Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԱԽԹԱՆԳ ԴԱՐՉԻՆՅԱՆ. «ԵՍ ՀԻՄԱ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՄ»

Սեպտեմբեր 21,2005 00:00

Այս
օրերին Հայաստանում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը,
որն ապրում եւ մարզվում է Ավստրալիայում, սակայն ռինգ է մտնում Հայաստանի դրոշի ներքո:
Երեկ նա «Արմենպրեսի» մամուլի սրահում հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների
հետ՝ ցանկանալով լրատվամիջոցների օգնությամբ Հայաստանի մարզասերներին ավելի մանրամասն
տեղյակ պահել հատկապես վերջին տարիներին իր մարզական կենսագրությունում կատարված
առավել նշանակալի իրադարձություններին: Ասուլիսի ընթացքում բազմաթիվ հարցեր տրվեցին
ճանաչված բռնցքամարտիկին, որոնց նա պատասխանում էր հնարավորինս անկեղծ: Իսկ վերջում
Վախթանգը սիրով պատասխանեց նաեւ «Առավոտի» հարցերին: – Կարո՞ղ ես թվարկել
քո՝ սիրողական եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցած նվաճումները: – Սիրողականում
երկու անգամ դարձել եմ Եվրոպայի գավաթակիր, Բարի կամքի խաղերի մրցանակակիր, աշխարհի
գավաթի 3-րդ մրցանակակիր, միջազգային մրցաշարերի հաղթող: 2000 թվականին Սիդնեյում
գրավել եմ 5-րդ տեղը: Իսկ պրոֆեսիոնալ ռինգում դարձել եմ Ավստրալիայի ու Օվկիանիայի
չեմպիոն, նվաճել եմ IBF-ի ու IBO-ի տիտղոսները: Անցկացրել եմ 24 մենամարտ եւ բոլորում
էլ հաղթել եմ, ընդորում՝ 19-ը նոկաուտով: – Ի՞նչ առիթով ես եկել Հայաստան:
– Վանաձորում մասնակցելու եմ իմ առաջին անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի
հիմնադրած բռնցքամարտի ակումբի պաշտոնական բացմանը: Այդ առիթով ակումբին բերել եմ
մարզաձեռնոցներ՝ ինչպես մարզիկների մարզվելու ու մրցումներում հանդես գալու, այնպես
էլ մարզիչների համար, այլ պարագաներ: – Հայաստանը կարոտո՞ւմ ես: –
Իհարկե: Ես հիմա էլ Հայաստանի քաղաքացի եմ: Դրա համար ել մինչեւ հիմա ռինգ եմ մտնում
Հայաստանի դրոշով, չնայած բազմաթիվ առաջարկներ եղել են ու կան: – Քո ակումբը
բացելու ցանկություն չունե՞ս: – Նախնական պայմանավորվածություն արդեն կա եկող
տարի Վանաձորում Վախթանգ Դարչինյանի ակումբ բացելու մասին: Քաղաքապետը խոստացել է
Վանաձորի կենտրոնում տարածք հատկացնել: – Իսկ քո անվամբ մրցաշար կազմակերպելու
մտադրություն չունե՞ս: – Եկող տարի դա էլ կլինի, եթե խանգարող հանգամանքներ
չլինեն: Ուզում եմ, որպեսզի սիրողականի հետ համատեղ կազմակերպվեն նաեւ պրոֆեսիոնալ
մենամարտեր: – Վերջին շրջանում Հայաստանում էլ մի տեսակ աշխուժացման միտում
է նկատվում կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Այդ մասին ի՞նչ կասես: – Եթե
շատ-շատ են սիրում ու ցանկանում, կարելի է օգնել, աջակցել: Բայց ես եթե աղջիկ ունենայի,
չէի թողնի: – Սիրողականից պրոֆեսիոնալի անցնելու լավագույն տարիքը ո՞րն է:
– Իմ կարծիքով՝ 23-24 տարեկանից հետո: Որպեսզի ավելի կազմակերպված լինես,
բավականաչափ մրցափորձ ունենաս: Ասածս վերաբերում է հատկապես ծանր քաշային կարգերում
հանդես եկողներին: Իմ կարծիքով մեր ծանր քաշային Բագրատ Օհանյանը շատ շուտ հրաժեշտ
տվեց սիրողական ռինգին: Նա կարող էր շատ առաջ գնալ: – Պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխված
հայաստանցի բռնցքամարտիկների հետ կապ ունե՞ս: – Այո: Շատերի հետ, պատահում
է, հանդիպում եմ մրցումների մեկնելու ժամանակ, ոմանց հետ էլ հեռախոսով եմ կապ պաշտպանում:
– Եթե Վազգեն Բադալյանի սանը չլինեիր, կդառնայի՞ր այն Վախթանգ Դարչինյանը,
ինչ հիմա ես: – Բռնցքամարտիկին անհրաժեշտ հիմքը՝ հարվածներ, տեխնիկա եւ այլն,
իմ մեջ դրել է Վազգեն Բադալյանը, եւ ես նրան շատ եմ պարտական: Բայց նաեւ մանկուց
եմ սիրել բռնցքամարտը, կռվելը, բայց՝ ոչ փողոցում: Կարծում եմ, դա էլ շատ կարեւոր
դեր կարող էր խաղալ: – Պատահե՞լ է, որ բռունցքներդ ռինգից դուրս գործի դնես:
– (Ծիծաղելով): Եթե անկեղծ պատասխանեմ՝ այո, թեեւ խիստ հազվադեպ: Դա եղել
է շատ տարիներ առաջ, հիմնականում՝ Ռուսաստանում, երբ հանդիպել եմ խմիչքից աքլորացած
ջահելների: – Բռնցքամարտիկն ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա: – Դրսում
պետք է լինի համեստ, իրեն հանգիստ պահի: Իսկ ռինգում պիտի 180 աստիճան փոխվի, կռիվ
տա: Ես ինձ այդպես եմ պահում: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել