչները տեսել եւ զգացել են»,- ասաց նա՝ ավելացնելով, որ որեւէ լծակ չի ունեցել ազդելու թաղապետի պաշտոնի պոտենցիալ հավակնորդների վրա եւ ստիպելու նրանց՝ չդնել թեկնածությունը: «Պարզապես այն մարդիկ, ում մտքում նման բան կար, խելամտություն ցուցաբերեցին՝ հասկանալով, որ 50 կամ 100 ձայն են հավաքելու եւ դրանով իզուր տեղը վարկաբերվելու են»: Պրն Սեդրակյանը հարկ համարեց անդրադառնալ Կենտրոն համայնքում տեղի ունենալիք ընտրություններին: Նա վերհիշեց, որ թեկնածուներից մեկը՝ Ռուզան Խաչատուրյանը, 2002 թվականին աշխատել է իր մոտ լրատվական բաժնում: «Ցավոք, մեկ տարի աշխատելով, նա չկարողացավ կայացնել թաղապետարանի լրատվական բաժինը: Զարմանում եմ, թե ինչպես է նա պատրաստվում ղեկավարել մի ամբողջ համայնք»,- իր տարակուսանքը հայտնեց Էրեբունու թաղապետը: Մ. Սեդրակյանի կարծիքով, թաղապետի աշխատանքն ավելի բարդ է, քան պատգամավորինը կամ նույնիսկ՝ նախարարինը, «որովհետեւ այստեղ ամեն օր, ամեն րոպե գործ ունես բնակիչների, նրանց ցավուդարդի հետ: Դա մեծ հմտություններ պահանջող ու շատ աշխատատար գործ է»: Ըստ պրն Սեդրակյանի, այդ գործը Կենտրոնում լավագույնս կարող է անել գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը: «Նա իրեն շատ լավ է դրսեւորել թե որպես գործարար, թե այս երեք տարում՝ որպես թաղապետ, ընդունված է թե Կենտրոնի բնակիչների եւ թե երկրի ղեկավարության կողմից: Վստահ եմ, որ նա վերընտրվելու է եւ շարունակելու է իրականացնել իր ծրագրերը»,- ասաց Մհեր Սեդրակյանը: Սեփ. լր.