Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՌՄՅԱՇԿԱՆԵՐԻ

Սեպտեմբեր 21,2005 00:00

ԱՌՄՅԱՇԿԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ Նվիրվում է սեպտեմբերի 21-ին Դասական. Այս տեսակի ԱՌՄՅԱՇԿԱՆ իրադրությանը համարժեք ինքնուրույն ոչինչ չի անում: Չի ապրում, այլ մասնակցում է այլոց կյանքին, չի գործում, այլ կենակցում է: Իսկ գործում է միայն հրահանգներով: Նա բրածո է եւ դրածո: Երբ նրան ասում են. «Գրավե՛լ Ցարիցինը», նա գրավում է Ցարիցինը եւ, ինչպես Սուրբ թղթերում է գրված, «անում հրամայվածից ավելին»՝ ձեռքի հետ գնդակահարելով քաղաքի ռուս ազնվականներին, մտավորականներին, հոգեւորականներին, մաքրելով քաղաքը դասակարգային թշնամիներից: Դա ասված էր կայսրության համար, իսկ Երկիր Նաիրիի համար ասվեց, ասենք. «Խեղե՛լ ուղղագրությունը»: Եվ խեղեցին ոչ միայն դա, այլեւ տաճարներն ու տաճարականներին: Հիմա այս տեսակը սպառվել է կամ սպառման մոտ է. ժառանգորդման սկզբունքով այն շարունակվում է ՆՅՈՒ-ԱՌՄՅԱՇԿԱՆԵՐԻ տեսքով: Նյու-Առմյաշկա. Հիմնական բնութագրումները՝ տե՛ս ԴԱՍԱԿԱՆ մասը, ինչպես նաեւ ՌՍԴ(բ)Կ, ԽՄԿԿ, զանազան դաշինքների, միաբանությունների, միավորումների համագումարների, ընդհանուր ժողովների եւ սեմինարների նյութերը: Նա իր տեսակով չի կարող լինել առանցքում՝ ուղեկից է: Չի սիրում, բայց երազում է դուր գալ. ծագումնաբանորեն իգական սկիզբ ունի. հորմոնների հարց է: Սրանց ասվեց. «Նովոյե միշլենիե՝ Պերեստրոյկա»: Եվ դա եղավ տեսակի ճակատագրական ձախողումը. նրանց «Լենին-Պարտիա-Գորբաչովը» մի բուռ պասիոնարների շնորհիվ դարձավ «Պայքար, պայքար մինչեւ վերջ»՝ ազատագրելով ողջ ժողովրդին վերջնականապես առմյաշկա դառնալու վերահաս աղետից: Նյու-առմյաշկա տեսակը ձեռք բերեց ռեւանշիստական երանգներ, որը թանձրացավ անկախության հռչակման պատճառով: Նույնիսկ այստեղ են ձախողված, քանի որ զանազան դաշինքներում դեռ կան գնդակահարության արժանի ազնվականներ ու տաճարականներ… դասակարգային թշնամիներ: Հայ պատմիչներ եւ Ցեկա. Գրերի 1600-ամյակի կապակցությամբ հրահանգված էր կարդալ հայ պատմիչներին, այսինքն՝ գնալ դեպի զանգվածները: Երբ հասան Շապուհի եւ Արշակի պատմությանը, գլխի ընկան, որ իրենց մայր հողն էլ վաղուց հեծում է ոչ լեգիտիմ կրնկի տակ, ուստի պետք է դադարեցնել «պրոգուլը» եւ ուժ ստանալ մորից, որն է անթալիացիների նախկին գերեզմանատեղին՝ ՑԷԿԱ-ն, ուր դեռ թեւածում է իշխանափոխությունների, պալատական դավադրությունների ավելի քան 70-ամյա ոգին, թե չէ անուժ եւ օտար է Ցախի մեյդանի, Օպերայի ու Մատենադարանի սպառված ոգին: Հեռակառավարման վահանակ. Ավելի քան 100 հազար կուսակցականների սեփականության վկայաթուղթ ունի ընդդիմությունը, որը որպես բրոնզե բռունցք կիջնի ժողովրդի խոսափող ՑԷԿԱ-ի ամբիոնին՝ ի սարսափ ոչ լեգիտիմների եւ ի փառս նաիրյան առմյաշկայության: Եվ կբացվի տրանսֆորմացիոն արշալույսը՝ լոկ մեկ թղթով, որ ի զորու է փակելու պողոտաներ ու հրապարակներ, եւ որպես վահան ունի իր Սուրբ գիրքը՝ հանված մայիսի 27-ի պատմական փոշու միջից, որ կարող է հրաշալի ծառայել որպես ե՛ւ ջրի պլաստիկե շիշ, ե՛ւ որպես ջրցան միջոց: Այսպես հեռվից, լոկ մեկ գրքով կիրականանա ե՛ւ իրենց, ե՛ւ պատվիրատուների հրահանգը՝ «Ֆորպոստային հեղափոխություն», եւ ամենեւին պետք չեն լինի ո՛չ խաչ-մահարձան, ո՛չ էլ ուրիշ ոտքեր կախաղանին մոտ կգան: Անզոհ, անարյուն եւ միաժամանակ՝ անկամ եւ անհամ, անուժ եւ անսեր: Տոմար ըստ հին եւ նոր առմյաշկաների. Մոսկվան հեռու է, Արեւմուտքը՝ արեւմուտքում, ուստի 1917-ի հոկտեմբեր ամիսը այստեղ հասկացան որպես 1920-ի նոյեմբեր: Հոկտեմբերը վտանգավոր ամիս է, համոզվել ենք ազգովի… Իսկ նոյեմբերին Անդրֆեդերացիայում ընտրություններ են նշանակել, մեր հատվածում՝ Սահմանադրության տեսքով: Սա վերջին ավերելիքն է, բայց քանի որ նյու-առմյաշկաներն ընդհանրապես ձախորդ են բնույթով, ուստի վախենալ պետք չէ՝ չեն կարող ո՛չ «ՈՉ»-ը տապալել, ո՛չ էլ ընդհանրապես որեւէ բան: Սահմանադրություն ունենում են սահման ունեցողները: ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ www.conservative.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել