Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դատավորները գրպանով պատմուճան են ուզում

Սեպտեմբեր 21,2005 00:00

Իսկ սահմանադրական փոփոխություններին նրանք «այո» կասեն

Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի նիստերի վերանորոգված դահլիճում հրավիրվել էր հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նիստ՝ օրակարգում 10 հարց կար: Շատ ավելի աշխույժ ընթացավ ՀՀ դատավորի պատմուճանի ձեւի փոփոխման նպատակահարմարության հարցի քննարկումը, քան, օրինակ, սահմանադրական փոփոխությունների եւ դատավորի վարքագծի կանոնագրքի դրույթների պահպանման մասին հարցերը: Վայոց ձորի դատարանի նախագահ Լեւիկ Պողոսյանը նկատեց, որ պատմուճանը անհրաժեշտ է փոխել, քանի որ այն անհարմար է եւ գրպան էլ չունի: Քանաքեռ-Զեյթուն եւ Արաբկիր համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանի կարծիքով՝ պատմուճանը պետք է լինի «բորդո», կին դատավորի պատմուճանը պետք է տարբերվի տղամարդու պատմուճանից, իսկ եղածի համար նա նկատեց, որ «ամռանը խեղդոց» է, այնպիսին պետք է լինի, որ պլյուս 49 աստիճանի դեպքում էլ կարողանան հագնել: Դատավորներից մեկը առաջարկեց, որ այն կարվի արտասահմանում: Մի դատավոր էլ նկատեց, որ ձեռքը ուր տանում է՝ «սոտ ա տալիս»:

Հոկտեմբերի 1-ից նիստերը պետք է ձայնագրվեն, իսկ դատական արձանագրությունները պետք է մուտքագրվեն համակարգիչ: Դատարանների մի մասը պատրաստ չէ, քանի որ չեն պատկերացնում, թե ինչ է համակարգիչը: Մեկ այլ գլխացավանք էլ էր սպասվում դատավորներին՝ կնիքից օգտվելու հարցը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ անհրաժեշտ է կնքել բոլոր էջերը՝ զեղծարարությունը կանխելու համար: Դատավորի վարույթ ընդունված ցանկացած գործի էջ պետք է կնքվի եւ այստեղ խնդիր առաջացավ, թե ո՞վ պետք է կնքի. դատավո՞րը, նիստերի քարտուղա՞րը, թե՞ օգնականը: Հետաքրքիր էր նաեւ իմանալ, թե բնօրինակների հետ ինչպես պետք է վարվել, երբ այն, օրինակ, թողնվում է առանց քննության:

Սահմանադրական փոփոխություններին հավանություն տալու հարցի կապակցությամբ զեկուցողն էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, որը ընդամենը ներկայացրեց դատարանների նախագահների խորհրդի նիստի որոշումը, որով հավանություն տրվեց սահմանադրական փոփոխություններին: Նա «Առավոտին» մասնավորապես հայտնեց իր կարծիքը. «Այն, ինչ փոփոխվել է «դատական համակարգ» բաժնի հետ կապված, դրական եմ գնահատում, հատկապես կարեւորում եմ Արդարադատության խորհրդի կազմի եւ լիազորությունների փոփոխությունը, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի դերի սահմանումը՝ որպես ՀՀ բարձրագույն դատական ատյանի»: Նա տեղեկացրեց, որ ԱԽ-ն կազմավորվելու է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվող 9 անդամից եւ 4 իրավաբան-գիտնականներից, որից 2-ին կնշանակի ՀՀ նախագահը, 2-ին էլ՝ ԱԺ-ն: «Դատավորները ճնշող մեծամասնություն են կազմում, ինչ-որ տեղ էլ դրսի ձայնը կարող է արտահայտվել իրավաբան-գիտնականների կողմից»,- ասաց Հ. Մանուկյանը: Վճռաբեկ դատարանի նախագահը խիստ դրական քայլ էր համարել նաեւ դատախազներին առնչվող լիազորությունների «դուրս հանելը» ԱԽ լիազորությունների շրջանակից:

Հոկտեմբերի 10-ին քննության կդրվի դատավորի վարքագծի կանոնագիրքը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անդրադարձավ վերոնշյալ մտահոգիչ հարցին եւ նկատեց, որ հաճախ դատավորները պատշաճ չեն վերաբերվում իրենց բանավոր խոսքին: Նա սպառնաց, որ «կոշտ պահանջներ» է ներկայացնելու այն դատավորներին, որոնք գրական հայերենի փոխարեն կարող են խոսել քուչի հայերենով:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել