Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ԱԶԱՏ, ՈՉ ԱՐԴԱՐ, ԲԱՅՑ՝ ԹԱՓԱՆՑԻԿ

Սեպտեմբեր 21,2005 00:00

Այսպիսին
են եղել ՏԻՄ ընտրությունները Քանաքեռ-Զեյթուն եւ Նուբարաշեն համայնքներում Անցած
կիրակի օրը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների
արդյունքները տեղամասերում ամփոփելուց հետո թաղապետի առաջադրված երկու թեկնածուները՝
Արայիկ Քոթանջյանն ու Վալերիկ Հարությունյանը, նաեւ առանձին ավագանիներ, թվով 30
դիմում-բողոք էին ներկայացրել թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով
բացել 14 տեղամասերի փաթեթները՝ վերահաշվարկ անելու համար: Երեկ թիվ 3 ԸԸՀ-ում թաղապետերի
թեկնածուներ Ռուբեն Սինոյանի եւ Արայիկ Քոթանջյանի ներկայացուցիչների ներկայությամբ
բացվել է վիճահարույց տեղամասերից մեկի՝ 3/2-ի փաթեթները: Հակառակ Ա. Քոթանջյանի
սպասումների, որն ակնկալում էր վերահաշվարկի ժամանակ անվավեր համարված կամ անճշտությունների
տակ անցած քվեների թիվը կավելանա հօգուտ իրեն, այս թեկնածուի ձայները 56-ով պակասեցին:
Թիվ 3/2 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պնդել է, թե նման բան
լինել չէր կարող, իսկ հանձնաժողովում ՄԱԿ-ի ներկայացուցիչն արձանագրություն է կազմել,
ըստ որի՝ Ա. Քոթանջյանի քվեաթերթիկների կապոցը կնքված չի եղել: Թիվ 3 ԸԸՀ-ն որոշում
է ընդունել գործն ուղարկել դատախազություն: Իհարկե, սա չի նշանակում, որ ընտրատարածքային
հանձնաժողովում աշխատանքներն ավարտված են. առաջիկա օրերին կբացվեն մյուս տեղամասերի
քվեարկության փաթեթները: Իսկ մինչ թիվ 3 ԸԸՀ-ում ընտրությունների արդյունքների
վերահաշվարկ են անում, ընտրությունների ընթացքում տեղ գտած աղաղակող թերությունների
եւ ընտրակեղծիքների մասին ահազանգում է «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպությունը,
որը սեպտեմբերի 18-ին դիտորդական առաքելություն էր իրականացրել Քանաքեռ-Զեյթունի,
նաեւ Նուբարաշենի բոլոր ընտրատեղամասերում: Հ/կ-ի կազմած 11 էջանոց զեկույցը՝ հիշյալ
համայնքներում տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, մեղմ ասած, մխիթարական չէ:
Հ/կ-ի դիտարկումներով, հիշյալ համայնքներում «ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ
անցկացնելու, քաղաքացիների ընտրելու իրավունքն ապահովելու գործում առաջընթաց չգրանցվեց»:
Կազմակերպությունն իր զեկույցում մտահոգություն է հայտնել ընտրացուցակներում
տեղ գտած զանգվածային անճշտությունների, ընտրակարգի կոպիտ խախտումների, անօրինական
քվեարկության դեպքերի, ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ օրենքով չսահմանված գործողությունների,
դիտորդների եւ վստահված անձանց իրավունքների ոտնահարման, անօրինական քարոզչության
դեպքերի, ընտրական հանձնաժողովների՝ օրենքին հակասող գործողությունների եւ այլնի
կապակցությամբ: Զեկույցում այս դիտարկումները կոնկրետ դեպքերով եւ փաստերով ամրագրված
են: Մեջբերենք զեկույցում տեղ գտած մի քանի՝ օրենքի եւ ընտրակարգի խախտման դեպքեր:
«Քանաքեռ-Զեյթունի գրեթե բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներն
իրենց պարտականություններն իրականացնում էին հանձնաժողովների նախագահների հրահանգավորմամբ՝
չպահպանելով նախապես վիճակահանությամբ բաշխված պարտականությունների իրականացման կարգը:
Բաց քվեարկության բազում դեպքեր են արձանագրվել թիվ 3/25, 3/7 տեղամասերում:
Թիվ 3/7, 3/11, 3/13, 3/23 տեղամասերում քվեաթերթիկները կնքող ՏԸՀ անդամներն ընդհանրապես
չեն ստուգել քվեարկողների անձը հաստատող փաստաթղթերը՝ ընտրողների իսկությունը ճշտելու
համար: Արձանագրվել են անձը հաստատող փաստաթղթերի պատճեններով քվեարկության փորձեր:
Թիվ 3/5 տեղամասում դիտորդն արձանագրել է երկու դեպք, երբ ընտրողը, ընտրացուցակում
չստորագրելով, քվեաթերթիկ է ստացել եւ փորձել է ապօրինաբար քվեարկել: Թիվ 3/16 տեղամասում
ՏԸՀ-ն բազմիցս՝ իր ընտրելու իրավունքը վերականգնելու նպատակով դատարան էր ուղարկում
անձանց, որոնց անունն իրականում կար ընտրացուցակում: Թիվ 3/18 տեղամասում ձայների
հաշվարկի ժամանակ ինը անվավեր քվեաթերթիկ, որպես վավեր, գրանցվել է թաղապետի թեկնածու
Վ. Հարությունյանի օգտին»,- նշված է զեկույցում: Զեկույցում արձանագրված է
նաեւ, որ Քանաքեռ-Զեյթունի բոլոր տեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիության
սկզբունքը, շատ դեպքերում հանձնաժողովների անդամներն իրենք են ընտրողներին, իբր,
օգնելու համար ուղեկցել քվեախցիկների մոտ եւ ցուցում տվել՝ ինչպես քվեարկել: Մասնավորապես
թիվ 3/13 տեղամասում ՏԸՀ նախագահն է Մայիս Հակոբյանի փոխարեն քվեարկել, ինչի վերաբերյալ
ընտրողն իր դժգոհությունն է հայտնել: Արձանագրենք հ/կ-ի կողմից գրանցված եւս
մի դեպք, այս անգամ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունների վերաբերյալ.
«Քանաքեռ-Զեյթունի տեղամասային կենտրոններում համատարած կերպով քվեարկության ողջ
ընթացքում ոստիկանները ելումուտ էին անում՝ առանց լուրջ պատճառաբանության ներկա գտնվելով
տեղամասային կենտրոններում, օրինակ՝ թիվ 3/6-ում, թիվ 3/23-ում: Նրանք անհարկի միջամտում
էին հանձնաժողովների աշխատանքներին, պարբերաբար տեղեկություններ էին պահանջում քվեարկողների
թվի վերաբերյալ, քարոզչություն իրականացնելով՝ ուղղորդում էին ընտրողներին, օրինակ՝
թիվ 3/13-ում: Իսկ թիվ 3/23 տեղամասում իր իրավունքների գերազանցումով հատկապես ակտիվ
գործունեություն էր ծավալել ՀՀ ոստիկանության մի մայոր»: Կազմակերպության
դիտորդները նկատել են նաեւ, որ նոր տիպի քվեախցիկները պարարտ հող են ստեղծել քվեարկության
գաղտնիությունը չեզոքացնելու իմաստով: Հիշեցնենք, որ այդ քվեախցիկները վարագուրված
չեն, եւ ընտրողի որեւէ նշում շատ տեղամասերում տեսանելի է եղել ոչ միայն վստահված
անձանց եւ հանձնաժողովների անդամների համար: Շատ դեպքերում արդեն քվեարկված քվեաթերթիկը,
հակառակ սահմանված կարգի, հանձնաժողովի անդամները կնքել են ոչ թե քվեաթերթիկը 4 անգամ
ծալած, այլ՝ բաց վիճակում: Եթե այսպիսի քվեարկություն լինի նաեւ առաջիկայում սպասվող
ՏԻՄ մյուս ընտրություններում եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ՝
դրանք դժվար կլինի արդար ու ազատ որակելը, իսկ քվեարկության թափանցիկությունը, բառի
բուն իմաստով, ապահովված կլինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել