Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վտարելու են 17 ընտանիք

Սեպտեմբեր 21,2005 00:00

Փողոցում են հայտնվելու երկրաշարժից հետո «Էրեբունի» հյուրանոցում տեղակայված բնակիչները

Ինչպես հանրապետության այլ հյուրանոցներում ու հանգստյան տներում, այնպես էլ «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքում, 1988-ին կառավարության միջնորդությամբ տեղավորվեցին փախստականներ եւ երկրաշարժից տուժածներ՝ 200 ընտանիք: Ժամանակի ընթացքում մի մասը տարբեր ճանապարհներով լուծել է իր բնակարանային խնդիրները, եւ 2004-ին հյուրանոցում մնացել էր փախստականների՝ 18, գյումրեցիների՝ 17 ընտանիք: Անցյալ տարի ի հայտ է եկել հյուրանոցի շենքի գնորդ «Գինեքար» ՍՊԸ-ն, որի սեփականատերը, ըստ բնակիչների տեղեկությունների, մոսկվացի մեծահարուստ Մուրադ Սարգսյանի եղբայր Սամվել Սարգսյանն է: «Նա տնօրինությանը տվել է 200 հազար դոլար՝ մեր 35 ընտանիքներին փոխհատուցելու եւ տարածքն ազատելու համար: Բայց տնօրենը 150 հազարը բաժանեց փախստականներին, իսկ այս տարվա մարտից էլ սկսեց դատական գործընթաց՝ մեզ վտարելու համար»,- երեկ լրագրողներին ասացին գյումրեցի բնակիչները: Եթե տեղեկությունը ճիշտ է, ուրեմն հյուրանոցի այն ժամանակվա տնօրեն, իսկ այսօր՝ Տուրիզմի զարգացման հիմնադրամի նախագահ Ֆելիքս Սիմոնյանը, ի սկզբանե իր ընտրությամբ բաշխելով գումարը, ինչի իրավունքը չուներ, «արանքում» գրպանել է նաեւ 50 հազար դոլար: Մեկ այլ տարբերակով նա կարող էր նաեւ «համոզել» սեփականատիրոջը, որ գյումրեցիներին ժամանակն է հետ ուղարկել ծննդավայր, ոչ թե՝ զուր գումար ծախսել, իսկ «ծառայության» արդյունքում ակնկալել «խրախուսանք-պարգեւատրում»:

Հյուրանոցի տնօրենն այդ ժամանակ Ֆելիքս Սիմոնյանն էր, այժմ՝ նրա տղան՝ Կարեն Սիմոնյանը: «Առավոտի» հարցերին պատասխանելու համար թե՛ մեկին, թե՛ մյուսին տնօրենի քարտուղարուհին չգտավ, իսկ մեր տպավորությամբ՝ «չգտավ»՝ նրանց հետ խորհրդակցելուց հետո: Դատարան ներկայացրած հայցադիմումում Ֆ. Սիմոնյանը նշել է, թե Տուրիզմի զարգացման հիմնադրամին պատկանող հյուրանոցի շենքը նա ստիպված վաճառել է, որ փակի բյուջետային պարտքերը: Բայց երկրաշարժից տուժածները չեն կարող ըմբռնումով մոտենալ տնօրենի «նեղ» վիճակին, որովհետեւ բառացիորեն հայտնվում են փողոցում: «Ճիշտ է, մենք հաշվառված ենք բնակարանային հերթում, բայց՝ 29-րդ կամ վերջին խմբում ենք՝ «եւ այլնի» մեջ, իսկ 19-րդ խմբի տուժածները դեռ տուն չեն ստացել, մենք ո՞ւր պիտի գնանք, որտե՞ղ ապրենք մինչեւ մեր հերթը կգա»,- բողոքեցին բնակիչները: Այս հարցը չի հետաքրքրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ 1-ին ատյանի դատարանին, որտեղից բոլորն արդեն ստացել են վտարման վճիռներ: Իսկ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը եւ բողոքն ստացած այլք այս քաղաքացիներին ցույց են տվել Գյումրիի ճանապարհը:

Գյումրիի քաղաքապետն ու Շիրակի մարզպետն էլ պատասխանել են, թե՝ «ձեր կացարանի հարցը լուծել ի զորու չենք, Երեւանի պես տեղ եք ապրում, ապրեք, մինչեւ բնակարանի հերթը կհասնի»:

Այժմ 17 ընտանիքին էլ սենյակներն ազատելու ժամանակ է տրվել՝ մինչեւ նոյեմբերի 1-ը, իսկ նրանց մեջ անչափահաս երեխաներ կան ու հղի կին: «Մենք մի մեծ վրան ենք խփելու հրապարակում ու բոլորս տեղափոխվենք դրա տակ»,- խոստացան բնակիչները:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել