Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԹԱՂԱՊԵՏԻՆ

Սեպտեմբեր 21,2005 00:00

ԹԱՂԱՊԵՏԸ
ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԹԱՂԱՊԵՏԻՆ Էրեբունի համայնքի վերընտրված թաղապետ
Մհեր Սեդրակյանը երեկ «Առավոտին» ասաց, թե ամենեւին չի բարդույթավորվում այն հանգամանքից,
որ կիրակի օրը անցած ընտրություններում ինքը միակ թեկնածուն էր: «Դա իմ նախորդ տարիների
աշխատանքի արդյունքն է, որը մեր համայնքի բնակիչները տեսել եւ զգացել են»,- ասաց
նա՝ ավելացնելով, որ որեւէ լծակ չի ունեցել ազդելու թաղապետի պաշտոնի պոտենցիալ հավակնորդների
վրա եւ ստիպելու նրանց՝ չդնել թեկնածությունը: «Պարզապես այն մարդիկ, ում մտքում
նման բան կար, խելամտություն ցուցաբերեցին՝ հասկանալով, որ 50 կամ 100 ձայն են հավաքելու
եւ դրանով իզուր տեղը վարկաբերվելու են»: Պրն Սեդրակյանը հարկ համարեց անդրադառնալ
Կենտրոն համայնքում տեղի ունենալիք ընտրություններին: Նա վերհիշեց, որ թեկնածուներից
մեկը՝ Ռուզան Խաչատուրյանը, 2002 թվականին աշխատել է իր մոտ լրատվական բաժնում: «Ցավոք,
մեկ տարի աշխատելով, նա չկարողացավ կայացնել թաղապետարանի լրատվական բաժինը: Զարմանում
եմ, թե ինչպես է նա պատրաստվում ղեկավարել մի ամբողջ համայնք»,- իր տարակուսանքը
հայտնեց Էրեբունու թաղապետը: Մ. Սեդրակյանի կարծիքով, թաղապետի աշխատանքն ավելի բարդ
է, քան պատգամավորինը կամ նույնիսկ՝ նախարարինը, «որովհետեւ այստեղ ամեն օր, ամեն
րոպե գործ ունես բնակիչների, նրանց ցավուդարդի հետ: Դա մեծ հմտություններ պահանջող
ու շատ աշխատատար գործ է»: Ըստ պրն Սեդրակյանի, այդ գործը Կենտրոնում լավագույնս
կարող է անել գործող թաղապետ Գագիկ Բեգլարյանը: «Նա իրեն շատ լավ է դրսեւորել թե
որպես գործարար, թե այս երեք տարում՝ որպես թաղապետ, ընդունված է թե Կենտրոնի բնակիչների
եւ թե երկրի ղեկավարության կողմից: Վստահ եմ, որ նա վերընտրվելու է եւ շարունակելու
է իրականացնել իր ծրագրերը»,- ասաց Մհեր Սեդրակյանը: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել