Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆադեյ Սարգսյանը նույնիսկ արաբերեն կսովորի

Սեպտեմբեր 21,2005 00:00

Եթե միայն Շարժայի շեյխը համաձայնի համագործակցել իրենց հետ

Երեկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Կասիմիի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին ավելացավ եւս 2 պարգեւ: Առաջինը՝ Համալսարանի բարձրագույն պարգեւ՝ ոսկե մեդալը, նա ստացավ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանից, մյուսը՝ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանից՝ Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

Շեյխի հետ ակադեմիայում կազմակերպած հանդիպման ժամանակ գիտնականներն իրենց տարերքի մեջ էին, ունեին հստակ ակնկալիքներ եւ դրանք չթաքցրին: Ֆադեյ Սարգսյանը նույնիսկ խոստացավ սովորել արաբերեն, «եթե հետագայում համագործակցությունը զարգանա»: ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Ակնկալում ենք, որ դոկտորի կոչման շնորհումը խթան կհանդիսանա մեր հետագա հարաբերությունների համար: Ես նկատի ունեմ միջպետական, քաղաքական, տնտեսական հարաբերությունները, եւ հատկապես կցանկանայի ընդգծել գիտական հարաբերությունները, քանի որ Դուք, Ձերդ մեծություն, պատկանում եք այնպիսի պետական գործիչների շարքին, որոնց պետական գործունեությունը շատ ներդաշնակորեն համատեղվում է գիտական գործունեության հետ»: Ն. Հովհաննիսյանն իր ելույթում բավական երկար պատմեց Արաբական Էմիրությունների պատմության, հայ եւ արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, ցուցադրեց «Արաբական երկրների պատմություն» գրքի 2 հատորները, որ իրենք հրատարակել են, եւ նույնիսկ հայտարարեց, որ մենք՝ հայերս ավելի լավ գիտենք արաբներին, «մեր մոտեցումը տարբերվում է աշխարհի շատ ժողովուրդների մոտեցումից, երբ խոսքը վերաբերում է արաբական աշխարհին, մենք ավելի լավ գիտենք Ձեզ (թող ինձ ներվի ասել), քան եվրոպական երկրները: Ես չեմ ուզում թաքցնել իմ սպասելիքները՝ կցանկանայի, որ գիտական համագործակցություն հաստատվեր մեր եւ Ձեր որեւէ ինստիտուտի, համալսարանների միջեւ: Եթե Դուք համաձայն եք, մենք պատրաստ ենք, մանավանդ որ նման 10 պայմանագիր ունենք կնքված աշխարհի տարբեր երկրների հետ, այդ թվում եւ՝ Սիրիայի, Եգիպտոսի: Իսկ ինչո՞վ է նրանցից պակաս Արաբական էմիրությունները, մանավանդ որ նրա կազմում կա Շարժան, որի մեծարգո արքան հանդիսանում եք Դուք»:

Արքան էլ ոչ պակաս անկեղծ էր, եւ իր խոսքում նշեց, որ «Հայաստանի՝ այս երիտասարդ պետության» մասին ինքը լսել էր շատ քիչ, միայն լրատվամիջոցներից, մինչեւ որ վերջերս իրենց այցելեց ՀՀ նախագահը: «Երբ նախագահը այցելեց մեր երկիր, բացեց ոչ միայն մեր աչքերը, այլեւ մեր սիրտը, նա այս պետությունը դրեց մեր սրտի մեջ, եւ մեր սիրտը սկսեց բաբախել…»: Ի վերջո, շեյխը խոստացավ, որ մոտ ապագայում այս հանդիպումն իր պտուղները կտա, ու գիտության որեւէ բնագավառի հետ համագործակցություն, ըստ ամենայնի, կկայանա:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել